RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



ԽԱԲԵՈՒԹՅՈԻՆԸ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1966, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ

Հավաքեց եւ ներկայացրեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ

Այս հոդվածի հեղինակըՙ Սերգեյ Գալոյանը, «Ազգ»ի նախկին աշխատակիցներից է, եղել է մեր թերթի մշակույթի էջի պատասխանատուն: Վերջին տարիներին նա խորացել է գողական աշխարհի հանրահայտ դեմքերի կենսագրության, հայ եւ միջազգային հայտնի խաբեբաների արարքների էության, դրանց բացահայտման մեջ: Հեղինակ է մի շարք գրքերի եւ ուսումնասիրությունների: Ստորեւՙ նրա «վերադարձի» նյութերից առաջինը, որի թեման կհետաքրքի ոչ միայն արվեստի համաշխարհային շուկայում կեղծումների եւ խաբեբայությունների հարցերով հետաքրքրվողներին, այլեւ առհասարակ բոլոր ընթերցողներին:

«Ազգ»ը Ս. Գալոյանի նյութերը կհրապարակի պարբերաբար:


Երբ վաղնջական ժամանակներում մարդ արարածը ժայռերի վրա որսի տեսարաններ էր նկարում կամ փորձում էր կպչուն հողիցՙ կավից մամոնտ հիշեցնող ինչ-որ բան ստեղծել, մի ներքին զգացողությամբ այս պատկերները ընդունում էր որպես ակնահաճո, գեղեցիկ առարկաներ, որ կջերմացնեին իր աչքն ու հոգին: Ակամա նա դառնում էր առաջին հավաքորդըՙ կոլեկցիոները: Դարերի, հազարամյակների ընթացքում «նկարիչների», «քանդակագործների», «բանասացների», ապա նաեւՙ «գրողների» կողքին հայտնվեցին կեղծողները, ովքեր ստեղծողների, արարիչների հանճարը կամ գոնե տաղանդը չունենալով, փորձում էին կրկնօրինակել արդեն եղածը: Փաստորեն զբաղվում էին կեղծելով: Արվեստի պատմության մեջ կեղծումների բացահայտումների մասին հավաստի եւ ճշգրիտ տեղեկություններ հայտնվել են դեռեւս Վերածննդի դարաշրջանից:

1506 թվականին Ալբրեխտ Դյուրերը դատական հայց ներկայացրեց ոմն Մարկո Անտոնիո Ռայմոնդի դեմ, ով կեղծել էր գերմանացի նկարչի 990 փորագրանկար:

Հռոմի պապ Կլիմենտես 8-րդը, ցանկանալով հաճելի նվեր մատուցել Մանտուայի ամենազոր դերկոմս Ֆեդերիկո Գոզագին, որոշեց նրան նվիրել Ռաֆայելի նկարներից մեկը: Բայց իր մոտ եղած Ռաֆայելի բնօրինակից պապը չէր ուզում բաժանվել: Եվ նա ելքը գտավ: Նկարիչ Անդրեա դել Սարտոյին պատվիրեց անել Ռաֆայելի գործի կրկնօրինակը, հասկանալի է, այն ներկայացնելով որպես բնօրինակ:

Երիտասարդ Միքելանջելոն, ով դեռեւս բնավ ճանաչում չուներ, ստեղծեց Կուպիդոնի արձանիկի կրկնօրինակը, որը ոչնչով չէր տարբերվում հին հունական մարմարե քանդակներից: Այն ներկայացվեց որպես իրոք անտիկ գործ եւ վաճառվեց Հռոմի կարդինալ Ռաֆայել Ռիարիոյին այն ժամանակների համար առասպելական գնովՙ 200 դուկատով:

Եթե մինչեւ 19-րդ դարավերջ արվեստի գործերի, հատկապես նկարների կեղծումների մասին հազվադեպ տեղեկություններ էին հանդիպում, ապա այդ ժամանակներից արդեն ավելի ու ավելի շատ նկարներ սկսեցին կեղծվել: Ինչո՞ւ: Մարդիկ ցանկանում էին շքեղ ապրել եւ գիտակցում էին, որ հարուստ մարդը հանրահայտ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքների, հնաոճ իրերի, գրքերի հազվագյուտ հրատարակությունների տեր պետք է լինի: Երեկվա «մեծաքսակը» ցանկանում էր նաեւ իր արյան մեջ ազնվականի, արվեստի աշխարհի «նվիրյալի» տպավորություն թողնել: Իսկ դա կարելի էր անել այն պարագայում, եթե հզոր նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ ունես քո տանը: Հավաքորդների (կոլեկցիոներների) մի մեծ բանակ էր ստեղծվում: Մի քանի տասնամյակում շատ թանկարժեք (եւ ուղիղ, եւ փոխաբերական իմաստով) մասնավոր հավաքածուներ ստեղծվեցին: Այս մոլուցքը հասցրեց նրան, որ մեծ պահանջարկին ի պատասխան առաջարկը չէր կարողանում բավարարել մարդկային փառամոլության աներեւակայելի չափերը: Իհարկե, ոչ բոլոր կոլեկցիոներներն էին լիովին հասկանում արվեստի գործերից: Այդ իսկ պատճառով շուկան սկսեց հեղեղվել արվեստի գործերի կեղծված օրինակներով: Երեկվա ու այսօրվա վաճառականին, արդյունաբերողին, գործարարին, ով արդեն «մեծ փողեր» ուներ, բազմապիսի եւ բազմաթիվ կեղծիքներ էին առաջարկվում: Պատկերացրեք, որ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Միացյալ Նահանգներում հայտնվեց ավելի քան... երկու հազար «Ռեմբրանդտ»: Ռուս հանրահայտ նկարիչ, թանգարանագետ եւ վերականգնող Իգոր Գրաբարը (1871-1960 թթ.) ինքնակենսագրական «Իմ կյանքը» գրքում, խոսելով 20-րդ դարասկզբին ԱՄՆ եւ Եվրոպա կատարած իր այցերի մասին, գրում է. «Ամերիկայում առաջնակարգ մի շարք հավաքածուների հետ միասին շատ են նաեւ այնպիսիները, որոնք կիսով չափ կեղծված գործերից են կազմված: Շատ ու շատ կեղծված գործեր ես հայտնաբերեցի դիրիժոր Ստրանցկիի փառաբանված հավաքածուում, որում տասնյակ կեղծ «Մոնեներ» ու «Ռենուարներ» կային: Վան Գոգի աշխատանքների բեռլինյան ցուցահանդեսի բացումից առաջ կազմակեպիչըՙ Յուստը ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ցույց տվեց վան Գոգի 15 գործ, ցանկանալով իմանալ իմ կարծիքը: Դրանք բոլորն էլ կեղծված աշխատանքներ էին»:

Արվեստի կեղծված գործերը մեծ չափերի հասան հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ նկարների իսկությունը որոշող ֆիզիկա-քիմիական նոր մեթոդներ հայտնվեցին: 1965 թվականին պարզվեց, որ Լոնդոնի Ազգային պատկերարահում գտնվող, Գոյային վերագրվող կոմս Վելինգտոնի դիմանկարը պարզապես կեղծիք է:

1970 թվականներին ավստրալուհի Էլիզաբեթ Դուրակը (դե, այս տիկնոջ ազգանունն էլ այս է) մի քանի տարի նկարներ էր ստեղծում հնարովի աբորիգեն Էդդի Բուրոպի անվան տակ: Նա շատ լավ էր որսացել ժամանակի ջիղը. «պարզունակ» եւ էթնո արվեստը մեծ պահանջարկ ուներ: Կեղծիքը պարզվեց այն ժամանակ, երբ Լիզին առաջարկեցին ներկայացնել նկարչին: Նրա վարձած աբորիգենը պարզապես սովորական ալկոհոլիկ էր, ով անգամ մի նորմալ գիծ չէր կարող քաշել թղթի վրա: Էլիզաբեթ Դուրակը, սակայն, թեթեւ պրծավ: Դատարանը գտավ, որ նրա շնորհիվ ամբողջ աշխարհը սկսեց լուրջ հետաքրքություն ցուցաբերել ոչ միայն աբորիգենների պարզունակՙ «պրիմիտիվ» արվեստի, այլեւ ողջ Ավստրալիայի նկատմամբ:

1976 թվականին պարզվեց, որ Կոռնեյլի թանգարանում գտնվում են Կորոյի կեղծված գործերը: Ստեղծագործական իր ողջ կյանքում Կորոն ստեղծել է 600-ից ոչ ավելի գործ, բայց միայն արվեստի ամերիկյան շուկայում պտտվում է երեք հազար կեղծ «Կորո»:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում գտնվող ութհազարամյա արվեստի 66 արժեքներից (որոնց մի մասը իրականում հայկական ծագում ունեն եւ Նյու Յորք են հասել նաեւ Հայկական լեռնաշխարհից) միայն 18-ն են իսկական: Ներկայիս Թուրքիայի տարածքից Նյու Յորք հասած պատմական ու մշակութային «արժեքները» հատուկ հոգատարությամբ հավաստագրեր են ստացել եւ թուրք, եւ եվրոպացի, եւ ամերիկացի փորձագետների կողմից:

Բացառիկ կեղծումների մի շարան սկսվեց 1970-ական թվականների վերջերին, երբ սկանդալների մեծ սիրահար Սալվադոր Դալին հիվանդացավ Պարկինսոնի հիվանդությամբ եւ այլեւս չէր կարողանում վրձին վերցնել: Սակայն նրա ստորագրությամբ գեղանկարներն ու մատիտանկարները շարունակում էին հաճախակի հայտնվել: Այդ կեղծիքների ոգեշնչողը Գալան էրՙ Դալիի կողակիցը, իսկ հեղինակըՙ իսպանացի երիտասարդ նկարիչ Մանուել Պուխոլ Բալադասը: Երեք տարվա ընթացքում այս Պուխոլն ստեղծեց մոտ 400 ջրանկար, մատիտանկար, լիտոգրաֆիկ աշխատանք, 200-ից ավելի յուղանկար: Միայն Դալիի մահվանից հետո նա խոստովանեց մաեստրոյի կենսագրությունում ունեցած իր դերը:

Կոնրադ Քույաուն կեղծում էր Պիկասոյի, Վան Գոգի, իմպրեսիոնիստների գործերը, բայց առավել մեծ ճանաչման արժանացավ 1983 թվականին, երբ կեղծեց Հիտլերի գաղտնի «օրագրերը»: Հեղինակավոր բազմաթիվ փորձագետներ հաստատեցին «օրագրերի» իսկությունը, հայտարարելով, որ այստեղ ոչ մի կեղծիք լինել չի կարող: Իսկ մի շարք երկրների հանրահայտ պարբերականներ հատվածներ տպագրեցին այդ «օրագրերից»: Արդեն նույնիսկ նախանձախնդիրներ էին գտնվել, ովքեր ցանկանում էին դրանք հրատարակել առանձին գրքով, ամբողջությամբ: Բայց պարզվեց, որ «օրագրերի» թղթերի մեջ սպիտակեցնող այնպիսի նյութ կա, որը պարզապես գոյություն չուներ Համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ: Քույաուին ձերբակալեցին, դատեցին եւ ազատազրկեցին 3 տարով: Ազատվելով բանտից, խաբեբան շարունակեց կեղծել արվեստի գործեր, բայց նկարի վրա ինչ-որ տեղում իր փոքրիկ ստորագրությունն էր դնում, որպեսզի իրեն ոչ ոք չկարողանա մեղադրանք ներկայացնել:

Գերմանացի նկարիչ Օտտո Վակերն, իր մեջ հայտնաբերելով նմանակողի տաղանդ, սկսեց կեղծել վան Գոգի նկարները, եւ այդ կեղծիքները վաճառում էր իր գեղարվեստի սրահում: Կեղծումները շատ բարձր որակի էին, եւ խոշորագույն փորձագետները չորս տարի շարունակ գլուխ էին ջարդումՙ փորձելով կեղծիքները տարբերել վան Գոգի ստեղծած բնօրինակներից: Ինչպես տեղեկացնում է lookatme.ru" կայքը, Վակերը կեղծել է վան Գոգի 30 գործ: Դրանցից 6-ը փորձագետները ճանաչել էին որպես մեծ հոլանդացու ձեռքի գործ, իսկ մեկը երկար տարիներ համարվում էր Վաշինգտոնի Ազգային թանգարանի լավագույն նմուշներից մեկը:

1984 թվականին իտալացի ճարտարապետ եւ կոլեկցիոներ (հավաքորդ) Ջուզեպպե Սալցանոն աճուրդներից մեկի ժամանակ ձեռք բերեց Ջորջ դե Կիրիկոյի «Իտալիայի հրապարակը» նկարը, որը, պարզվեց, կեղծված գործ է, կրկնօրինակ: Սալցանոն պարզապես ցնցված էր կեղծարարի վարպետությունից: Փնտրեց, գտավ նրան: Դա, պարզվեց, 75-ամյա Անտոնիո Մազզիզն էր, ով հավաքորդին խոստովանեց, որ ստիպված կեղծում է մեծ վարպետների գործերը, որովհետեւ ապրուստ վաստակելու այլ միջոցի չի տիրապետում: Սալցանոն կազմակերպեց Մազզիզի «աշխատանքերի» ցուցահանդեսը, որը հսկայական հաջողություն ունեցավ: Ապա հավաքորդը բացեց «Պըտի արտ» պատկերասրահը, որտեղ աշխատում էր 48 նկարիչ: Իտալիայի մշակույթի նախարարությունը այս պատկերասրահում ստեղծված «գործերին» համապատասխան հավաստագրեր է տալիս: Իսկ գնորդները երաշխավորագրեր են ստանում այն մասին, որ այդ կտավները «բնօրինակի տեխնիկան եւ նկարելաոճը հարգող եւ դրանց հետեւող յուրօրինակ աշխատանքներ են»: Թանգարանի հաճախորդների թվում նշվում են արքայադուստր Դիանայի, Ֆրենք Սինաթրայի, Առնոլդ Շվարցենեգերի, Անտոնիո Բանդերասի եւ ուրիշ ճանաչված մարդկանց անուններ: «Պըտի արտ» պատկերարահի որոշ նմուշներՙ Ռաֆայելի «Աստվածամայրը», վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, Վելասկեսի ստեղծած դիմանկարները, Բոտիչելիի «Գարուն»-ը, Դեգայի «Պարողներ»-ը, Պիսսարոյի «Մոնպառնաս զբոսայգին» եւ այլ գործեր վաճառվել են մինչեւ 30 հազար դոլարով:

Ամենաանհեթեթ իրադարձությունն այս ոլորտում կարելի է համարել Վինսենթ վան Գոգի «Արեւածաղիկներ» նկարի կեղծումը... Սակայն չշտապենք, որովհետեւ այս պարագայում կեղծում բառն օգտագործելը ճիշտ չի լինի:

Ականավոր հոլանդացու «Արեւածաղիկներ»-ը, որը վաճառվել է Քրիստի՛զ աճուրդատանը 1987 թվականին 40 միլիոն դոլարով, պարզվեց, որ բնօրինակը չէ, չի պատկանում վան Գոգի վրձնին: Այսպիսի եզրակացության հանգեցին իտալացի փորձագետներն ու արվեստի պատմաբանները, ովքեր 2001 թվականի սեպտեմբերի վերջին իրենց նկատառումները հրապարակեցին "Quadrie Sculture" պարբերականում: Իրենց եզրակացությունները վերջիններս կազմեցին լրջորեն ուսումնասիրելով վան Գոգի եւ նրա նկարիչ-ընկերոջՙ Պոլ Գոգենի, ինչպես նաեւ Գոգենի բարեկամ Կլոդ-Էմիլ Շուֆենեկերի նամակագրությունները: Իրականում այսպես է եղել. 1888 եւ 1889 թվականներին վան Գոգն ստեղծել է այս նկարի 4 տարբերակ (արվեստի որոշ պատմաբաններ մինչեւ 10 տարբերակ են նշում, որի հետ դժվար է համաձայնվել): Բոլոր այս 4 գործերի գտնվելու վայրերը հայտնի են: Սակայն դրանց մեջ չի նշվում այն տարբերակը, որը գնել են ճապոնացիները 1987 թվականին:

Գոգենը մի քանի անգամ գրել է վան Գոգին, որ ինքը շատ է հավանում հոլանդացու այս գործը եւ շատ կուզեր նրանց (նկարչին եւ նկարը) նկարել իր արվեստանոցում: Գոգենի «Առաջ եւ հետո» նոթագրությունների տետրում, որը գրվել է 1903 թվականի հունվար-փետրվարին եւ առաջին անգամ հրատարակվել Մյունխենում 1914 թվականին, այսպիսի տողեր ենք կարդում. «...Ես մտահղացում ունեցա նկարելու նրան իր սիրած արեւածաղիկներով նատյուրմորտի վրա աշխատելիս: Երբ դիմանկարն ավարտված էր, նա ասաց.

- Այո, սա ես եմ, բայց խելագարված...»:

Որոշ ժամանակ անց Պոլը համոզում է Վինսենթին կարճ ժամանակով իրեն վստահել նկարը «ստեղծագործության գունային ներդաշնակությունը շնչելու համար»: Կարճ ժամանակ անց նկարը վերադարձվում է տիրոջը: Վան Գոգի մահվանից մեկ տարի անց ջրի երես դուրս եկավ «Արեւածաղիկներ»-ի եւս մեկ տարբերակ, որը մինչ այդ հայտնի չէր ոչ մեկին: Այդ ժամանակ նկարը գտնվում էր Կլոդ-Էմիլ Շուֆենեկերի մոտ: Եթե հաշվի առնենք մի հանգամանք, որ Շուֆենեկերը (ինչպես կպարզվի հետագայում) վաճառքի էր հանում հոլանդացու կեղծված (կամ կրկնօրինակված) մի քանի գործեր, ապա հետաքրքրական մի պատկեր է գծվում: Փորձագետներն այն եզրակացությանը եկան, որ «Արեւածաղիկներ»-ի իրենց ուսումնասիրած տարբերակը բնօրինակից նկարել է Գոգենը:

Հետաքրքրական է, որ կասկածելի «Արեւածաղիկներ»-ը ձեռք բերած ճապոնական «Yasuda Fire @ Marine insurance» ապահովագրական ընկերությունը հրաժարվել է նկարը փորձաքննության ենթարկել ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: Բայց պետք է նշել, որ իրականում «Արեւածաղիկներ»-ի ճապոնացի տերերը փաստորեն ոչինչ էլ չեն կորցրելՙ անկախ այն բանից, թե ում վրձնին է պատկանում իրենց ձեռք բերած նկարը: Չէ՞ որ Պոլ Գոգենի ստեղծագործությունները արվեստի գործերի շուկայում բավականին մեծ գներ ունեն: Ավելի ճիշտ կլինի ասելՙ նրանք շահել են. չէ՞ որ երկու անկրկնելի նկարչի շունչ կա իրենց գնած նկարում:

Արվեստի գործերի, հատկապես նկարների կեղծումների մասին հաղորդագրությունները շարունակական են: Եվ որքան էլ ցավալի էՙ այս որակի հանցագործությունները վիճակագրություն են դառնում: Ռուսական «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ» պարբերականում հանրահայտ վերլուծաբան հարգաժան Լարիսա Կիսլինսկայան դեռեւս 2006 թվականի հունվարի տպագրված իր հերթական ուսումնասիրությունում գրում է. «Փորձագետ արվեստաբանների հաշվարկներով այժմ շուկայում շրջանառվում է Հովհաննես (Իվան) Այվազովսկուն վերագրվող ավելի քան 60 հազար կտավ: Ճիշտ է, մեր հայրենակիցը շատ արդյունավետ է աշխատել, սակայն իր ողջ կյանքում նա ստեղծել է միայն 6 հազար գործ»:

Ահա, այսպես: Շարունակենք կեղծումների եւ դրանց հայտնաբերումների մասին հաղորդագրությունների թվարկումը...

2000 թվականի նոյեմբերին Սոթբի՛զում աճուրդից անմիջապես առաջ վաճառքից հանվեց Այվազովսկու մի գործը, Գոլովինի թատերական էսքիզները, Կուինջիի արվեստանոցում ստեղծված գործերը, Լեբեդեւի, Պետրով-Վոդկինի նկարները: Որոշ գործեր վաճառվեցին «Ատրիբուտվում է որպես Մարտիրոս Սարյան» նշումով: Իսկ թե դա ինչ է նշանակումՙ կարելի է հասկանալ, եթե մի փոքր պատկերացում ունես արվեստի մասին:

2012 թվականի մարտին «ՁՐՌցՎՒ» պատկերասրահի իրավաբան, հնաոճ իրերի Մոսկվայի հանրահայտ կոլեկցիոներների խոհրդատու, Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության հետաքննությունների կոմիտեի նախկին քննիչ Նիկիտա Սեմյոնովը հայտարարեց. «2000 թվականի կեսերին հեղինակավոր փորձագետ Վլադիմիր Պետրովը հանկարծ հրաժարվեց իր 200 փորձագիտական եզրակացություններից: Կարծում եմ, որ նա կանխարգելեց հարվածը մինչ այն, որ կարող էր լուրջ բան կատարվել: Դա համարձակ քայլ էր»: Թե ով է այս Վլադիմիր Պետրովըՙ շատ ավելի հստակ երեւում է 2014 թվականի փետրվարին, երբ Մոսկվայում ձերբակալվում է ոչ պակաս հայտնի փորձագետ Ելենա Բասները:

Իսկ մինչ 2014 թվականը աշխարհում ուրիշ իրադարձություններ էին արձանագրվում...

2013 թվականին Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» թանգարանում բացվում է կեղծված նկարների ցուցահանդես: Ինչպես նշված է «Ասոշիեյթըդ փրես» գործակալության տարածած հաղորդագրությունում, ցուցադրվող «գործերը» վերցվել էին Բրիտանիայի ոստիկանության պահոցներից: Ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն նկարներ եւ արվեստի գործեր, այլեւ փաստաթղթեր ու սարքավորումներ, որոնք օգտագործել են կեղծարարները վերջին մի քանի տարիների ընթացքում: Փորձագետներին առավել հետաքրքրեցին այն ամենը, ինչ կապված էր 20-րդ դարի վերջին տասնամյակների ամենահաջողակ կեղծարարներիՙ Ջոն Դրյուիի եւ Ջոն Մայաթի հետ: Ոստիկանությանը հաջողվել է գտնել նրանց կեղծած 200 գործից 80-ը: Նմանատիպ մի ցուցահանդես կազմակերպվել էր Իտալիայում 2001 թվականին: Այդ ժամանակ ցուցադրվել էին ավանգարդիստ նկարիչներիՙ Կորոյի, դե Կիրիկոյի, Պիկասոյի, Տրեկանիի, Գուիդիի եւ այլոց 86 կեղծված գործ, որոնք գնելու համար թանգարաններն ու կոլեկցիոներները ծախսել էին ավելի քան 2 միլիոն դոլար:

Նկար 1. Վինսենթ վան Գոգ, «Արեւածաղիկներ»

Նկար 2. Էդգար Դեգա. «Պարողները»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ