ԴԱՐՁՅԱԼ ՌԱԿ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ Սուրեն Թ. ՍԱՐԳՍՅԱՆ Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա հոբելյանը, որ հայ ժողովրդի համար կարեւոր իրադարձություններից մեկն է, պետք է նշվեր մեծ շուքով: Սակայն, տարբեր օբյեկտիվ ու իրենց կուսակցական շեֆեր համարողների հնարովի մի քանի պատճառներով դրա մասին անգամ չխոսվեց: Իսկապես տխուր մի իրողություն է սա եւ մեծ ցավով պիտի ասեմ, որ խոսում է մի պարզ իրականության մասին` ՌԱԿ-ում գործերը ոչ միայն այնքան էլ լավ չեն, այլ ուղղակի ռակով հիվանդ են: Բայց դա հավատավոր կուսակցականներիս չի վհատեցնում, ավելին, մենք հավատում ենք ՌԱԿ-ի վաղվա օրվան եւ մեզ համար 100-ամյա հոբելյանը ոչ միայն մեծ խորհուրդ ունի, այլեւ շարունակվելու է ողջ տարին: Թող անհամեստ չհնչի, ինքս էլ եմ այդ հավատավորների շարքում եւ իմ մասնագիտական հնարավորությունների սահմաններում աշխատում եմ անել ամեն ինչ փլուզման եզրին հասած կուսակցության հոբելյանի մասին Հայրենիքում եւ Սփյուռքում գոնե լսելի դարձնել հայ հասարակությանը: Այս առումով հոդվածներ հրապարակելուց բացի փորձում եմ օգտագործել ամեն մի հնարավորություն ու միջոց: Այդպիսի առիթ եղավ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Շիրակի մասնաճյուղի կողմից հոկտեմբերի 22-23-ը կազմակերպված միջազգային գիտաժողովը, որտեղ հանդես եկա «Հարյուրամյա Ռամկավար Ազատական Կուսակցությունը (1921-2021թթ.)» գիտական զեկուցումով: Քանի որ ինքնագովության տարիքից վաղուց դուրս եմ եկել, ուստի նշեմ, որ զեկուցումը լսվեց համակ ուշադրությամբ, իսկ վերջում տրվեցին բազմաթիվ հարցեր: Ակնհայտ էր, որ մեր հասարակությունը որքան էլ կլանված է իշխանություն-ընդդիմություն գզվռտոցով, սակայն չի դադարել հետաքրքրվել ավանդական կուսակցությունների վիճակով եւ, իմ կարծիքով, պատահական չէր, որ մի քանի անգամ կրկնվեց նույն` իսկ որտե՞ղ են նրանք հայ ժողովրդի համար բախտորոշ այս պահին հարցը: Կարող էի ժամերով պարզաբանել ՌԱԿ-ի մերօրյա բազմաթեւ լինելու պատճառները, սակայն դա նշված հարցի պատասխանը չէր լինի եւ գերադասեցի շրջանցել այն: Արձանագրեմ նաեւ, որ եւս մեկ անգամ մաշկիս վրա զգացի գիտամտավորական միջավայրում քիչ ռամկավարներից մեկը լինելու տխուր ու շատ ցավոտ իրողությունը: Այս ամենով հանդերձ վստահ եմ նաեւ, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ փողասիրությունն ու չարչիական մտածողությունը դուրս կմղվի կուսակցությունից եւ կգան նոր ուժեր, նոր սերունդ, եւ ՌԱԿ-ն իր հայրենանվեր գործունեությամբ ինքնամաքրված ու պարզ ճակատով կրկին կներկայանա աշխարհասփյուռ հայ հասարակությանը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նկար 1. Իմ ելույթից մի պահ գիտաժողովում |