ԴՈԿՏ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. ՌԱԿ-ի բրիտանական մասնաճյուղի կազմակերպմամբ Անգլիայում գտնվողՙ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, մայիսի 9-ին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովային հեղինակավոր սրահներից մեկում, խոսել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների առաջ հառնած ռազմավարական եւ անվտանգության հարցերի շուրջ։ ԵԱՀԽ-ում (այժմՙ ԵԱՀԿ) ՀՀ պատվիրակության 1993-94 թթ. գործող ղեկավարն ու Մինսկի խմբի բանակցությունների մասնակիցը նշել է, որ Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամերը, ինչպես նաեւ Ռուսաստանի անկայուն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ խոչընդոտում են Հայաստանինՙ ձերբազատվելու Ադրբեջանի սանձազերծած «աստիճանական քայքայման» հարատեւ պատերազմից։ «Ադրբեջանի բլից-կրիգն ամբողջական ձախողանք էր։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը, փոխելով իր մարտավարությունը, սկսել է կիրառել այս նոր, հարատեւ լարվածության պատերազմը։ Առայժմ անորոշ է, թե հակամարտությունը կվերածվի՞ լիամասշտաբ պատերազմի, թե՞ կմնա այս նույն, համեմատաբար թույլ լարվածության մակարդակի։ Հարցին ռազմական լուծում տալու Բաքվի ընտրությունը կարող է պայթեցնել ամբողջ տարածաշրջանըՙ անմիջական դերակատարություն պարտադրելով Ռուսաստանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին եւ Իրանին», ասել է դոկտ. Այվազյանը։ «Քառօրյա պատերազմը ցույց տվեց ԵԱՀԿ-ի անկարողությունը բանակցությունների միջոցով լուծում գտնելու գործում։ Հակամարտությունը միայն Ղարաբաղի ինքնիշխանության իրավունքի ձեռք բերմանը չի վերաբերում, այլ մեր ժամանակների Հայաստանի (Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների) երկարաժամկետ անվտանգությանն ու ընդհանրապես գոյատեւմանըՙ 42 հազար քառ. կմ տարածքի վրա։ Դա նվազագույն տարածքն է, որը կարող է ապահովել դաշնակից թշնամիներով (Թուրքիա եւ Ադրբեջան) շրջապատված մեր երկրի անվտանգությունը», ավելացրել է նա։ Դոկտ. Այվազյանը նաեւ հանդես է եկել դասախոսություններով Լոնդոնի համալսարանում եւ Քենսինգտոն թաղամասում գտնվող «Հայ տան» դահլիճում։ |