ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ «ՊԱՏՈՒՀԱՍԸ» ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Կամ թթի օղի` միսդըր Ուոլտերի համար ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ, անկախ նրանիցՙ դրանք հայամետ են, թե՞ հակառակը, քննարկելիս անհրաժեշտ է հիշել մի քանի առանձնահատկություններ: Նախ, համաեվրոպական այս կառույցը միջազգային այլ կառույցներից առանձնապես չի տարբերվում այն մասով, որ ընդունված բանաձեւերը, մանավանդ հայտարարությունները որեւէ իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն անմիջական կամ առհասարակ կատարման: Հաջորդը, համաեվրոպական կառույց լինելը ԵԽԽՎ-ին կոնկրետ չի ազատում սուբյեկտիվությունից, քանի որ Եվրոպան` որպես Արեւմուտքի մաս ունի իր քաղաքական շահերը, որոնք, որպես կանոն հակասում են «ռուսական ազդեցության տակ գտնվող երկրների» շահերին: Երրորդը, այլ բան է, երբ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունում, կամ հայտարարություն (դրա տեքստը), բոլորովին այլ բան է, երբ հայտարարությամբ է հանդես գալիս ԵԽԽՎ-ի նախագահը: Վերջինս ի դեպ, ազգությամբ ֆրանսիացի Ռենե Ռուկեն, բոլորովին վերջերս` Երեւանում, հայտարարել էր, որ ԼՂ հարցով բանակցություններում ժամանակն է լսելու նաեւ ԼՂ «դե ֆակտո» իշխանությունների ձայնը, հասկանալի էՙ որպես հակամարտության իրական կողմի, հասնելով «կողմերի» համաձայնությանը` վերականգնելու Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին: Ուրեմն, երբ քննարկում ենք ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը «վրա հասած պատուհասը», կամ վերջինիս պահվածքը, չպետք է մոռանանք այս մի քանի առանձնահատկությունները: Իմիջիայլոց, նախքան ՀՀ պատվիրակությանը «նեղելը» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ինչպես պետք է «նեղել» էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին` կապված վերջինիս երկրում իրականցված եւ իրականացվող բռնաճնշումներին: Բայց եթե մենք այդքան էլ չենք կարեւորելու ԵԽԽՎ-ի կայացրած որոշումը ԼՂ-ի մասին, ուրեմն չենք կարող կարեւորել նաեւ Մամեդյարովին վիճակված «տհաճ պահերը», կամ` հակառակը, եթե մենք կարեւորում ենք առաջինը, ուրեմն մեզ համար կարեւոր պետք է լինի նաեւ երկրորդը: Ի՞նչ է ուրեմն տեղի ունեցել Ստրասբուրգում: Ինչպես հայտնում են հայկական որոշ ԶԼՄ-ներ` «Ընդառաջելով Ադրբեջանին` ԵԽԽՎ-ն որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով եւ վերնագրից ենթադրելի` բովանդակությամբ: Հայկական պատվիրակությունը, ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, այս որոշման կայացման պահին դուրս է եկել նիստերի դահլիճից, ինչի համար, արդեն Երեւանում, արժանացել է նույն պատվիրակության ընդդիմադիր անդամ Լեւոն Զուրաբյանի սուր քննադատությանը: ՀԱԿ անդամը մասնավորաբար նշել է, որ` «Հայկական պատվիրակությունն իրեն խայտառակ պահեց», առանց մանրամասնելու, անշուշտ, որը ինքը եւս, փաստորեն` «իրեն խայտառակ պահած պատվիրակության» անդամ է: Հիմա, իսկ ի՞նչ պետք է աներ Հայաստանի պատվիրակությունը նման պարագայում: Ընդունենք, որ տարբերակներ կան: Օրինակՙ կարող էին չհեռանալ, այլ մասնակցել որոշման ընդունմանը, թեկուզ դրան դեմ արտահայտվելով: Բայց սա կնշանակեր, որ Հայաստանի պատվիրակությունն ընդունում է, որ ԼՂ հարցով Մինսկի խմբի առկա բանակցային ձեւաչափից բացի կարող է լինել նաեւ այլ, ասենք` ԵԽԽՎ-ի ձեւաչափով միջնորդական կողմ, որը իրավասու է որոշումներ ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ` տալով այս հակամարտության վերջնական եւ արդարացի լուծմանը խոչընդոտող խիստ վտանգավոր սահմանումներ եւ ձեւակերպումներ: Հայաստանի պատվիրակությունը, ինչպես գիտենք, այսկերպ չի վարվել: Նա կարող էր նաեւ չհեռանալ, այլ պատվիրակության բոլոր անդամներով կանգնել եւ աղմկել` ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ` թույլ չտալով եվրոպացի հարգարժան պատվիրակներին աշխատել: Այսինքն ԵԽԽՎ-ում ներմուծեին հայրենական խորհրդարանի որոշ բարքեր: Բայց մերոնք այսկերպ էլ չեն արել: Եւ վերջապես նրանք կարող էին ոչ միայն հեռանալ, այլեւ նիստերի դահլիճի դուռը ուժեղ փակելուց այն կոտրել` թողնելով եվրոպացիներին ծախսի տակ (ի դեպ, կահույքը Ստրասբուրգում բավական թանկ արժի): Մերոնք արել են այն, ինչը արել են, ընդ որում, մերոնք ասելով նկատի ունենք` այդ թվում Լեւոն Զուրաբյանին: Խնդիրն իրականում Հայաստանի պատվիրակության այդ օրվա պահվածքը չէ, այլ նրա ընդհանուր անգործությունը: Եթե անգամ «ԵԽԽՎ-ների» նման որոշում-բանաձեւ-հայտարարությունները իրավական ուժ չունեն, եթե անգամ դրանք չեն կարող կարեւոր լինել` ոչ հակամարտության կարգավորման տեսանկյունից, ոչ էլ հակամարտության առանձին կողմերի համար, միեւնույն է, չպետք է թույլատրվեր միջազգային այս կամ այլ որեւիցե մարմնի ընդունել նման որոշում: Իսկ որպեսզի թույլ չտրվի, պետք է աշխատել ոչ միայն Ստրասբուրգում գտնվելու օրերին, այլեւ Երեւանում` Ստրասբուրգի հետ: Պարզ է, որ «Ադրբեջանի պահանջը»` ընդունել նման ձեւակերպումներով որոշում ԵԽԽՎ-ում նոր չէ որ քննարկվում է, որպես կանոն նման որոշումների տեքստերը որոշման կայացման օրից մի քանի ամիս առաջ են բերվում խորհրդարան, կնշանակի կամ հայկական պատվիրակությունը այդ մասին չի իմացել, կամ իմացել, բայց չի կարեւորել, կամ էլ իմացել, կարեւորել է, բայց չի կարողացել դեմն առնել: Բոլոր պարագաներում էլ մեր պատվիրակությունը լավ չի գործել, ի դեպ, երբ ասում ենք` մեր պատվիրակությունը, նկատի ունենք` այդ թվում Լեւոն Զուրաբյանին: Ինչեւէ, ԵԽԽՎ-ն արդեն իսկ որոշումն ընդունել է, ինչը, ինչպես ամենասկզբում նշեցինք, ունի իր առաձնահատկությունները, որոնց մասին չպետք է մոռանալ: Այլ բան է այստեղ ուշագրավը: Նույն որոշման մեջ ԵԽԽՎ-ն լիազորել է իր պատվիրակ անգլիացի Ռոբերտ Ուոլտերին` «գնալ Լեռնային Ղարաբաղ` տեղում ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին եւ այդ մասին ԵԽԽՎ-ին զեկույց ներկայացնել»: Արդեն այս մասը որոշմանՙ կատարյալ աբսուրդ է: Այսինքն, ԵԽԽՎ-ն, նախքան իր իսկ պատվիրակից համապատասխան զեկույցին ծանոթանալը, արդեն իսկ վստահ է, որ Լեռնային Ղարաբաղը եւս «ադրբեջանական օկուպացված տարածք է», եւ դա հերիք չէ, դեռ այնտեղ էլ, ինչպես նաեւ «Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», բռնաճնշումներ է նկատում: Հիմա, եթե ԵԽԽՎ-ն իրոք վստահ է իր այս որոշման մեջ, ապա էլ ինչո՞ւ է խոչընդոտում իր անգլիացի պատվիրակ, միսդըր Ուոլտերի անդորրը եւ նրան գործուղում «բռնաճնշումների գոտի». գուցե հարգարժան Ուոլտերը արդեն ձանձրացրե՞լ է ԵԽԽՎ-ի ոչ պակաս հարգարժան կազմին եւ նրան Ղարաբաղ գործուղելով խորհրդարանը ցանկանում է առժամանակ ազատվե՞լ նրանից: Նման ցանկություն, իմիջիայլոց, ԵԽԽՎ-ի եթե ոչ բոլոր, ապա որոշ պատվիրակների մոտ կարող է եւ լինել: Միսդըր Ուոլտերը բավականին հայտնի անձնավորություն է` «գործում». հենց նա էր, ով ղեկավարում էր Ադրբեջանում վերջին նախագահական ընտրություններին մասնակցած ԵԽԽՎ-ի դիտորդական պատվիրակությունը եւ հենց նրա` այդ ընտրություններն ամփոփող զեկույցն էր, որը սկզբունքորեն տարբերվում էր այլ միջազգային զեկույցներից: Մասնավորաբար, Ուոլտերն ու նրա հետ Ադրբեջան ժամանած տղաները հայտարարել էին, որ «Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ»: Այս եզրահանգումից, ավելի ճիշտ` հայտագործությունից հետո, նույն Ուոլտերն արժանացավ, օրինակ, բրիտանական «Գարդիան»-ի ուշադրությանը. հանրահայտ պարբերականը տեղեկացրեց, որ «Ուոլտերի համար, ով Ադրբեջանից վերադարձել է խավիարի հսկայական պաշաներով, գորգերով եւ այլն... Ադրբեջան կատարած աշխատանքային գործողումը իսկական հանգիստ էր...»: Հիմա նույն այս Ուոլտերը պետք է գա` Ղարաբաղ: Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք միայն ուրախ են այդ կապակցությամբ, քանի որ` «Ուոլտերը հնարավորություն կստանա տեղում ծանոթանալ իրավիճակին եւ համեմատել Արցախի Հանրապետությունը արդեն իսկ բոլորին հայտնի Ադրբեջանի հետ»: Ավելացնելու թերեւս ոչինչ չունենք, միայն իրազեկենք միսդըր Ուոլտերին, որ Ստեփանակերտում սովորություն չունեն խավիար եւ գորգ նվիրել` զեկուցագրերի դիմաց, բայց լավ թթի օղի ունեն, ինչը օգտագործելուց հետո, որպես կանոն, մարդիկ ավելի անկեղծ են դառնում: |