RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2834, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԿՈՉԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Անցյալ տարիՙ այս օրերին, Հայաստանն ու Արցախը լայնածավալ պատերազմի մեջ էին: Մենք անվերապահորեն հավատում էինք պաշտոնական տեղեկություններին, որոնք շարունակ սուտ ու կեղծիք էին տարածում, թե «Հաղթելու ենք, հաղթում ենք, թշնամուն զգետնում ենք, թշնամին գյոռբագյոռ է լինում»:

Հաղթանակի իմիտացիայի պատկերին զուգահեռՙ սպրդում էին նաեւ տեսանյութերՙ Ջրականի, Վարանդայի, Հադրութի, Աղդամի հանձնման, պատերազմի դժոխքի մասին:

Զուգահեռաբարՙ «Էրատո» ջոկատը ֆոտոսեսիաներ էր անում իբր զորավարժություններից, իբր Արցախից: Հայությունը, թմբիրի, խաբկանքի, կեղծիքի մեջ, հակասական լուրեր էր լսումՙ մեկ վայրկյան անգամ չկասկածելով մեր հաղթանակին:

Եվ հանկարծ հոկտեմբերի 27-ին տարածվեց ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչ-հայտարարությունը.

«Հայրենակիցնե՛ր,

Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը:

Վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայության ապագան:

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել: Այո՛: Բայց ոչ ներկա կառավարման օրոք;

Ի՞նչ է պետք անել:

1. Այս կառավարությունը պետք է հրաժարական տաՙ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որումՙ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել:

2. Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասինՙ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ:

Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ»

Բարոյականության, դաստիարակության փոքրիկ նշույլ ունեցող մարդն ամոթից կկարմրի վերհիշելով, թե մեկ տարի առաջ սոցցանցերում ինչ օրը գցեցին Վազգեն Մանուկյանին նրա հայտարության տարածումից վայրկյաններ անց:

Հաղթանակի էյֆորիայի մեջՙ ժողովուրդն այդպես էլ չսթափվեց այս կոչից, ընդհակառակը, վայրի գազանի պես վիրտուալ հարձակում գործեց քաղաքական մեծ փորձառություն, հոտառություն ունեցող, հաղթած երկրի վարչապետի ու Պաշտպանության նախարարի վրա:

Մեր պարտությունը քայլ առ քայլ իրականացնող իշխանությունները դեռ պատերազմի ժամանակ էին ծրագրում պարտությունից հետո երկրի ղեկին ամեն գնով մնալու իրենց հետագա գործողությունները, իսկ Վազգեն Մանուկյանը սին հույսեր էր փայփայում, թե Փաշինյանի գլխավորած կառավարությունն անհապաղ հրաժարական կտա, կամ ժողովուրդը կպահանջի այդ հրաժարականըՙ հայրենիքը փրկելու վերջին ձգտումով:

Վազգեն Մանուկյանի կոչը հետագայում էլ անուշադրության մատնվեց անգամ ընդդիմադիր դաշտի կողմից, այնինչ նրա ամեն բառը հայրենափրկության, թմբիրից դուրս գալու, իրավիճակը ճիշտ ու անվրեպ գնահատելու ուղերձներ էր պարունակում:

Միգուցե գա ժամանակը, եւ մենք այնքան ողջամիտ դառնանք, որ Վազգեն Մանուկյանի չիրականացված կոչը գոնե ընդգրկենք պատմության դասագրքերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ