ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Ա. Մ. Համաշխարհային բանկի տարեկան ժողովում ներկայացվել է համընդհանուր տնտեսական հեռանկարի մասին բանկի փորձագետների գնահատականը: Ըստ ՀԲ կանխատեսումների, 2014 թվականին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ակնկալվում է 1,8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015-ին` 2,1 տոկոս: Այդ մասին նշվում է ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ Համաշխարհային բանկի տարածաշրջանի փոխնախագահ Լորա Թաքի, ուկրաինական ճգնաժամը ունեցել է իր բացասական ազդեցությունը երկրների տնտեսական աճի վրա: Սակայն, դրանից բացի, երկրներից շատերը ունեն կառուցվածքային խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք են զգում: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր` ԱՊՀ, Վրաստան, Ուկրաինա եւ Թուրքիա տարածաշրջանին, ապա Համաշխարհային բանկը տնտեսական աճի այսպիսի կանխատեսումներ է ներկայացնում 2014 թվականի համար` Ռուսաստան` 0,5 տոկոս աճ, Բելառուս` 1,5 տոկոս, Մոլդովա` 2 տոկոս, Ղրղզստան` 3 տոկոս, Հայաստան` 3 տոկոս, Ղազախաստան` 4,3 տոկոս, Ադրբեջան` 4,5 տոկոս, Վրաստան` 5,5 տոկոս, Տաջիկստան` 6,5 տոկոս, Ուզբեկստան` 7,9 տոկոս, Թուրքմենստան` 10,4 տոկոս, Թուրքիա` 3,5 տոկոս աճ: Ուկրաինայի համար ՀԲ-ն կանխատեսել է 8 տոկոս անկում: |