ՄԵՐՆ ՈՒՐԻ՞Շ Է ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ ՀՀ քաղաքացուս շրջապատում կան շատ անձինք, ովքեր յուրաքանչյուր հինգշաբթի որոշակի անհամբերությամբ ու նաեւ համբերությամբ դիտում են հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ կառավարության նիստերը: Դե, վարչապետի բնորոշմամբ իրենց իշխանության նիստերն են, մեր մարդկանցից թաքցնելու ոչինչ չունեն, ամեն ինչ բաց է հանրության համար: Բայց արի ու տես, որ օրակարգում ընդգրկված 40-50 հարցերից հազիվ 2-3-ն ընթացող նիստերում ներկայացվում ու քննարկվում, երբ ահռելի թվով նախագծեր «չզեկուցվող հարցեր» ձեւակերպմամբ պարզապես փաթեթով են ընդունվում: Ավաղ, դրանց մեջ թեմաներ են լինում, որոնք հանրության որոշակի հատվածի մոտ տարակուսանք են առաջացնում, կապ չունի դիմադիր թե ըննդիմադիր, իշխանամետ թե այսպես ասածՙ ձվի մեջ մազ փնտրող: Ինչ-որ ակնկալիքների տրված քաղաքացիները, թող իշխանությունները փարատեն դիտարկումս, հատկապես վերջին նիստերը դիտելուց հետո որոշակիից մինչեւ հիմնավոր տրամադրության անկում են ունենում, որն ավարտվում է «սրա համա՞ր են այսքան մարդիկ հավաքվում» խոսքերով: Մարդիկ ասվածը մարզպետներ են, կոմիտեների ու տեսչական մարնինների պետեր, իրավապահ կառույցների շեֆեր, գումարած կառավարության աշխատակազմի պատասխանատուներ ու իհարկե նախարարները: Կարելի է անվարան նշել, որ հինգշաբթի օրերի նախակեսօրյա ճանապարհային գերխցանումները նաեւ այս վիճակի հետեւանք են: Սակայն ուր է թե հայաստանյան հանրության մտահոգություններն ավարտվեին այսքանով, մարդիկ իրենց առօրյայում գոնե նվազագույն փոփոխություններ զգային, քանզի նրանցից հարյուր հազարավորները որեւէ ձեւով չեն առնչվում ամեն օր բարձրաձայնվող ասֆալտապատման հետ, առնչվողներից էլ շատերը հիշում են իրենց ընտանիքների առաջնահերթություններըՙ անվտանգային հարցերից ոչ պակաս կարեւոր պարենային ապահովությունն ու պարենանվտանգությունը: Այստեղ է, որ առնչվում ենք ՀՀ կառավարության գործունեության ու նրա նիստերում ներկայացվող խնդիրներին: Ավաղ, լավատեսության նախանշաններն այնքան են աննկատ, որ դրանք ի չիք են դառնում առօրյայում հանդիպող յուրաքանչյուր գործընթացի առաջին իսկ պահին: Ասենքՙ խոսվում է գյուղատնտեսական ոլորտի հանդեպ ցուցաբերվող պետական հոգածությունից, որի արդյունքում տարօրինակորեն ՀՀ-ում արտադրվող հազիվ մի քանի մշակաբույսերի գներն են բարձրանում: Օրերս մի զավեշտ հիշեցնող զրույցի ունկնդիր դարձա: Միջին տարիքի տիկինը ավտոտնակում առեւտուր կազմակերպող երիտասարդից տեղեկանալով քիշմիշ տեսակի խաղողի գինը, տեղնուտեղն արձանագրեց, այդ գումարով երկու կիլոգրամ բրազիլական հավի ազդր կգնեմ: Երիտասարդին ոչինչ չէր մնում, բացի համաձայնվելը, քանզի ինքը ոչ խաղողի գինն էր որոշողը, ոչ էլ... բրազիլական խոր սառեցված հավի մսի առանձին մասերի, որոնք ՀՀ առեւտրային ցանցում վաճառվում են 600-700 դրամով, երբ հարեւանությամբ դրված տեղական նույն ազդրը 1600-1800 դրամ է: Հիմա հարցնեմ. երբեւէ լսած կա՞ք ՀՀ վարչապետից, իր 2 տեղակալներից, տնտեսության համար մասամբ թե հիմնականում պատասխանատու որեւէ բարձրաստիճան պաշտոնյայից գոնե որեւէ ակնարկ, պահանջ, մտահոգություն այս առումով: Վստահ եմՙ ինչպես ՀՀ քաղաքացիներից մեկը, այնպես էլ ձեզնից յուրաքանչյուրը երբեւէ չի լսել այս մասին: Իսկ ահա մի քանի տասնյակ հեկտար արոտավայրերի ցավալի կորստի մասին յուրատեսակ «անհանգստությունների» պակաս նրանց մոտ չկա, երբ ՀՀ տարածքում արոտավայրերն ամբողջ 700.000 հեկտար են, խոտհարքներըՙ 140.000 հեկտար: Վերջինից հավաքվողը ՀՀ տնտեսության պատասխանատուների համար անասնակեր է կոչվում, չափի միավորըՙ տուկ: Փորձեցի անասնակերերի վերաբերյալ հիմնարար ուսումնասիրություններ կատարած գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանի գրքերում այս առումներով որեւէ տվյալ գտնել, ոչինչ չստացվեց: «Հայոց լեզվի հոմանիշների բառարան» ակադեմիական հրատարակությունում տուկ բառի դիմաց նշված էրՙ տես իլիկ: Բացում ենք իլիկ-ըՙ նշված է թեղիկ, ապաՙ տես ողնաշար : Ոչ մի ակնարկ անասնակերի առումով, որը բազմակի անգամներ բարձրաձայնվում է ՀՀ կառավարության նիստերում: Եվ հարցը, թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում մի բանից, որն իրենց իրավասությունների շրջանակում չէ, մոգոնված ինչ-որ արտահայտություն է հնչում է ինքնաբերաբար: Այսօրինակ պարագայում ի՞նչպես վստահել նրանց այլ հավաստիացումներին, թե երկրում առաջնահերթ խնդիրներ են լուծվում, համաշխարհային հսկաների ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում, այս ու այն ոլորտներում աշխարհի կենտրոններ ենք դառնալու... Ի դեպ. թե ինչ էներգետիկ արժեք է պարունակում այդ տուկ ասվածըՙ պարզ չէ, երբ ըստ արդեն հիշյալ գիտնականի 3 կգ լիարժեք կերը 1 կգ քաշաճ է երաշխավորում: Տարիներն անցնում են, երբ ամենուր իրականացված աղբի վերամշակման գեթ մեկ միջին հզորության գործարան չունենք, առաջին անհրաժեշտության օճառից ու լվացքի փոշուց մինչեւ զուգարանաթուղթ ու թաց անձեռոցիկ մեծամասամբ ներմուծում ենք, հետն էլ ԱՊՀ երկրներին հրավիրում ՀՀ-ում գործարար միջավայր կազմավորել: Տպավորություն է ստեղծվում, թե միայն իրենք, իշխանությունները գիտեն ինչ ու ինչպես անել, ում հետ հարաբերվել եւ ումից հեռու մնալ: Կարծես համաշխարհային գործընթացները Հայաստան երկրին հատուկ չեն, մերն ուրիշ է: Տարօրինակ է, եթե ցավալի չասենք: Տեսեք, հանրահայտ է, որ գյուղատնտեսությունն ամենուր ոչ միայն ռիսկային է, այլեւ պակաս արդյունավետ, պետություններ կան, որոնց համաշխարհային տնտեսագիտական միտքը բանանային ու սրճային է որակում: Այս պայմաններում ի՞նչ է անում ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա: Երկիրը պարբերաբար ու համառորեն կողմնորոշում է դեպի բաց դաշտավարություն, ծիրանա-խաղողային ու լոլիկա-վարունգային ոլորտները, ՀՀ տարածքը դարձնելով այլոց այգեգործա-բանջարանոցային կցորդ, երբ առաջնահերթ կաթնա-մսային հումքը հիմնականում ներմուծվում է. հիշենք, որ երկրում արտադրվող ողջ երշիկեղենը խոր սառեցված ներմուծված մսատեսակներից է, իսկ կաթնեղենը պիտակավորվում է որպես... պանրային մթերք: ՀՀ իշխանությունն այստեղ խնդիր չի տեսնում, չկա պատկերացում, թե երբ երկրի գյուղոլորտում ընդգրկվածների ցուցանիշը 35 տոկոսից կիջնի 15, 10, 7. 4 տեկոսի, երբ Արարատյան դաշտի բարեբեր հողերը լիարժեք կօգտագործվեն 8-10 մլն հայաստանաբնակների պարենային ապահովության նպատակով: Առայժմ այսքանը: 25.10.2021թ. |