RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1904, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2010 թ. դեկտեմբեր ամսին, երբ մեր Ազգային ժողովի այն ժամանակվա խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Սիրիայում էի գտնվում, զարմանքով նկատեցի մթնոլորտի փոփոխությունը այդ երկրում, որտեղ վաղուց չէի եղել: Սիրիական արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր գրեթե ամբողջությամբ անցել էին թուրքական կապիտալի ձեռքը, հատկապես մայրաքաղաք Դամասկոսում բազմապատկվել էին զբոսաշրջային եւ բեռնափոխադրական թուրքական ընկերությունները, իսկ հեռուստաեթերը ողողել էին թուրքական (արաբերենի թարգմանված) սերիալներըՙ օսմանյան սուլթանների «քաջագործություններն» ու «արդարամտությունը» գովաբանող: Առավել մեծ եղավ զարմանքս, երբ արդեն խորհրդարանում, Հովիկ Աբրահամյանի պաշտոնական ելույթի ընթացքում, նկատվեց ներկա պատգամավորներից շատերի վրդովմունքը Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի հակահայ քաղաքականության վերաբերյալ նրա բնորոշումներից: Այնքանՙ որ իր պատասխան խոսքում Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մահմուդ ալ-Աբրաշը ափսոսանք հայտնեց այդ խոսքերի համար: (Այս մասին տեսՙ «Ազգ», 10.12.2010 թվակիրը):

Անցավ մի քանի ամիս, եւ այսպես կոչված «արաբական գարնան» մրրիկը փոթորկեց նաեւ Սիրիան: Շուտով պարզվեց, որ այստեղ ոչ թե «խելագարված» կամ «խելագարեցված ամբոխներ» են տիրություն անում հրապարակներում ու փողոցներում, այլ լավապես զինված եւ առատորեն վարձատրվող կազմակերպություններ: Ստեղծվեց ոչ պաշտոնական, սակայն շատ ազդեցիկ միջազգային մի ամբողջ կոալիցիա Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի մասնակցությամբ, համակարգված հզոր քարոզչական ցանցով, որպես գերնպատակ հետապնդելով նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումը: Սրանց մեջ գործնականում ամենաակտիվը եղել եւ մնում էր Թուրքիան, որի Սիրիայի հետ ունեցած սահմանը դարձավ զենքի ու զինամթերքի առաքման, բազմազգ եւ բազմագույն վարձկանների ներթափանցման, պաշտոնական եւ անպաշտոն ամեն տեսակի մաքսանենգության, այդ թվում նաեւ քիմիական զենքի հայթայթման սահման, որը գրավեց միջազգային շատ փորձագետների եւ անկախ մամուլի ուշադրությունը եւ որի մասին առաջին իսկ օրերից հայտարարեցին Դամասկոսի իշխանությունները, որոնք, հավանաբար, մեծապես զղջացել էին Թուրքիայի առաջ երկիրն այդքան լայնորեն բացելու իրենց ճակատագրական սխալի համար...

Այսուհանդերձ, մինչեւ ընթացիկ տարվա օգոստոս ամիսը, ուժեղ հետախուզություն ունեցող արեւմտյան երկրներից ոչ ոք իբր չէր տեսնում եւ ոչինչ չգիտեր, օրինակ, Թուրքիայի դավադիր գործողությունների մասին Սիրիայում եւ, այնուհետեւ, Իրաքում: Մինչեւ որ վերջինիս զինած եւ սպառազինած ջիհադիստները գրավեցին Մոսուլը, որտեղից սկսվեց նրանց սրընթաց արշավանքը դեպի Բաղդադ եւ դեպի եզդիական, քրիստոնեական ու քրդական շրջաններ Իրաքում եւ Սիրիայում, ուղեկցված գլխատումներով, բռնաբարություններով, կանանց, երեխաների ու տարեցների սպանդով, բռնագաղթեցումներով: Հետզհետե պատրաստվեց հողը Իրաքի եւ Սիրիայի շուրջը նոր կոալիցիա ստեղծելու, որի մեջ, ըստ նախաձեռնող երկրիՙ Մ. Նահանգների, անպայման ընդգրկված պետք է լինեին տարածաշրջանի մահմեդական սուննի պետությունները, Թուրքիայի գլխավորությամբ: Սա՛ էր կամքը աշխարհի գերհզոր երկրի: Սակայն, թերեւս առաջին անգամ լինելով, Անկարան դրեց իր նախապայմանները, որոնք, ի տարբերություն ամերիկյան նոր նախաձեռնության, նպատակ ունեն Բաշար Ասադի իշխանության տապալումը, եւ ոչ թե ջիհադիստների (ISIS եւ այլք) կազմաքանդումն ու ոչնչացումը: Նախագահ Օբամայի վարչության հավանաբար ամենաանկեղծ մարդըՙ փոխնախագահ Ջո Բայդենը, անշուշտ արձագանք դառնալով վարչության մեջ ներքին դժգոհության, հանկարծ հնչեցրեց զանգըՙ Անկարան չի կատարում իր վրա դրված պարտականությունը: Ու թեեւ, ճիշտ է, մի քանի օր հետո Բայդենը հետ վերցրեց Էրդողանին ու Դավութօղլուին հղած իր մեղադրականը, սակայն, իմ կարծիքով, նրա մեղայականը ոչինչ չի փոխում իրականության մեջ. Էրդողանը ստիպված է քայլ կատարել, Վաշինգտոնի ուզա՛ծ քայլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ