ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն Է ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Խորհրդային տարիներին Հայաստանը արդյունաբերական երկրի համարում ուներ: Եթե նկատի ունենանք, որ Խորհրդային Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ տնտեսության այս ճյուղը ահռելի բաժին ուներ` 70-80-ական թվականներին մոտ 60 տոկոս, ապա նման համարումը միանգամայն արդարացված եւ հիմնավոր էր: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության հետ անկախության առաջին տարիներին, երեւի կարիք չկա եւս մեկ անգամ հիշեցնել: Դրանից հետո, միայն 90-ականների վերջին տարիներին արդյունաբերության զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր արվեցին: Առանձին ճյուղեր` սննդարդյունաբերություն, ադամանդագործություն` զարգացան, հանքարդյունաբերությունը շարունակեց հանքանյութ արդյունահանել: Արդյունքում, Հայաստանում սկսվեց ձեւավորվել արդյունաբերական բոլորովին այլ կառուցվածք, իսկ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում նախկինի հեռավոր նմանությունն անգամ չէր հիշեցնում: Մեքենաշինության փոխարեն սննդարդյունաբերությունը Համաձայն 1985 թվականի տվյալների, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում ամենամեծ բաժինն ուներ մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն)` 30,3 տոկոս: Արդյունաբերական հզորությունը խորհրդանշող հենց այս ճյուղն էլ ամենամեծ կորուստն ունեցավ 90-ականներին, ինչի արդյունքում ճյուղի ավելի քան 150 ձեռնարկություններից, ներկայումս, մասնակի հզորություններով գործում է հազիվ մեկ տասնյակը: Երկրորդը թեթեւ արդյունաբերությունն էր, որի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի ծավալում 25 տոկոս էր, որից 15 տոկոսը միայն կոշիկի արդյունաբերությունն էր: Այստեղ եւս եղան խոշոր կորուստներ: Հատկապես կոշիկի արդյունաբերությունը գրեթե վերացավ: Միայն վերջին տարիներին սկսել են փորձեր ձեռնարկվել վերականգնելու այս ճյուղի զարգացումը, ստեղծվել են ժամանակակից պահանջներին համապատասխան կոշիկների արտադրություններ: Երրորդ տեղում սննդարդյունաբերությունն էր, որը 1985-ին տալիս էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի 18,8 տոկոսը: Ապա գալիս էին շինանյութերի արդյունաբերությունը` 5,4 տոկոս, քիմիական արդյունաբերությունը` 5,2 տոկոս, գունավոր մետալուրգիան` մոտ 5 տոկոս: Մնացածը արդյունաբերության այլ ճյուղերն էին: Ինչպե՞ս է փոխվել այս կառուցվածքը անցած ավելի քան 20 տարիների ընթացքում: 2013-ի դրությամբ, արդյունաբերական արտադրանքի 62,6 տոկոսն այժմ մշակող արդյունաբերությունն է` հիմնականում սննդամթերքի, խմիչքների, մետաղների, ծխախոտի արտադրությունը , 20,2 տոկոսը` էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը, 15,8 տոկոսը` հանքարդյունաբերությունը եւ 1,4 տոկոսը` ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ մշակում: Ո՞ր ճյուղերն ենք ցանկանում զարգացնել Հայաստանի նախորդ` Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը մշակեց եւ սկսեց իրագործել արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր: Ընտրվել էին հետեւյալ ճյուղերը` կոնյակագործություն, գինեգործություն, պահածոների, հյութերի, ջրերի արտադրություններ, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամացույցների արտադրություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղարտադրություն, տեքստիլ արտադրություն: Ընդ որում, նշվածներից մի քանիսին ներկայացնող մասնավոր հատվածի հետ կնքվել էին համագործակցության պայմանագրեր: Նոր կառավարությունը դեռեւս չի ներկայացրել արդյունաբերության զարգացման սեփական պատկերացումները կամ ծրագրերը, չի նշել` շարունակելո՞ւ է իրագործել 2011-ին ընդունված արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման աջակցության ծրագիրը, թե՞ չի շարունակելու կամ այլ ռազմավարություն է ընդունելու: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ շուտով հանդես կգա մամուլի ասուլիսով եւ կներկայացնի իր ծրագրերը այս հարցերի վերաբերյալ: Մինչ այդ, փաստենք, որ անցած 5 հարիների ընթացքում Հայաստանի արդյունաբերությունն, այդուհանդերձ, նկատելի աճ է արձանագրել գրեթե բոլոր ցուցանիշների առումով: Արդյունաբերության ծավալները 5 տարում գրեթե կրկնապատկվել են Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013-ին 2009-ի համեմատ ավելացել է 1,9 անգամ` 669 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 242 մլրդ դրամի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ավելացել է նաեւ արդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ): Եթե 2009-ին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել էր 13,6 տոկոս, ապա հաջորդ 5 տարիներին ընթացքում, աստիճանաբար ավելանալով, 2013-ին կազմել է 17,3 տոկոս : Նույնն է նաեւ արդյունաբերության մասնաբաժնի ցուցանիշը ավելացված արժեքում` առանց անուղղղակի հարկերի: 2013-ին այն կազմել է 19,5 տոկոս` 2009-ի 15,1 տոկոսի փոխարեն: Վերջին 5 տարիների ընթացքում արդյունաբերական կազմակերպությունների թիվն է ավելացել` 2367-ից 2013-ին հասնելով 2726-ի: Այդ ձեռնարկություններում աշխատողների թիվն էլ 2009-ի 78,8 հազարից 2013-ին հասել է 83,9 հազարի: Առանց չափազանցության պետք է ասել, որ վերջին 5 տարիներին եւ հատկապես 2010-2012 թվականներին Հայաստանի արդյունաբերությունը զարգացման ամենաբարձր տեմպերն է ունեցել, ինչի արդյունքում էլ արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե կրկնապատկվել են: Համեմատության համար նշենք, որ նախորդող` տնտեսական երկնիշ աճի ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի կրկնապատկումը տեղի էր ունեցել 7 տարվա ընթացքում` 2008-ին 2002-ի նկատմամբ: Փաստենք, որ ծավալների ավելանալուն զուգահեռ` բարձր աճ ապահովելն օբյեկտիվորեն ավելի դժվար է դառնում: Նշենք նաեւ, որ 2010-ին արդեն այդ ծավալները գերազանցել էին նախաճգնաժամային 2008-ի ծավալները: Այդուհանդերձ, ասել, թե Հայաստանն արդեն վերադարձրել է արդյունաբերական երկրի համարումը, չի կարելի: Գուցե այդ ճանապարհին ենք, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն: Եթե տնտեսական ընդհանուր աճը պայմանավորված լինի եւ տեղի ունենա առավելապես արդյունաբերության շնորհիվ, եթե առաջիկա 5 տարիներին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության ներկայիս 17,3 տոկոս մասնաբաժինը կրկնապատկվի եւ եթե այն դառնա ՀՆԱ-ի առաջատար ճյուղը, այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել արդյունաբերական երկրի մասին: Իսկ արդյունաբերության զարգացումը կամ արդյունաբերական երկիր կոչվելը ինքնանպատակ չէ: Դա նշանակում է նոր եւ կայուն աշխատատեղեր, սոցիալական վիճակի եւ բարեկեցության այլ մակարդակ, երկրի տնտեսության հուսալիության եւ պետականության ամրության որակապես այլ վիճակ: |