RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 6224, Տպվել է` 617, Ուղարկվել է էլ.փոստով` 607

«ԳԱՌՆԵՐԸ` ՈՂՋ, ԳԱՅԼԸ ԿՈՒՇՏ», ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՊԵՏՔ Է ԾԵԾՎԱԾ ԳԱՅԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեծ հույսեր կապել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցած վերջին քննարկման հետ, իհարկե, իրատեսական չէ, առաջին հերթին մեր արկածախնդիր հարեւան-հակառակորդի պատճառոով: Սակայն Ռուսաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով քարտուղարի բարձր ներկայացուցչական ներկայությունն այդ հանդիպմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից , խոսում է այն մասին, որ ինչ-որ լուրջ մտադրություն, այնուամենայնիվ, հանդիպման նախաձեռնողներն ունեն: Որպես Վիեննական հանդիպման եզրափակում` ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից համատեղ հայտարարության մեջ 1994-95-ի զինադադարն անշեղ իրագործման անհրաժեշտության մատնանշմանն էլ անմիջապես հետեւեց Ադրբեջանի հրահրած սահմանային նոր միջադեպը` հայկական կողմից զոհով, սա էլ ցույց է տալիս, որ հազիվ թե ամեն ինչ այնպես լինի, ինչպես Վիեննական հանդիպման նախաձեռնողներն են ծրագրում: Համաձայնությունը մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, իսկապես, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում, կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սկսելու համար, սակայն նա էլ, հայ հանրությունն էլ գիտեն, թե Ադրբեջանը ինչպես է հազար այդպիսի պայմանավորվածություն խախտել, եւ ոչ մի երաշխիք, որ Բաքուն «չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», մանավանդ երբ Վիեննայի հանդիպման արդեն հաջորդ օրն Ադրբեջանում հայտարարություններ հնչեցին, որ հետաքննությունների մեխանիզմների ներդրումը ոչ թե Ադրբեջանի, այլ համանախագահների կարծիքն է, եւ միայն:

Անկախ այդ բոլորից, անկախ այն բանից, որ ապրիլյան պատերազմում հայ զինվորի արյամբ տրված կռվաններով հայկական կողմն առավել բարենպաստ կարգավիճակով էր Վիեննայում, անգամ միգուցե այդ հանդիպումը մեր զինվորի սխրանքի պարտադրանքի արդյունք էր, այնուհանդերձ` մենք պետք է իմանանք այն գինը, որ պահանջվում է հայերից բանակցությունների վերսկսման պարագայում:

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շթայնմայերն անգամ վիեննական հանդիպումից հետո իր հայտարարության մեջ ֆիքսել է , որ շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, չնայած հունիսին բանակցությունների նոր փուլ սկսելու պատրաստակամություն են հայտնել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նախագահները: Չգիտենք` ինչ «կրկնակի ու մշտական ջանքեր» պետք է գործադրեն համանախագահները, որ մինչեւ հիմա չգիտես ինչու չեն գործադել փակուղուց դուրս գալու համար եւ թույլ են տվել, որ Ադրբեջանը հարձակվի ու փորձի ռազմական ճանապարհով խախտել ստատուս-քվոն:

Թե փուլ առ փուլ եւ հավանաբար փոխզիջմամբ (՞) ի՞նչ լուծում են որոնում ռուսները, եւ մինչեւ հունիսի վերջ էլ ի՞նչ կարող է կատարվել, միայն կիմանան նրանք, ովքեր եղել են Վիեննայի հանդիպմանը, իսկ այդ հանդիպմանն Արցախից ոչ ոք չի եղել, նրա կարծիքը չորսօրյա պատերազմից հետո անգամ համանախագահները չեն ուզել լսել` ենթարկվելով Ադրբեջանի շանտաժներին: Անկախ նրանից, որ Արցախից հնչել է հայտարարություն` Վիեննայի հանդիպումը ողջունելու մասին: Վիեննայում ներկա կողմերի ու մեծ խաղացողների ներկայացուցիչների` տարամետ շահերը ինչպե՞ս են արտացոլված լինելու Լավրովի ասած այդ «փուլ առ փուլում», չեն ասում նաեւ հայկական կողմից:

Մի ժամանակ ղարաբաղյան հարցի լուծման «փուլային տարբերակ» որակումը կարմիր լաթի ազդեցություն էր ունենում հայ քաղաքական շրջանակների վրա այն աստիճան, որ դա արտաբերողին դավաճան էին կոչում: Հիմա այդ «փուլ առ փուլն» ու ամերիկացիների ասած «համապարփակը» իրար համարժե՞ք են, հակադի՞ր, թե՞ մի երրորդ կարգի, ո՞վ կասի մեզ:

Ընդհանրապես` հետաքրքրական մի կառույց է Մինսկի խումբը, այն իր մեջ ընդգրկրել է անընդգրկելին: Նրա անդամներից մեկը զենքի առեւտրով է փող աշխատում, մեկը տնտեսական այլ հետաքրքրություններ ունի, մեկն ուզում է բոլորին կռվեցնել` այդպես թաքցնել բուն նպատակը եւ այլն: Եւ այլնը հարակից նպատակներին է վերաբերում: Հիմա սրանք ո՞նց պիտի այնպիսի լուծում առաջարկեն, որ իրենց նպատակները շուլալեն հակամարտող կողմերի շահերին ու պայմաններին, մանավանդ` տարածաշրջանային եւ մեր սահմանների անվտանգությանը:

Բայց այս բոլորի մեջ մեզ ավելի շատ հայկական կողմի դիրքորոշումները պետք է հետաքրքրեն:

Թե ինչ է նշանակում ամեն մի ելքի պատրաստ լինելը, որի մասին ասում էր նախագահ Սերժ Սարգսյանը օդանավային իր հարցազրույցում, մի փոքր անհասկանալի է. ո՞վ` մե՞նք, Հայաստանը, Արցախը, Հայաստանի հանրությունը, Արցախի ժողովուրդը, ո՞վ: Կամ ինչպես ենք պատրաստ, եթե այդ ելքերի մասին ոչինչ չգիտենք, կամ շատ քիչ բան գիտենք: Որո՞նք են այդ ելքերը, պե՞տք է վերջապես մեկը մանրամասնի գոնե հունիսին վերսկսվելիք բանակցություններից առաջ: Հա, մի ելքը համարժեք պատասխանն է` եթե Ադրբեջանը համը հանի, դա ամեն մեկս գիտի, մյուսնե՞րը որոնք են: Պրոֆեսիոնալ հայրենասերների ոչինչ չասող մտավարժանքները տեղեկության աղբյուր չեն: Կամ` ի՞նչ բան է «համապարփակ լուծում» ասվածը դետալներով, որի մասին ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները, անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանն են ասում: Եթե մեր նպատակը, Հայաստանի նախագահի խոսքով, ստատուս-քվոյի պահպանումը չէ, մոնիտորինգի ռեժիմի հաստատումն էլ կարճ նպատակ է, ապա ի՞նչ տարբերակ է մեզ սպասում, թող ասվի մեկընդմիշտ, իմանանք: «Մադրիդյան սկզբունքներ» ասում-ավարտում են, դետալների վերաբերյալ քննարկումների մանրամասները հանրությունից գաղտնի պահելով, կամ` խորհրդարանի կին խոսնակի միջոցով դրանք փորձարկելով (է, լավ, թողել եք, որ կնոջ վրա բոլորը հարձակվեն, հա՞): Սա էլ քաղաքական շախմատը չլինի, որի դեպքում մեծ հաշվով գաղտնապահության պատճառով շատ բան չկորցրինք` պիտի ունենայինք, որ կորցնեինք: Իսկ Արցախի հարցի վերաբերյալ գաղտնապահության բոլոր ժամկետներն ու պատճառներն ապրիլյան պատերազմից հետո ավարտվել են, զույգ պետությունների ճակատագրի հարցը բոլորիս է արդեն վերաբերում, դիվանագիտական հայացքն այստեղ քիչ է: Թվում է` հանրության ճիշտ կամ միգուցե ողջամիտ վերաբերմունքի կարիքն այս պահին իշխանության համար կարեւոր պետք է լիներ, բայց այն կարող է դրսեւորվել միայն լիարժեք տեղեկացվածության դեպքում: Հանրությանը, ու ոչ թե մի քանի հեռուստալրագրողի, դիմելու պահը հենց հիմա է մեր կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո եւ սպասվող միգուցե հանգուցային որոշումներց առաջ: Եթե մեզ լուծման «գառները`ողջ, գայլը`կուշտ» տարբերակն է առաջարկվելու, այսինքն` նախագահ Սարգսյանի ասած անվտանգության գոտու կամ տարածքների վերադարձով, իմանանք: Հասկանանք` մեզանից ինչ են ուզում, կարգավիճակի կամ երաշխավորված անվտանգության հարցը համապարփակ լուծման մե՞ջ են առաջարկում, թե՞ խաբում են` հետո: Եթե մեզ առաջարկում են «գառները` ողջ, գայլը` կուշտ» տարբերակը, ապա մեզ հարկավոր է լավ ծեծված գայլ այնուամենայնիվ:

Ճակատի ճեղքում թույլ չտալն ու հակառակորդի ծրագրերը խափանելն ընդունեցինք: Վառոդի հոտ չզգացածների` Բաքու հասնելու կոչերն էլ առանձնապես ոչ ոք լուրջ չի ընդունում, մեր զինված ուժերն էլ իրենց խնդիրը որ կատարել են` փառք ընկած տղաներին: Մինչդեռ ազատագրված տարածքներն անվտանգության գոտի, թեկուզ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի երկրորդմամբ` չեզոք գոտի անվանելը ենթադրությունների տեղիք է տալիս, եւ ոչ միայն Երեւանի սրճարաններում նստած քարտեզ գծողների համար: Մանավանդ` ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Քրբին որոշ փակագծեր է բացել, թե նախագահները ստատուս-քվոյից դուրս գալու կամք են դրսեւորել, եկող ամիս էլ բանակցությունները վերսկսվելու են: Բա այսքանից հետո պարզ չլինի՞, թե հատկապես ստատուս-քվոյից դուրս գալու կամքն ինչո՞ւմ են ուզում դրսեւորված տեսնել`տարածք հանձնելուն ոչ ոք չի համաձայնելու ախր, ապրիլյան նոր պատերազմից հետո մանավանդ: Այդ դեպքում ժողովրդին դիմելու պահն ուշանում է իսկապես: Մանավանդ` օդանավից ենք իմանում, որ 800 հա տարածք ենք կորցրել անվտանգության, թե չեզոք գոտուց, իրականում` ազատագրված տարածքներից, ու դրա վերաբերյալ իշխանամետ գործիչների` լայնությամբ, խորությամբ, թե երկարությամբ լրացուցիչ պարզաբանումներից փաստի էությունը չի փոխվում:

Իսկ գնահատական տալ` Վիեննայում սառույցը հալվեց. Հայաստանի դիվանգիտության հաղթանակ, ԵԱՀԿ քաղաքական վարկի խնդիր սեղանին եւ այլն, այս պահին ավելորդ է անգամ, քանի որ եթե Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունը, ապա նախագահ Սարգսյանի ասած նպատակը` հաջորդող քայլերի կամ բանակցությունների փակուղի-մտնել-չմտնելու առումով բան պարզելը, պերմանենտ հարկ կլինի օրակարգ վերադարձնել, անընդհատ ընդմիջելով շփման գծի նորանոր լարումներով: Մանավանդ, որքան էլ տարօրինակ, շփման գծում ապրիլի առաջին օրերին մենք կռվել ենք հենց ստատուս-քվոյի պահպանման համար, ու արյուն տվող զինվորն ի վերջո պետք է իմանա գինն իր տված արյան, այդ գինը պետք է համարժեք եւ ընդունելի լինի հայերիս համար: Ադրբեջանցիները հարձակվել են, քանի որ նրանց դուր չէր գալիս հաստատված ստատուս- քվոն: Իսկ 800 հա հողն անվտանգության գոտի , եւ ոչ թե ազատագրված տարածք, անվանելը ադրբեջանցիների ձեռքը տված կնիքով տեղեկանք է` Արցախի սահմանադրությամբ ֆիքսված, թեկուզ «ռազմավարական եւ մարտավարական նշանակություն չունեցող» աննշան տարածքները սեփականը համարելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ