ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ Մ.Խ. Ադրբեջանի բանկային եւ ֆինանսական համակարգի վերաբերյալ հետաքրքրական փաստեր է հրապարակել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը , խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին: Ադրբեջանում վերջին զարգացումները, գումարած Արցախի սահմաններին սանձազերծած պատերազմում հայկական կողմից ստացած դասը բավական լուրջ հարված են հասցրել Ադրբեջանի բանկային համակարգին եւ տնտեսությյանը: Տեղի է ունեցել կտրուկ արժեզրկում, Ադրբեջանի բյուջեն ըստ այդմ մի քանի անգամ նվազել է: Ընդ որում` անգամ Ալիեւի եւ Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներն իրար հետ չեն համընկնում: Նրանց բոլոր բանկերը ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած, ամենամեծ բանկի ղեկավարը, որ իշխանական շրջանակների հետ էր կապված, ձերբակալվել է, այդ պատմությանն է առնչվում նաեւ Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարի եւ մի քանի գեներալների ձերբակալությունը : Ադրբեջանի բանկային համակարգը հայտնվել է բավականին ծանր վիճակում, լուրջ սահմանափակումներ կան ֆինանսական բոլոր տեսակի գործառնություններում: Երկրում արգելվել է արտարժույթի օգտագործումը, կարելի է միայն մանաթով գործարք իրականացնել, կրեդիտ քարտ նույնպես հնարավոր չէ երկրում օգտագործել, եթե երկրից դուրս արտարժույթով փոխանցումներ են կատարվում, ապա դրանք հարկվում են նոր եւ ծանր հարկերով: Սահմանափակումներ կան նաեւ ավանդներ ստանալու հետ կապված, ընդ որում դրանք եւս պետք է ստանալ միայն մանաթով: Ա. Ջավադյանը, համեմատություն անցկացնելով Հայաստանի բանկային համակարգի հետ, նշում է մեզ մոտ առկա կայունությունը` այս պահին Հայաստանում խնդրահարույց բանկ չկա: Ցուցիչ է նաեւ այն, որ մեր եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա էլ որեւէ կերպ չի անդրադարձել ապրիլյան լարումը, անգամ այս առումով վիճակը շտկվել է, ինչը չի կարելի ասել ադրբեջանական եվրոպարտատոմսերի մասին: |