140 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԵՎԱԴԱՇՏ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հ. Ծ. Արմավիրի Արեւադաշտ գյուղը (Սարդարապատից մի քանի կիլոմետր հեռավորությամբ) նոր դպրոց է ունենալու, որի համար Գլենդեյլում (Կալիֆոռնիա) գործող Հայ կրթական հիմնադրամին (ՀԿՀ) սատարող ազգային բարերարներ հանգանակել են 140 հազար դոլար, տեղեկացնում է այդ առթիվ «Ազգ»ի ստացած մամուլի հաղորդագրությունը: Առ ի գնահատանքՙ Արմեն եւ Սիլվա Գյուլնազարյանները սեպտեմբերի 7-ին իրենց տանը հյուրընկալել են բարերարներին: ՀԿՀ-ի անունից իր շնորհակալություններն է հայտնել նրանց եւ ներկաներին իրենց աջակցության համար կրթական հիմնադրամ-հաստատության նախագահ Ալ Կապրալովը: Նա նաեւ զեկուցել է ՀԿՀ-ի գործունեության մասին, նշելով, որ արդեն իսկ իրականացվել են ավելի քան 200 դպրոցների վերանորոգման աշխատանքները, եւ հատկապես իր երախտիքը հայտնել Նշան Փիրումյանին, այդ աշխատանքները հաջողությամբ համակարգելու համար: ՀԿՀ-ի վարչության անդամ Պիտեր Բաղդասարյանը այնուհետեւ ներկայացրել է Արեւադաշտ դպրոցի ողբալի ու սրտաճմլիկ պայմանները, ցուցադրելով միաժամանակ Քրիստինա Շաքարյանի պատրաստած հուզիչ տեսաֆիլմը: Երեկոյի ընթացքում հատուկ շնորհակալության եւ պատվի է արժանացել Ջորջ Ջորջորյանըՙ ՀԿՀ-ին հարատեւորեն աջակցելու եւ հիմնադրամին 250 հազար դոլարի նվիրատվություն կատարելու համար: Այդ նվիրատվությունից կօգտվեն Գյումրիի, Ալավերդիի, Սպիտակի, Էջմիածնի, Դիլիջանի եւ Ստեփանակերտի ավագ դպրոցների բազմաթիվ աշակերտներ: |