ԿՏԱՎՆԵՐՙ ԻՆՉՊԵՍ ԷՔՍՊՐՈՄՏ ԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ Բացվեց Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը Էքսպրոմտը մտքի եւ զգացմունքի անսպասելի, հանկարծահաս, կտրուկ ժայթքումն է, պահի, իրադարձության կամ որեւէ երեւույթի թելադրած մարդկային արարչագործությունըՙ շնորհի անզսպելի հորդումով: Հանկարծաստեղծ, հանկարծագյուտ բարձրարվեստ արարումների հիմքում, սակայն, ընկած են ոչ միայն ստեղծագործողի աստվածատուր շնորհը, մտածումները, ապրումներըՙ թվացյալ անջանք ձեւակերպելու, շարադրելու, մարմնացնելու, եղանակավորելու, պատկերելու ունակությունը, այլ նաեւ իր արվեստին տիրապետելու հմտությունն ու վարպետությունը: Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը մի անգամ եւս առիթ տվեց մտորելու հանկարծաստեղծ արարման շուրջ, քանի որ, ինչպես գեղանկարիչն է ընդգծում, իր բոլոր գործերը ստեղծել է առանց նախապատրաստության, շատ արագՙ բացարձակապես վերանալով իրականությունից, ապրումի գերլարվածությամբ, ասեսՙ ամեն անգամ հոգեպես պոկվելով իր իսկ մարմնեղեն էությունից: Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում ներկայացված գործերը հայրենի աշխարհից ոգեշնչումներ են, որոնք վառ-բխուն, խիտ երանգներով ոչ միայն իրականության արտացոլանքն են, այլ երբեմնՙ աբստրահարման աստիճանի ընդհանրականացված գունապատկերներ: Սակայն հարազատ բնաշխարհի, գյուղաշխարհի անկյունները ճանաչելի են, երբեմն էլ այն տպավորությունն ունես, թե ուղղակի կտավին արձանագրում է այն թանկն ու անկրկնելին, որը վտանգված է, որը սիրելու, փայփայանքով պահելու, որը պաշտպանելու կարիքն ունի: Լոռվա զավակ է Ռաֆայել Ջավախյանը. ոնց պահապան է եղել իր երկրինՙ Արցախյան շարժման ակտիվիստներից լինելով եւ ապա լրացնելով ազատամարտիկների շարքերը, այնպես էլ որդիական նվիրվածությամբ պահպանել է Ալավերդի քաղաքի պատկերասրահի գանձերըՙ համառորեն պայքարելով, որ մշակույթի այս օջախը չփակվի, չփոշիանա: Իր համոզմամբՙ ցանկացած բնակավայրի դեմքն իր մշակույթն է, իսկ պատկերասրահը կորցնելը նշանակում էր կորցնել այդ յուրահատուկ դիմագիծը: Ու արդեն 35 տարի տնօրինելով Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի աշխատանքներըՙ նա պահապանն ու մշակն է իրեն վստահված մշակույթի օջախի: Ասում էՙ շատ արվեստագետների է ներկայացրել նրանում, սակայն ինքը հաճախ է ձեռնպահ մնացել սեփական արվեստը ցուցադրելուց: Իր զավակների պնդմամբ է նախաձեռնել երեւանյան ցուցադրությունը, որ իմ գնահատմամբ, իր արվեստի համահավաք պատկերն է: Շրջելով սրահում եւ վայրկյաններ կանգնելով ամեն կտավի առջեւՙ նա բարձրաձայնում էր այն ապրումները, որոնք ունեցել է այս կամ գործը ստեղծելիս: Ասենք, Արագածի վեհափառ գագաթներն իրեն երեւացել են մշուշված, ցերեկվա ժամին մութն ու լույսն այնպես են իրար հաջորդել, որ թվացել է երեկո է: Կտավին այս ամենի կենդանի արտացոլված է: Եվ դիմել է Աստծունՙ աղերսելովՙ հնարավորությու՛ն տուր տեսնելու լեռանն իջած լույսը. եւ գագաթների վերեւ երկինքը պարզվել է... Ալավերդու պատկերաշարերը մեկը մյուսից զանազան ենՙ օրվա եւ եղանակների տարբերություններով, դիտակետերի ընտրությամբ, սրանցով պայմանավորվածՙ Լոռվա լեռնաշխարհը գուներանգների լայն սպեկտրով ներկայացնելով: Նույնըՙ գյուղաշխարհի պատկերներում է. անգամ լքված բնակավայրը կենդանի, շնչող գույներով է արված, ու ոչ թե սուգ ու ցավ կա նրանում, այլՙ գեղեցկություն, գույնի պայծառություն: Ամեն կտավում նշմարվում է սերը, որ բազմազան արտահայտություններ ունիՙ գուներանգների ընտրության եւ զգացմունքների առատության առումով, բնաշխարհի անկրկնելիության ու վեհության ընդգծմամբ, գյուղաշխարհի պայծառ եւ անդրդվելի թվացող խաղաղությամբ... Ռաֆայել Ջավախյանը նաեւ քանդակագործ է, եւ իր արածՙ փոքր չափի քանդակներից նույնպես ցուցադրված են երեւանյան ցուցասրահում: Իր համար նյութի ընտրությունը եւս պահի թելադրանքով է պայմանավորված: Հոր գլուխը քանդակել է հողից. այդ պահին հողից բերքահավաքով էր զբաղված, ու գաղափարը տվել է հենց հողը: Եվ սրանում ես մեծ խորհուրդ եմ տեսնում: Հողն է հուշումՙ դուՙ հողեղենդ, պահիր եւ սերունդներիդ փոխանցիր այն, ինչ անհիշելի ժամանակներից քեզ ժառանգել են նախնիներդ. այդ հողը քո նախնյաց փոշիացած ոսկերքն են, որ հումուս են դարձել վրան աճող ծառի, ծաղկունքի, պտղի: Արմատներ ձգիր այս հողում, որպեսզի մի օր քո հայ սերունդն ապագա պտղահավաքներին հող դարձած քո մարմինը քանդակեղեն պատկերով ներկայացնիՙ իբրեւ եկող ժամանակների նոր արվեստ... |