ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԺՊԻՏԸ Ընտրական նոր օրենսգրքի համար կարեւոր պայման կար հատկապես միջազգային շրջանակներից` այն լայն կոնսենսուսով ընդունելու:Սակայն խորհրդարանական ընդդիմության գոնե երկու միավոր պնդում էին, որ իրենց կարեւոր առաջարկները չեն ներառվել դրանում, ինչի առթիվ նրանց խոստացվեց դեռ մի արտահերթ նիստ` մնացած խնդիրները քննարկելու: Արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին: Այսպես, թե այնպես` նոր Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի այս քառօրյայում ընդունվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ, շնորհավորում ենք իշխող կուսակցությանը, որ համամասնական անվան տակ լավ էլ մեծամասնական ընտրակարգ անցկացրեց, ամրագրելով վարկանիշային քվեարկություն կոչվածը, որի համարժեքությունը միայն փողի ու լծակների տիրապետողների հաղթանակ է նշանակելու: Համենայնդեպս` ընդդիմադիրները պնդում են, որ խեղաթյուրվել է համամասնական կարգի գաղափարը: Մի քանի կարեւոր դրույթ հիշեցնենք. ըստ նոր ԸՕ-ի` ընտրությունները կուսակցական ցուցակներով են լինելու, 100 տոկոս համամասնական ընտրական կարգով: Որեւէ կուսակցության` բացարձակ մեծամասնություն չստանալու դեպքում, եթե ամենաշատ ձայները հավաքած կուսակցությունը երեք օրվա ընթացքում չկարողանա կոալիցիա կազմել ձայների քվեով երկրորդ տեղը գրաված կուսակցության հետ, ապա տեղի կունենա երկրորդ փուլ` ամենաշատ ձայները հավաքած երկու կուսակցության մասնակցությամբ: Առաջին եւ երկրորդ փուլերում հաղթող ուժը 2/3-ից ավելի քվե չի կարող ունենալ, մյուս մանդատները բաշխվելու են մյուս ուժերի միջեւ: Վերադառնալով վարկանիշային քվեարկություն հասկացությանը, որ ներմուծված է նոր Ընտրական օրենսգրքում եւ ըստ որի պետք է ձեւավորվեն նաեւ տարածքային ցուցակներ, ամրագրվում է, որ տեղական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տրված քվեն նաեւ կուսակցությանը տված քվե է համարվելու: Սա կբերի նրան, որ այդ ցուցակները գլխավորեն տեղական կամ հանրապետական նշանակության փողատերերը, տարբեր տրամաչափի պաշտոնյաները, թաղային «հեղինակությունները», որոնք էլ տարբեր լծակներ եւ նյութական շահագրգռություններ գործածելով` ձայն կստանան, սա էլ համամասնական կարգը կվերածի թաքնված մեծամասնականի. 13 ընտրատարածքում 13 օլիգարխ կգլխավորեն ցուցակը, իրենցից հետո թողնելով եւս մի երեք- չորս «հեղինակավորի», ու նվազագույնը հիսուն հոգի վարկանիշային քվեարկությամբ կանցնի խորհրդարան: Նրանք, բնականաբար, կներկայացնեն ներկայիս իշխող կուսակցությունը կամ նրանց մերձ շրջանակները: Այդպիսով` հենց միայն Ընտրական օրենսգրքում վարկանիշային քվեարկության առկայությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ ոք լրջորեն չի պայքարելու մենաշնորհի ու կոռուպցիայի դեմ, այլապես որտեղից կգոյանան վարկանիշ ապահովելու ահռելի միջոցները: |