RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ 26 ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Արցախյան 44-օրյա պատերազմը հազարավոր ծաղկուն ու խոստումնալից հայ երիտասարդների կյանքեր խլեց։ Հանուն Հայրենյաց նահատակների թվում էին նաեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սաները։ Այդ հերոս մարզիկները դեռ պետք է միջազգային մրցասպարեզներում ավելի բարձրացնեին մեր երկրի փառքն ու հեղինակությունը, սխրանքներ գործեին, մեդալներ ու բարձր պարգեւներ նվաճեին, նրանց պատվին պետք է հնչեր մեր օրհներգը, հպարտորեն ծածանվեր հայոց եռագույնը, բայց նենգ ու դավադիր պատերազմը կործանեց ինչպես նրանց, այնպես էլ մեր մյուս տաղանդավոր երիտասարդների ճակատագրերը:

Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, մեր խորին խոնարհումը նրանց հիշատակին:

Ինչպես մեր թերթն արդեն տեղեկացրել էՙ սանկտպետերբուրգցի ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը, ով աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է հաղորդել 250-ից ավելի նախագծերիՙ իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետՙ ամիսներ առաջ բախվեց իր տասնամյակների գործունեության ամենածանր ու դժվարին իրողությանըՙ ֆինանսավորելով արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ 26 մարզիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները:

Հոկտեմբերի 22-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում տեղի ունեցավ զոհված ուսանող մարզիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը։

Հուշարձանի ճարտարապետն է Աշոտ Դավոյանը, քանդակագործըՙ Արտակ Համբարձումյանը։

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, Երեւանի օլիմպիական պետական ​​մարզական քոլեջի երկարամյա նախկին տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, անվանի մարզիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Օգսեն Միրզոյանը, Արմեն Նազարյանը, Իսրայել Միլիտոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Ալբերտ Սարգսյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ շատ ուրիշներ, զոհված զինվորների ծնողներ եւ հարազատներ, քոլեջի ուսանողներ, հոգեւոր եւ մշակութային գործիչներ, արցախյան պատերազմի մասնակիցներ։

Միջոցառման հատուկ հյուրերն էին ՌԴ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը եւ Թովմասյան բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։

Բացման արարողությունը սկսվեց զոհերի հիշատակին նվիրված հատուկ կարգով, որը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Արարատ եպիսկոպոս Ղալթախչյանը։

Հոգեհանգստի արարողությունից հետո ներկաներին դիմեց Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ցավակցություն հայտնեց քոլեջի զոհված ուսանողների հարազատներին եւ բոլոր այն ընտանիքներին, ովքեր պատերազմում կորցրեցին իրենց սիրելիներին: «Զոհերի օրինակը մեզ կտակել է ամեն ինչից առավել սիրել Հայրենիքը, քանի որ միայն այս սերն է ի զորու համախմբել հայ ժողովրդին եւ հաղթող դարձնել տարբեր փորձություններում»,- ընդգծեց նա։ Սրբազանը բարձր գնահատեց նաեւ ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի ջանքերը, ում շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել հուշարձանը։

Հոգեւոր արարողությունից հետո հուշարձանի մոտ տեղակայվեց պատվո պահակախումբ։ Իսկ երբ հրապարակվեցին նահատակված 26 սաների անունները, քոլեջի երկինք բաց թողնվեցին 26 սպիտակ աղավնիներ։

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական ​​մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը, դիմելով զոհված մարզիկների ծնողներին, հուզված ասաց, որ ամեն ինչ կտար, որպեսզի փոխվեր ճակատագրի ընթացքն ու այս հանդիպումը կազմակերպվեր մեկ այլ առիթովՙ միասին տոնեին իրենց որդիներիՙ կրթօջախի սաների մարզական հաղթանակները։ «Համոզված եմ, որ նրանց վիճակված էր ցույց տալու հայության անպարտելի ուժը մարզաշխարհին, որ նրանց պատվին մեկ անգամ չէ, որ պետք է հնչեր մեր օրհներգը, ծածանվեր հայոց եռագույնը»։

Վաղինակ Գալուստյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Հրաչյա Պողոսյանինՙ հուշարձանի մտահղացումը կյանքի կոչելու համարՙ հավելելով, որ հուշարձանը խորհրդանշում է քոլեջի զահված ուսանողների անավարտ մարզական հաղթանակները։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես է իր վաղեմի ծանոթ եւ լավ բարեկամ Հրաչյա Պողոսյանին երեք ամիս առաջ պատմել քոլեջի 26 սաներին պատուհասած ողբերգության մասին եւ խնդրել հարգանքի տուրք մատուցել ուսանող հերոսներին, ի հիշատակ նրանցՙ ֆինանսավորել կրթօջախի բակում հուշակոթողի տեղադրման շինարարությունը, եւ բարերարը առանց երկմտելու եւ տատանվելու սիրով համաձայնվել է:

«Եվ այսօր, երբ ի պատիվ Հրաչյա Պողոսյանի հուշակոթողն արդեն իրականություն է դարձելՙ կցանկանայի, որ այն դառնար մի սրբավայր, որտեղ մեր բոլոր երիտասարդ մարզիկներըՙ տարբեր երկրներ մրցելույթների մեկնելուց առաջ, այցելեն ու երդվեն, որ հաղթանակով կվերադառնան»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը։

Բարեգործ Հրաչյա Պողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Դերենիկ Գաբրիելյանին եւ Վաղինակ Գալուստյանինՙ հուշարձանի կառուցումն իրեն վստահելու համար եւ հավելեց. «Կանցնեն հարյուրավոր տարիներ։ Չենք լինի մենք, չեն լինի մեր երեխաները, բայց այս հուշարձանըՙ որպես կենդանի վկա, սերունդներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին, 26 հերոսների մասին, ովքեր կարող էին փառքով իրենց խոսքն ասել սպորտի ասպարեզում, բայց, ցավոք, զոհվեցին եւ անմահացան մարտի դաշտում։ Երանի աշխարհում մշտատեւ խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն։ Եվ, հարգելի ծնողներ, եթե հնարավոր է, մաղթում եմ, որ մոտ ապագայում ձեր օջախներում հնչեն նորածին երեխաների ճիչեր եւ ձեր տները լցվեն մանկան ուրախ ձայներով»։

Արարողության ավարտին հավաքվածները ծափերով ողջունեցին միջոցառմանը ներկա արցախյան երկու պատերազմների մասնակիցներին, որից հետո կրկին հնչեցին 26 հերոսների անունները։

Արարողության մասնակիցները հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին 8 մետր բարձրությամբ հուշակոթողին, որի վերեւում օլիմպիական անմար կրակն է:

Հուշարձանն ունի խորանՙ քանդակված խաչով, որի ներքո զոհված 26 տղաների անուններն են, ներքեւում էլՙ բացված գրքի պատկեր:

Հուշարձանի պատվանդանին փորագրված են 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեի անմահ եւ իմաստուն խոսքերըՙ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալՙ անմահություն»:

Անչափ ճշմարիտ խոսքեր ասաց հեռավոր Սանկտ Պետերբուրգից կրկին հոգու կանչով Հայաստան ժամանած, հարյուրավոր նախագծերի կյանքի կոչմամբ մտազբաղ, բայց մշտապես Հայրենիքի հոգս ու ցավերով ապրող բարերար Հրաչյա Պողոսյանը. «Այս հուշարձանըՙ որպես կենդանի վկա, սերունդներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին, 26 հերոսների մասին, ովքեր կարող էին փառքով իրենց խոսքն ասել սպորտի ասպարեզում, բայց, ցավոք, զոհվեցին եւ անմահացան մարտի դաշտում»։

Նորից ու նորից փառք ու պատիվ բոլոր ընկածներին, մեր խորին խոնարհումը Հայրենիքի համար նահատակվածների հիշատակին, եւ ինչպես մեր հոգեւոր հայրերն են երկյուղով արտաբերումՙ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ