ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը եւ տեղեկություն ներկայացնել հարկային մարմին»: Այսպիսի հիմնավորմամբ երեկ կառավարությունը հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել տոնավաճառների առեւտրականներն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կատարվող փոփոխությունն առնչվում է օրենքի անցումային դրույթներին: Մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրանքային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կհետաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այդ ընթացքում ֆինանսների նախարարությունը 20 օրյա ժամկետում գույքագրման ձեւանմուշը հնարավորինս կպարզեցնի եւ տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ կանցկացնի: Ներկայացնելով այս փոփոխությունը, երեկ, կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ կառավարությունն ընդառաջ քայլ է կատարել փոքր եւ միջին ձեռնարկատերերին, որոնք դժվարություններ կունենային իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ հայտնելիս: Միեւնույն ժամանակ, փոխնախարարը փաստեց, որ օրենքը չի կասեցվել, այն շարունակվելու է գործել, 3,5 տոկոս հարկի փոխարեն առեւտրականները վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթավորման պահանջը պահպանվում է: Տեղեկացնելով, որ վերջին 5 տարիներին պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, Արմեն Ալավերդյանը ընդգծեց, որ այնուամենայնիվ, հասել ենք մի կետի, որ համախառն ներքին արդյունքի աճին զուգահեռ հարկային եկամուտների աճը անհնար կլինի առանց ստվերի կրճատման: «Փաստաթղթաշրջանառությունը պետք է ներդրվի եւ կիրառվի բոլոր տեղերում», ըստ ֆինանսների փոխնախարարի, սա կառավարության միանշանակ մոտեցումն է: ՀԴՄ-ներ նաեւ ապրանք առաքող մեքենաներում Խոսելով մեծածախ ապրանք մատակարարող խոշոր ընկերությունների վերաբերյալ երեկ կառավարության ընդունած որոշման մասին, ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային տարբերակին անցնելու համար հնարավորություն կտրվի այդ ընկերություններին ՀԴՄ-ներ ներդնել ապրանքն առաքող մեքենաներում: Նա նշեց, որ նման որոշումը պայմանավորված է այն բանով, որ շատ հաճախ մատակարարվող ապրանքը ամբողջությամբ չի իրացվում առեւտրի կետերում եւ դուրս գրված ապրանքի որոշ մասը մնում է: ՀԴՄ-ների առկայությունը ապրանք առաքող մեքենաներում հնարավորություն կտա անմիջապես նույն պահին մատակարավող ապրանքին համարժեք կտրոն տրամադրել մանրածախ առեւտրի կետին: Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ ՀԴՄ-ների ներդրումը ապրանք առաքող մեքենաներում կամավոր է լինելու: |