RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1588, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած օրերին Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությանը մի խումբ ջավախքցի մտավորականներ նամակ էին հղել, որտեղ խնդրել-պահանջել էին Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում շոշափել նաեւ իրենց հուզող հարցերը: Ընդ որում, տվյալ պարագայում` միայն մեկ հարցը: Խնդիրն այն է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում շրջանառության մեջ մտած նոր օրենքի համաձայն` «Օտարերկրյա քաղաքացիները կարող են Վրաստանի տարածքում գտնվել վեցամսյա ժամկետում առավելագույնը 90 օր»: Ստացվում է,որ նրանք կարող են Վրաստանում տարեկան լինել 180 օր, ընդ որում ոչ միաժամանակ,այլ` 90 օրյա ընդմիջմամբ: Մինչդեռ, ինչպես ջավախահայ մտավորականներն են իրենց նամակում գրել` «գաղտնիք չէ, որ բազմահազար ջավախահայեր դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից եւ ձեռք բերել կամ ՀՀ, կամ ՌԴ քաղաքացիություն»: Նույն նամակից նաեւ տեղեկանում ենք, որ «մեծ թիվ են կազմում նաեւ այն ջավախահայերը, ովքեր Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտի հիմնադրման պահից, պահպանելով վրացական քաղաքացիությունը, ձեռք են բերել նաեւ ՀՀ քաղաքացիություն` այդպիսով հնարավորութուն ստանալով հնարավորինս անարգել մեկնել Ռուսաստան: Իսկ հիմա, վրացական համապատասխան գերատեսչությունները բացահայտել են այս ամենը եւ զրկել այս անձանց` Վրաստանի քաղաքացիությունից»: Արդյունքում, ստացվել է, որ բազմաթիվ ջավախահայեր իրենց իսկ տանը հայտնվել են հյուրի կարգավիճակում, եւ իրենց իսկ հայրենիքում կարող են մնալ տարեկան միայն 180 օր` 90 օրյա ընդմիջմամբ:

Խնդիրն, անշուշտ, լուրջ է, եւ պահանջում է երկկողմանի, եթե ոչ` եռակողմանի միջպետական քննարկում եւ հանգուցալուծում: Որպես այդպիսինը կարող է դիտարկվել վրացական իշխանությունների հավաստիացումների կենսագործումը, թե «նման կարգավիճակում գտնվող անձանց» Թբիլիսին պատրաստ է տալ` Վրաստանում «մշտական կացության իրավունք»: Սակայն, ինչպես պարզ է դառնում ջավախահայ մտավորականների նամակներից` Վրաստանի իշխանությունների այս հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ` «բազմահազար ջավախահայեր, ստանալով կացության կարգավիճակի մասին դիմումի մերժում, հայտնվել են սեփական տանն ապրելու իրավունքից զրկվելու վտանգի առջեւ»:

Հետեւաբար, Ջավախքի մի խումբ մտավորականները խնդրում-պահանջում են Հայաստանի ԱԺ պատվիրակությունից, որպեսզի վերջինս վրացական իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում հասնի նրան, որ` «Բոլոր ջավախահայերին անխտիր, անկախ իրենց քաղաքական հայացքներից, տարիքից եւ այլ տարբերանշաններից, տրվի կացության իրավունք, որով վերջիններս կշարունակեն ապրել եւ արարել իրենց հարազատ ընտանիքներում»: Ընդ որում նամակագիրները շեշտում են, որ պատրաստ են այս պահին անգամ վերականգնել իրենց վրացական քաղաքացիությունը, «եթե հնարավոր լինի առանց արտագնա աշխատանքի մեկնելու հայթայթել իրենց ապրուստը Վրաստանում»:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ իր ղեկավարած պատվիրակության անդամները վրացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում անշուշտ խոսել են նաեւ այս խնդրի շուրջ, գուցե ձեռք են բերվել պայմանավորվածություններ,կամ պայմանավորվածություններ` հետագայում պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին: Այս պահին գոնե Թբիլիսին խնդրի առնչությամբ որեւէ նորությամբ հանդես չի եկել: Երեւան վերադարձին այս կապակցությամբ գոնե պաշտոնապես չի արտահայտվել ջավախահայության այդ խնդրի մասին, թերեւս մոռանալով կամ անտեսելով, որ ջավախահայերին` սեփական տանը ապրելու իրավունքից զրկելով մենք ոչ միայն ջավախահայերին ենք կորցնում, այլ` Ջավախքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ