RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1609, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ (*)

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Աշխարհը թոհուբոհի մեջ է: Մերձավոր Արեւելքը դարձյալ վառոդի տակառիկի է վերածվել զարկ տալով նոր վերադասավորությունների: «Խալիֆայության» գազանությունները աշխարհի ուշադրության կենտրոնում են եւ տակնուվրա են արել քաղաքական օրակարգը շատ երկրներում: Այդ չարիքի գոյառումն ու առաջխաղացումները հետին պլան են մղել աշխարհի բազմաթիվ այլ խնդիրներ:

Այս ֆոնի վրա անիրական կլիներ ակնկալել որեւէ ներդրում աշխարհի կողմից մեր 100-ամյա վերքին: Հայաստանի ձայնը խլացվելու էր քաղաքական չափազանց հագեցած օրակարգերի քննարկումներում: Հայաստանի ղեկավարների պարտականությունն ու առաքելությունն էր վեր կանգնել այդ բոլոր բարդ ու հակասական ձայներից եւ ներկայացնել իր զեկույցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ֆորումում ամենահամապարփակ եւ ամենահաստատական զեկույցն էր, որ բնորոշում էր Հայաստանի ճակատագիրը ներկայի անտարբեր աշխարհում: Այն լույս սփռեց Հայաստանի դժվարին կացության վրա եւ այն գործոնների, որոնք է՛լ ավելի են սրում այդ վիճակը:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին, նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք այս կամ այն ձեւով ընդունել են հայերի Ցեղասպանության փաստը: Նույն ոգով նա դատապարտեց Թուրքիային պատմական ճշմարտությունը հերքելու համար: Նա անդրադարձավ նաեւ 2009-ի ցյուրիխյան արձանագրություններին, որոնք դեռեւս չեն վավերացել Թուրքիայի կողմիցՙ հակառակ միջազգային ճնշումներին:

Մերձավոր Արեւելքում քաղաքական նոր զարգացումների կոնտեքստում, երբ Սրբոց Նահատակաց եկեղեցին էր պայթեցվել Դեր Զորում, Ցեղասպանության թեմային անդրադառնալը շատ տեղին էր, քանի որ հիշեցնում էր աշխարհին, որ ISIS-ը ոչ միայն սարսափեցնում էր աշխարհին իր գլխատումներով, այլեւ համամարդկային առումով մեծագույն հանցագործությունը գործումՙ պայթեցնելով Ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ մարդկանց աճյունները:

Նույնպես տեղին էր հիշեցնել ֆորումի ներկայացուցիչներին, որ Ադրբեջանն է, որ չի կատարում միջազգային պայմանագրերի իր պարտավորությունները: Նախագահ Սարգսյանը մի անգամ եւս կրկնեց, որ խաղաղ կարգավորումից բացի այլընտրանքային լուծում չկա ղարաբաղյան հակամարտությանը, եւ դրան հասնելու ամենահարմար միջոցը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, որը լավատեղյակ է այդ հարցում:

Ընդհանուր առմամբ շատ ուժեղ զեկույց էր, որ դրական արձագանք գտավ լրատվամիջոցների էջերում եւ քաղաքական շրջանակներում նաեւ այն պատճառով, որ Հայաստանին սպառնացող երկու դեւերը իրենց անձնական խնդիրներն ունեն միջազգային հասարակության հետ: Թուրքիան անպատասխան թողեց նախագահ Օբամայի կոչըՙ մասնակցելու ISIS-ի դեմ պայքարելու կոալիցիայի ստեղծմանը: Մինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է սահմանափակել ISIS-ի գործունեությունը, Թուրքիան շարունակում է զինել նրան եւ օգնել, որ նա իր նպատակին հասնիՙ այսինքն խորտակի Սիրիայում գտնվող քրդական անկլավը, որ կարող է նաեւ վտանգ սպառնալ Թուրքիային, որտեղ քրդերը պայքարում են իրենց իրավունքները վերականգնելու համար: Նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը ԱՄՆ կատարած իր առաջին այցելության ժամանակ սառը վերաբերմունքի արժանացավ եւ հանդիպեց միայն փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Մյուս կողմից, հակառակ իր խավիարային դիվանագիտությանը, Ադրբեջանը չափազանց վատ իրավիճակում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառով: ՄԱԿ-ի կտտանքների կանխարգելման ենթահանձնախումբը վերջերս առկախեց իր Բաքու այցելությունը, նշելով, որ Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել համաշխարհային այդ կառույցի հետ:

Մարդու իրավունքների կազմակերպություններն ու միջազգային մամուլը չափազանց քննադատական մոտեցում են վերապահում Ադրբեջանի վարչակազմի ճնշումային քաղաքականությանը: Նույնիսկ նախագահ Օբաման, իր ելույթներից մեկի ժամանակ խարազանեց Բաքվի առաջնորդներին իրենց բռնատիրական գործունեությունների համար:

Մինչդեռ Հայաստանը Ադրբեջանից առաջ անցնելով իր տեղը բարելավեց Արեւելյան գործընկերության երկրների մամուլի ազատության ցուցակում:

Ճակատագրի հեգնանքն այն է, որ նման իրադարձությունների պայմաններում, նախագահ Սերժ Սարգսյանը տուն է վերադառնում դիմագրավելու ընդդիմադիրներին, որոնք իշխանափոխություն են պահանջում: Հայերս անիրական աշխարհում ենք ապրում: Երբ երկիրը պատերազմ է մղում աղքատության, արտագաղթի, շրջափակման դեմ եւ երբ իր ճակատագիրը դեռեւս անորոշ է (Եվրոմիության եւ Մաքսային միության միջեւ), անհրաժեշտ է, որ բոլոր ուժերը համախմբվեն եւ միասնաբար պայքարեն այդ բոլորի դեմ: Նշենք նաեւ, որ ընդդիմադիրների շարքերում գտնվողները բոլորն էլ ժամանակին եղել են իշխանության ղեկին եւ ավելի լավ չեն դրսեւորել իրենց: Այնպես որ հիշենք, որ պատմականորեն մեր բոլոր վեճերի արդյունքում մենք կորցրել ենք մեր հայրենիքը: Եկեք այս անգամ նախ հաղթանակենք պատերազմում եւ ապա մաքրենք մեր ներքին հաշիվները:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

(*) Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով, մասնավորապես Թոմաս դը Վաալին վերաբերող հատվածի կրճատումով, քանի որ վերջինիս հոդվածը ամբողջությամբ տպագրում ենք առանձին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ