ՀԱՄԵՑԵ՛Ք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Թանգարանները հասարակության շրջանում հետաքրքրական ու գրավիչ դարձնելը մեզ համար միշտ էլ խնդիր է եղել: Ում կենսագրությունը սովետական մասնաբաժին ունի, լավ կհիշի, թե ինչպես էին աշակերտներին պարտադրաբար տանում թանգարաններ ու սիմֆոնիկ համերգների: Իհարկե, յուրաքանչյուր պարտադրանք տհաճ է ու քննադատության ենթակա, բայց որ մշակույթի հետ թեկուզ պարտադրանքով հաղորդակցվելը դրական արդյունք էր տալիս, անհերքելի է: Այդպես է. մեկ- երկու անգամՙ պարտադրաբար, հետո սկսում է դուր գալ, շատ չանցածՙ անգամ անհարժեշտություն ու պահանջ դառնալ: Այդպես սովետական հասարակությունը յոթանասուն տարիների ընթացքում սովորեց, որ դասական համերգներին դադարների ժամանակ չի կարելի ծափ տալ, դա ամոթ է ու անքողարկելի անգրագիտություն: Աբոնեմենտային ծրագրով աշակերտներին դպրոցից ուղիղ ավտոբուս էին մտցնում, որ նրանք հանկարծ ճանապարհին չփախչեն: Կինո, թատրոն, թանգարան, համերգ էին տանում: Մարդ արարածին դեռ փոքր տարիքում կրթելու, դաստիարակելու, մշակութային արժեքներ սերմանելու արդյունք էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը: Այդպես բռնի ուժով ձեւավորվեց հասարակության միջին խավՙ միջինացված գիտելիքներով, գիտակցական մակարդակով ու արժեհամակարգով: Անկախության շրջանում երեխաներին թանգարան ու համերգներ տանելու պարտադրանքը բացառվեց: Կոմիտասը փողոց է, Մոցարտըՙ շոկոլադ, Թումանյանըՙ 5000 դրամանոց կամ շաուրմայանոց: Ժամանակի ընթացքում, սակայն, մեր երկիրը եւս ներգրավվեց միջազգային որոշ նախագծերում, հետեւեց Եվրոպայում մեծ հնչեղություն ստացած ծրագրերին ու մշակեց դրանց ինտեգրվելու մեթոդներ ու մոտեցումներ: 2005 թվականից Հայաստանում անց է կացվում «Թանգարանների գիշեր» ակցիան, որի նախապատրաստական աշխատանքներն սկսվում են մայիսի 18-ինՙ թանգարանների միջազգային օրը: Առաջին տարիներին մեր հասարակությունը մի փոքր տարակուսած ընդունեց ուշ երեկոյան թանգարաններ այցելելու այն էլ անվճար առաջարկը: Բայց տարեցտարի վարժվեց, սովորեց ու անգամ սկսեց սիրել «Թանգարանների գիշերն» ու ամեն տարի սպասել մայիսի 18-ին հաջորդող առաջին շաբաթ օրվան: Թանգարաններն էլ սկսեցին ավելի լրջորեն պատրաստվել ակցիայինՙ հատուկ ցուցադրություններ, գրական-երաժշտական երեկոներ, հյուրասիրություն, թատերական ներկայացումներ, ինտերակտիվ խաղեր եւ այլն: Այսկերպ թանգարաններն սկսեցին կամաց-կամաց մոտենալ հասարակությանըՙ խոստանալով հետաքրքրական ու տպավորիչ ժամանց: Մշակույթի նախարարությունը վիճակագրական տվյալներ է ներկայացնում. 2010 թվականին «Թանգարանների գիշերվա» շրջանակում թանգարաններն ունեցել են 20 հազար այցելու, իսկ 2015 թվականինՙ 212 հազար: Մայիսի 21-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» ակցիան, որին մասնակցելու է Հայաստանի եւ Արցախի 112 թանգարան: Նախաձեռնությունը նաեւ մրցակցություն է առաջացրել հենց թանգարանների միջեւ. ո՞ր հաստատությունն ավելի յուրօրինակ կերպով կներկայանա այցելուներին: Նկատելի առաջընթաց կա. երեկոյի ընթացքում թանգարաններ են այցելում ընտանիքներով: Սա արդեն բոլորովին այլ մշակույթ է, որը սոցիալական, հոգեբանական ուսումնասիրության նոր տիրույթներ է բաց անում: Արվեստի օջախ այցելելը, հետո տպավորությունները տանը քննարկելը, ի մի բերելը ընտանեկան համախմբվածության ու մշակութային դրսեւորման անսովոր երեւույթ է: Ի վերջո, թանգարանային նույն նմուշը «հայր, մայր, զավակներ- ընտանիք» ձեւաչափով դիտելն ու ընկալելը փոխհարաբերությունների նոր եզրեր է ստեղծում: Այս ամենին ավելացնենք այցելությունները դասարաններով ու այլ կոլեկտիվներով, բայց ամենակարեւորն, այնուամենայնիվ, ընտանեկան ձեւաչափն է: «Թանգարանային գիշերվան» մասնակցելու մյուս սկզբունքը հնարավորինս շատ թվով թանգարաններ այցելելն ու ամենահետաքրքրական նախագծերը բաց չթողնելն է: Այն աշխուժությունն ու երթեւեկը, որ տիրում է թանգարաններում ու դրանց շրջակայքում, ուղղակի մարդու նախանձ է շարժում: Բոլորը շտապում են, ուզում են արդյունավետ օգտագործել ժամանակը. նախապես ձեռք բերած տեղեկատվական գրքույկների օգնությամբ մի թանգարանից մյուսն են շտապում: Հասարակության ակտիվության մյուս պատճառն այն է, որ թանգարանների մուտքն անվճար է: Բազմաթիվ հանգամանքներով պայմանավորվածՙ մեզանում դեռ չի ձեւավորվել հոգեւոր սննդին գումար հատկացնելու հոգեբանությունն ու պատրաստակամությունը: 800-1000 դրամ տալ եւ թանգարանի տոմս առնել քչերն են պատրաստ: Հաստատ սովորական սրճարանում դրա տասնապատիկն են ծախսում, սակայն շատերի համար էլ այդ 800-1000-ը լուրջ գումար է: Ընտանիքով թանգարան այցելելու դեպքում այն ավելի լուրջ է դառնում: Հետեւաբար, «Թանգարանների գիշերվան» ակտիվ արձագանքելու պատճառներից մեկն էլ սոցիալականն է: Այս տարի ակցիան կրում է «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները» խորագիրը: Մայիսի 21-ին Հայաստանի եւ Արցախի թանգարանները ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր սպասում են մեծաթիվ այցելուների: Համեցե՛ք: |