ՄԵՐ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՇԱՀԵՆԸ «ԱԶԳ» Նա մաս էր կազմում արվեստագետների, արվեստաբանների, գրողներիՙ նույնպես անկրկնելի խմբին, որը սկսած 1996 թ.ից դարձել էր մեր թերթի խիղճը, ճաշակը եւ հսկիչը միանգամայն: Մի տեսակՙ խմբագրություն խմբագրության մեջ: Ինքը կանոնավոր պարբերականությամբ լինում էր խմբագրությունում, հատկապես արտասահմանյան ուղեւորություններից վերադարձին, ձեռքինՙ հոդված կամ թղթակցություն, գիրք կամ կատալոգ, բոլորն էլ իր մակագրությամբ: Պատմում էր գտած ընդունելության, կատարած գործերի, բերած նկարների մասին: Խոսում էր Ազգային պատկերասրահում եւ Սարյան թանգարանում դեռ անելիք իր շատ գործերից պարտադրաբար զրկված մարդու դառնությամբ, թախծոտ ու վիրավորված: Մեկ անգամ միայն եկավ ճակատամարտը հաղթած զորապետի պեսՙ Սանկտ Պետերբուրգում հաջողվել էր ապացուցել, որ Այվազովսկին «հայ է»... Անկրկնելի մեր Շահենը: Ու պատկերացնել, որ նրա հուղարկավորությանը ոչ մի պաշտոնատար անձ ներկա չէր, միայն ընտանեկան պարագաներ եւ մի քանի ընկերներ: Մեկ էլՙ Մայր աթոռից Ասողիկ վարդապետըՙ Ամենայն հայոց հայրապետի ծաղկեպսակով... |