RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3075, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԼԱՎԱՇՆ ՈՒ ՄԱՐԿԵՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անգլիական «Վուլվերհեմփթոն» ֆուտբոլային ակումբը Հայաստանում երկրպագուներ չունի։ Որպեսզի «Վուլվերհեմփթոնը» Հայաստանում երկրպագուներ ունենա, պետք է ոչ միայն ցուցադրել Անգլիայի Առաջին լիգայի վուլվերհեմփթոնյան խաղերը, այլեւ այդ թիմը պետք է հաղթի, ցանկալի էՙ ավելի շատ հաղթի, քան պարտվի։ Բայց հաղթելը միակ միջոցը չէ երկրպագու վաստակելու, օրինակՙ Իվետա Մուկուչյանը Եվրոտեսիլում չհաղթեց (7-րդ տեղ), բայց երկրպագուներ վաստակեց, ընդ որում նա նույնքան թվով օտարերկրացի երկրպագու վաստակեց, որքան Հայաստանում քննադատող։ Թե ինչի՞ արդյունքում Իվետան ձեռք բերեց մեծ թվով երկրպագուներ, թող Եվրոպական հեռարձակողների միությունը պարզիՙ ձեռքի հետ էլ բրիտանացի գիտնականներին նոր գործ տա։ Բայց մենք ֆիքսենքՙ որպեսզի ձեռք բերես երկրպագու, պարտադիր չէՙ հաղթես։ Հաղթելը ուրիշ բանի համար է պարտադիր, ինչի՞, դեռ կխոսենք։

Իսկ երկրպագու ունենալը պարտադի՞ր է։ Օրինակ նույն Եվրոտեսիլի մասով Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը իրենց ֆորումներից մեկում գրել էր իր կարծիքը, թե ինչու այս տարի Հայաստանն ավելի բարձր տեղ գրավեց, քան իրենց երկիրը (Ադրբեջանըՙ 17-րդն էր, 26 մասնակիցների մեջ)։ Ըստ ադրբեջանցու, դա տեղի ունեցավ, քանի որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, աշխարհում շատ ճանաչված է եւ մեծ թվով երկրպագուներ ունի։ Այս տրամաբանությամբ, կապ չունի, թե մենք ում կուղարկենք Եվրոտեսիլ, ասենքՙ Իվետան էլ մեծ թվով ձայներ կստանա, Թաթուլն էլ։ Բայց, ուրեմն ստացվում է, որ, եթե Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի մեկ անգամ հաղթել է Եվրոտեսիլում, ինչը, փաստորեն, այն բանի հաշվին չէ, որ աշխարհում ճանաչված է մեզնից առավել եւ մեզնից շատ երկրպագուներ ունի, կնշանակի, հաղթել է, որովհետեւ մեզնից շատ փող ունի։ Փողն արդեն լուրջ բան է։ Ասենք, եթե մեկը փող ունի, հաստատ երկրպագուներ էլ կունենա։ Ճիշտ է, նրանք հաջորդ օրը կմոռանան, թե ում անունն էին վանկարկում, բայց դա կարեւոր չէ։ Կարեւորը երկրպագու ստանալու ճանապարհներն են, որոնց տեղը մենք չգիտենք։ Չզարմանաք, մենք երկրպագու ունենք, բայց չգիտենք երկրպագու ձեռք բերելու ճանապարհների տեղը։ Բանն այն է, որ մեր երկրպագուները ի ծնե են, այսինքն, ինչպես Քուվեյթում ծնված ամեն երեխա գրեթե միլիոնատեր է (բանկում պետությունը հաշիվ է բացում), այնպես էլ ամեն հայասերի ընտանիքում ծնված երեխա առնվազն գիտի, թե որն է Հայաստանի մայրաքաղաքը եւ ինչ է 1915 թիվը։ Թե որքանով է Հայաստանն իմանալը նրանց համար շահեկան, այլ հարց է, բայց կարեւոր հարց է։ Քանի որ մեր երկպագուների թիվը մեծացնելու համար մենք պետք է մեզ երկրպագելը շահեկան դարձնենք։ Ինչպե՞սՙ հաղթելո՛վ։

Այսինքն հաղթելը, կրկնում եմ, ոչ թե երկրպագու ունենալու համար է պարտադիր, այլ երկրպագելը շահեկան դարձնելու։ Բայց որտե՞ղ հաղթելը։ Տափօղակով հոկեյ տարբերակը չառաջարկել, քանի որ տափօղակով հոկեյ հայերը չեն խաղացել անգամ Տիգրան Մեծի ժամանակ, երբ ամենահզորն էինք։ Պատերազմո՞ւմ։ Նախՙ արդեն հաղթել ենք, երկրորդըՙ պատերազմում հաղթելը, եթե երկրպագուների թիվ է ավելացնում, դարձնելով քեզ երկրպագելը շահեկան, ապա ոչ թե դրսում, այլ երկրի ներսում։ Սա եւս կարեւոր է, բայց այլ խոսակցություն է։ Եվրոտեսիլո՞ւմ։ Տարբերակ է, բայց փաստ չէ, որ այդ մրցույթում հաղթելը քեզ երկրպագելը շահեկան է դարձնում։ Եթե այդպես լիներ, ապա այսօր մենք բոլորս Ուկրաինայի երկրպագուներն ենք, ինչն, իհարկե, այդպես չէ։ Ուրեմն ինչպե՞ս։ Նախՙ ուսումնասիրելով, թե ի՞նչ են ուզում շատ կոնկրետ ժողովուրդները, բացի ռուսներից, քանի որ մենք ոչ միայն գիտենք, թե ինչ են նրանք ուզում, այլեւ տվել ենք։ Ընդ որում, որքան քիչ կարեւոր է տվյալ ժողովրդի երկիրը, այնքան կարեւոր է այդ ժողովրդից երկրպագված լինելը։ Բանն այն է, որ աշխարհի բնակչության մեծ մասն ապրում է աշխարհաքաղաքական առումով քիչ կարեւոր երկրներում եւ աղքատ։

Հիմա, ենթադրենք, որ օրինակ Շոտլանդիայում (ես գիտեմ, որ սա երկիր չէ, բայց դուք գնացեք Շոտլանդիա եւ շոտլանդացիներին ասեք, որ իրենց երկիրը երկիր չէ), մարդիկ ուզում են Լեռնային երկրների լիգա ստեղծել։ Ի՞նչ վատ ցանկություն է, պատկերացրեք կազմըՙ նրանք, մենք, Շվեյցարիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Ավստրիան, Լիխտեյնշտեյնը, Ինչո՞ւ են ուզում, որպեսզի միջազգային որեւէ կազմակերպություն ողջունի իրենց անկախության պայքարը, ինչը, կարծես թե, նոր թափ է ստանում։ Բա չարժի՞, լավ, ենթադրենք, այս ցանկությունը շոտլանդացիները չունեն, բայց կողջունեն, եթե իմանան, որ մենք ունենք, չարժի՞ Ի դեպ, Ղարաբաղն ի՞նչ Հանրապետություն է, Լեռնայի՞ն։

Կամ, ենթադրենք, Իռլանդիայում ցանկանում են մի այնպիսի հաց, որը նախ երկար է դիմանում, հետո թեթեւ ու դյուրամարս է, ապա եւ յուրօրինակ է։ Բա լավաշ չտանե՞նք, մանավանդ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրա պատրաստումն արդեն իսկ ամրագրված է որպես հայկական։ Պատկերացնո՞ւմ եք, լավաշ ուտելուց հետո քանի իռլանդացի Սուրբ Պատրիկի օրը գոհունակություն կհայտնի հայերին

Ես հասկանում եմ, որ օրինակ Իռլանդիա լավաշ տանելը հեշտ չէ, մանավանդ, երբ երկիրդ ոչ թե ԵՄ-ի, այլ ԵՏՄ-ի կազմում է, հասկանում եմ նաեւ, որ Լեռնային պետությունների լիգայի ստեղծումը նման է նրան, որ, ենթադրենք, «Վուլվերհեմթոնը» դառնա Անգլիայի չեմպիոն, բայց այս թիմից ոչնչով չտարբերվող «Լեյսթերը» չէ՞, որ հենց այս տարի դարձավ Անգլիայի չեմպիոն

Մեծ քաղաքականության մեջ պետք է մտնել, իսկ մեծ քաղաքականությունն այն չէ, որ մեծ տերության ԱԳ նախարարը կողքիդ նստում է եւ միասին ժպտում եք, այլ Եվրոտեսիլին մասնակցելն է, Չեմպիոնների լիգայում եւ առնվազն Եվրոպայի առաջնություններում խաղալն է, աշխարհով մեկ ազգայինՙ չինականի հետ մրցող ռեստորաններ բացելն է (չինացիները շա՞տ են, ուրեմնՙ մեքսիկականին), էժան ավիատոմսերն են, ոչ թե Երեւանից, այլՙ դեպի Երեւան, դեպի Ստեփանակերտ (որտեղ կարծես շահագործման պատրաստ օդանավակայան կա), աշխարհին հայկական ռազմավարություն ցույց տալն է, հայկական, ոչ թե առանձինՙ հայերի, բայց, ասենքՙ ֆրանսիական։ Մեծ քաղաքականությունը ցուցադրվելն է, իսկ դա ամոթ չէ, ամոթն այն չէ, որ Մարկեսին բոլորը գիտեն, ամոթն այն կլիներ, եթե Մարկեսն իր գրածները ոչ մեկին ցույց չտար եւ իր հորինած Մակոնդոյումՙ «Վերեւն Աստված կա» ցուցանակի դիմաց նստած ներքուստ հրճվեր, որ ինքը հանճար է։

Հաղթանակն այն չէ, երբ դու չեմպիոն ես դառնում, հաղթանակն այն է, երբ դու պահպանում ես չեմպիոնությունդ, ինչպե՞սՙ դափնիների վրա չննջելով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ