ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳ`«ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն ու «անակնկալ» ձեւով որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ահագնացման մասին» զեկույց պատրաստելու մասին: Զեկուցող էլ նշանակվել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը, որի մասին ավելին չնշելու ցանկությունից ելնելով միայն հիշեցնենք, որ եզակի դիտորդներից էր` ադրբեջանական նախագահական ընտրությունները նորմալ որակելու առումով: Դատելով վերնագրից, ինչպես նաեւ զեկուցողի ադրբեջանական հաճո կեցվածքից, արդեն իսկ կարելի է ասել, որ անկողմնակալ, հավասարակշիռ զեկույց ունենալու ակնկալիքներ չպետք է լինեն, ավելինՙ պատրաստվելիք փաստաթուղթն ամենայն մանրամասնությամբ շարադրելու է Ադրբեջանի նախագահական նստավայրից ուղարկված կամ ուղարկվելիք նյութերը: Հայաստանյան իրականության մեջ այս թեման բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել, բայց հարցերը բաց են մնում` անկախ հնարավոր թեմաներից կամ թեմայից, որ կարող է ներառվել զեկույցում: Հարցերը բնավ էլ պատրաստվելիք զեկույցի բովանդակությանը չեն վերաբերում, քանի որ այդ մասին խոսելն ավելորդ է: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վարած «ձկնկիթային դիվանագիտության» մասին բավարար խոսվել ու գրվել է, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու լավ կառավարման հիմնարար սկզբունքների վրա կառուցված ԵԽԽՎ-ում ոչ մի կերպ հիմնական առաքելության մասին հիշել չեն կարողանում: Ավելին, չնայած կառույցի հիմնական առաքելությանը, վեհաժողովում էլ կարծես Հայաստանի հանդեպ վերաբերմունքում ծանրանում է այլ, մասնավորապես` Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները բացասաբար գնահատելու կշիռը: Այսինքն` հավանական է, որ այսպիսի զեկույց պատրաստելու որոշման հիմքում բացի բուն արցախյան հարցը կամ Ադրբեջանին սիրաշահելը, կա նաեւ Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում ինչ-որ բան հասկացնելու խնդիրը: Հատկապես կարեւոր է, որ թեեւ ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ համատեքստում է` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բայց Եվրոպայի խորհրդից էլ փորձ է արվում խառնել խաղաքարտերը այնտեղ, որտեղ Ռուսաստանը համանախագահող է` նախագահների մակարդակով հանդիպումների ամենաակտիվ նախաձեռնողը: Ամեն դեպքում, ադրբեջանական փողերը երեւի ավելի մեծ դերակատարություն ունեցան զեկույցի առնչությամբ, եւ այդ փողերի դիմաց փորձ է արվում քիթը խոթել այնպիսի տեղեր, մինչեւ ուր հասնելուց առաջ լավ կլիներ շատ այլ թեմաների անդրադառնալ. քաղբանտարկյալներ Ադրբեջանում, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, հանրային դիվանագիտության մեջ ներգրավվածների նկատմամբ ճնշումներ, ձերբակալություններ, կալանքներ… Թվարկումը կարելի է գրեթե անվերջ շարունակել, քանի որ Ադրբեջանում անխախտ է միայն սուլթանական իրականության մեջ ապրող Ալիեւ կտրսերի գահակալությունը. մնացյալի հետ կարելի է վարվել ուզածդ ձեւով: Այս պարագայում սակայն մտահոգողը բնավ էլ ԵԽԽՎ-ում Ադրբեջանում տիրող իրավիճակին անդրադառնալու բացակայությունը չէ: Մտահոգում է, որ առնվազն 1.5-2 տարի, մինչ զեկույցը կլինի պատրաստման փուլում, ԵԽԽՎ-ում շրջանառվելու է մի ձեւակերպում, որ «գյուտարարական» է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի համեմատությամբ. Լեռնային Ղարաբաղը զեկույցի վերնագրում մատուցվում է որպես «գրավյալ տարածք»: Սա թերեւս ՄԱԿ-ում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթերից հետո այն ձեւակերպման դրսեւորումն է, թե հետինն ավելի վատը կլինի, ինչպեսեւ տեղի ունեցավ: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեությանն անդրադառնալն իմաստ ունի երկու պատճառներով. նախ, շատ պարագաներում ուղղակի հնարավոր չէ «ձկնկիթի» դեմ պայքարել խոսքուզրույցով, ինչպես նաեւ հայ պատվիրակներին վեհաժողովում աշխատելու համար դեռեւս շատ հմտություններ են պակասում` բացի ճամպրուկ հավաքելուց, որը լավ կարողանում են: Դրա վկայությունն է նաեւ այն, որ թեեւ հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց նման բանաձեւ նախապատրաստելու որոշմանը, արված առաջարկությունը քվեարկությամբ մերժվեց: Այս երեւույթն էլ երկու կողմ ունի: Ցավալի է, որ հայաստանյան պատվիրակության համար նման բանաձեւ պատրաստելու առաջարկը թեեւ հայտնի էր, սակայն այդպես էլ ոչ մի կերպ գոնե չէր հանրայնացվել: Որպես երկրորդ հանգամանք կարեւոր է նշել, որ պատվիրակության ներկայացուցիչները միասնաբար աշխատելու հմտություն եւս չունեն, եթե չասենք ցանկություն, որի պատճառով էլ նման կարեւոր հարցերի վերաբերյալ չհամակարգված գործունեությամբ ոչ մի արդյունքի չեն հասնում: Կան հարցեր, որոնց առնչությամբ չպետք է կարեւորվեն ներքին խոհանոցային, կուսակցային, սեռատարիքային տարբերությունները, սակայն վեհաժողովական հայերը դեռեւս այդ մակարդակին չեն հասել: Հայ պատվիրակները, ինչպես շատ բան Հայաստանում, չունեն որեւէ ռազմավարություն, այլ միայն մարտավարական հարցերով են կարողանում նույն սեղանի շուրջը նստել, ինչի հետեւանքով էլ դեռեւս ամառային նստաշրջանում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու Ադրբեջանի տապալված նախաձեռնությունը դաս չեղավ, վերլուծությունների տեղիք չտվեց, մոտեցում չձեւավորեց: Այժմ էլ երկրորդ հիմքն է ձեւավորվում Հայաստանին ապակառուցողական լինելու հարցում մեղադրանքներ ներկայացնելու առումով: Զեկույցը պատրաստելու համար զեկուցողը մի քանի անգամ պետք է լինի Լեռնային Ղարաբաղում, որտեղից արդեն իսկ հայտարարել են, թե նման վերնագրով զեկույց պատրաստողին ԼՂՀ իշխանությունները թույլ չեն տա լինել Արցախում: Այսինքն` Ադրբեջանի ձեռքում հայտնվելու է եւս մեկ խաղաքարտ, ճիշտ այնպիսին, ինչպիսին կա հենց Ադրբեջանի դեմ, որ զեկուցողի աշխատանքները խոչընդոտվում են: Բայց քանի որ Ադրբեջանի դեմ ոչ մի քայլ էլ չձեռնարկվեց նույն այդ համատեքստում, Արցախի դեմ ընդհանրապես ոչինչ չի կարող արվել, Հայաստանին էլ թերեւս նեղելու առիթներ մատուցվեն: ԵԽԽՎ զեկույցները կարող են ընդունվել ի գիտություն, կամ դառնալ բանաձեւի հիմք, ինչն իրապես վտանգավոր է, անգամ եթե ԵԽԽՎ բանաձեւերը իրավական պարտադրանք չեն: Դրանք, միեւնույն է, բումերանգի էֆեկտով կարող են ու ազդում են այն ամենի վրա, ինչն այդուհետեւ կվերաբերի Արցախին, հակամարտությանը, Հայաստանին: |