ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՆ» Պ. Ք. Ադրբեջանական գազըՙ լուրջ մրցակի՞ց Սերբիան չպետք է ձեռնամուխ լինի «Հարավային հոսք» գազամուղի կառուցմանը, քանի դեռ համաձայնագիրը չի համապատասխանում Եվրոմիության չափորոշիչներին: Այդ մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակվել է EUobserver կայքէջում: Փաստաթղթում բառացիորեն նշված է հետեւյալը. «Սերբիան չպետք է ձեռնամուխ լինի «Հարավային հոսքի» շինարարությանը, քանի դեռ այդ գործարքը չի համապատասխանեցվել ԵՄ իրավական համակարգին»: Նույնպիսի տեսակետ է արտահայտված ԵՄ-ին Սերբիայի անդամակցության առաջիկա մեկ տարվա բանակցությունների օրակարգում: Փաստաթուղթը հիշատակում է երեք պայման, որոնք անհրաժեշտ են բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Այդ պայմաններն են ապակարգավորումը, գների թափանցիկությունը եւ երրորդ անձանց մասնակցությունը գլխավոր էներգետիկ ցանցերին: «Մենք բոլոր թեկնածու երկրներին ասում ենք, որ եթե նրանք աշխատեն «Հարավային հոսքի» վրա, ապա կխախտեն ԵՄ օրենսդրությունը, ինչը օգտակար չէ անդամակցության բանակցություններում», նշում է ԵՄ պաշտոնյաներից մեկը: Եվրոպան «Հարավային հոսքը» շաղկապում է Ուկրաինայի հետ ԵՄ դիվանագիտության ապագա ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագծին պետք են քաղաքական պայմաններ, որոնք «այսօր ամեն դեպքում ապահովված չեն Ուկրաինայի իրադրության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակի պատճառով»: Նրա խոսքերով, առանց այդ էլ «Ենթակառուցվածքային բոլոր նախագծերը պետք է ունենան լիակատար եւ ամուր իրավաբանական հիմք»: Ֆեդերիկա Մոգերինին տվել է հետեւյալ պարզաբանումը. «Եթե քաղաքական պայմաններն ապահովվեն, այդ ժամանակ թերեւս հնարավոր լինի վերսկսել տեխնիկական քննարկումըՙ եթե իրավաբանական հիմքը լիովին պահպանվի»: Նա ասել է, որ պետք չէ իրեն կասկածել «Հարավային հոսքի» կողմնակիցը լինելու մեջ, եւ որ Եվրոխորհրդարանում իր վերջին ելույթը սխալ է մեկնաբանվել. ինքը նկատի է ունեցել «Հարավային գազային միջանցքը», այսինքնՙ ադրբեջանաական գազը: «Գազպրոմի» ղեկավարությունը կարծում է, որ Եվրոհանձնաժողովը «Հարավային հոսք» նախագիծը շրջափակել է քաղաքական նկատառումներով: «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովի խոսքերով, «Եվրոհանձնաժողովը պատրաստ է կրակել իր իսկ ոտքինՙ շրջափակելով այն նախագիծը, որը թույլ կտար բարելավել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»: «Հարավային հոսքի» մրցակիցը 2020 թվականց Եվրոպան «Ադրիատիկի գազամուղով» գազ կստանա Կասպից ծովից: Չնայած նախնական փուլում ծագած դժվարություններին, ծրագիրն արդեն հստակ ուրվագծեր է ստանում: Մոսկվան չի մասնակցում այդ նախագծին: Ենթադրվում է, որ Կասպից ծովի գազը Ռուսաստանը շրջանցելովՙ «Ադրիատիկի գազամուղով» Հյուսիսային Հունաստանով եւ Ալբանիայով կհասնի Իտալիայի հարավ, որտեղ խողովակաշարը կմիանա գազամատակարարման գործող ցանցին: Հարավեվրոպական գազային միջանցքի ֆինանսավորումը սպառնալիքի տակ հայտնվեց ընթացիկ տարվա փետրվարին այն բանից հետո, երբ գերմանական E-on կոնցեռնը եւ ֆրանսիական Total-ը որոշեցին դուրս գալ նախագծից: Որոշումն իրականացվեց սեպտեմբերի վերջերին: «Դոյչե վելլե» ռադիոկայանը հաղորդում է, որ արդեն հայտնվել է նոր ներդնող: Խոսքը Իսպանիայում գազի խոշորագույն մատակարարներից մեկը հանդիսացող Enagas-ի մասին է, որը գրեթե ամբողջությամբ կգնի «Ադրիատիկի գազամուղում» E-on-ի բաժնեմասը: Գազամուղի գլխավոր բաժնետերերը մնում են բրիտանական BP կոնցեռնը, նորվեգական Statoil-ը եւ ադրբեջանկան Socar պետական կոնցեռնը: Դրանցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 20 տոկոս: «Ադրիատիկի գազամուղի» ֆինանսական տնօրեն, գերմանացի Լուց Լանդվերը «Դոյչե վելլե» ռադիոկայանին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել նախագծից E-on եւ Total ընկերությունների դուրս գալու կապակցությամբ: Նրա խոսքերով, իսպանական մատակարար Enagas-ը պակաս արժեքավոր բաժնետեր չէ, մանավանդՙ նկատի ունենալով դրա «նեղ մասնագիտացման փորձը»: Այս առումով նախագիծը ներդնողների փոփոխությունից միայն շահել է, պնդում է Լանդվերը: Հոկտեմբերի 1-ին Աթենքում կազմակերպված «Բալկանները եւ Ադրիատիկի նավթի-գազի գագաթաժողովը» կոնֆերանսում Լանդվերը հայտարարեց, որ առաջին կապիտալ ներդրումները (օրինակՙ մերձատար ուղիների շինարարությունում) սպասվում են արդեն 2015 թվականին: Ադրբեջանական Շահ-Դենիզ գազակոնդենսատային հանքավայրից մատակարարումները պետք է սկսվեն 2020 թվականին: Հանքավայրի պաշարները գնահատվում են ավելի քան 1 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ: Ենթադրվում է, որ «Ադրիատիկի գազամուղը» կապահովի Եվրոմիության գազի պահանջմունքի մինչեւ 20 տոկոսը: 880 կիլոմետրանոց գազամուղի 540 կիլոմետրը կանցնի Հունաստանի տարածքով: Ճգնաժամի մեջ հայտնված երկիրը դրա շնորհիվ վճռական դերակատարություն կունենա նախագծի իրականացման գործում: Աթենքում 2013 թ. Հունաստանը, Ալբանիան եւ Իտալիան ստորագրեցին «Ադրիատիկի գազամուղ» կառուցելու համաձայնագիր, դրանով իսկ քաղաքական պաշտպանություն հայտնելով բազմամիլիարդանոց նախագծին: Նախագծի գրավչությունը պայմանավորված է ոչ միայն կասպիական գազի գնման հեռանկարով, այլեւ նրանով, որ մասնակից բոլոր երկրները ստանում են Եվրոպայի էներգետիկ շուկայում սեփական դիրքերն ամրապնդելու հնարավորություն: Օրինակ, Ալբանիան մինչեւ օրս մեկուսացված է եղել ԵՄ էներգացանցերից, բայց շուտով իրավիճակը կփոխվի: «Ադրիատիկի գազամուղի» շնորհիվ Ալբանիան կդառնա հարավեվրոպական գազային միջանցքի մի մասը եւ կմիանա տարածաշրջանային էներգացանցին: Բացի դրանից, երկիրը կկարողանա օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով ստանալ մոտավորապես 1 մլրդ եվրո, չխոսելով արդեն նոր աշխատատեղերի եւ լրացուցիչ հարկային մուտքերի մասին: Ալբանիայի համար էլ ավելի կարեւոր է այն, որ, ըստ մտահղացման, «Ադրիատիկի գազամուղը» նրա տարածքում միանալու է Հոնիական-Ադրիատիկյան գազատարին, որը պետք է գազ մատակարարի Արեւմտյան բալկանների էներգամատակարարման տեղական ցանցերին: Դա Ալբանիային թույլ կտա հանգուցային կետ դառնալ Չեռնոգորիայի, Բոսնիայի եւ Խորվաթիայի գազաբաշխման ոլորտում: Նման ծրագրեր կան նաեւ Հյուսիսային Հունաստանի առնչությամբ, որտեղից 180 կիլոմետրանոց հույն-բուլղարական խողովակաշարով ադրբեջանական գազը կհասնի Բուլղարիա, Ռումինիա եւ Հունգարիա: Ադրբեջանական գազը եւ «Ադրիատիկի գազամուղը» կարո՞ղ են արդյոք դառնալ «Հարավային հոսքի» լուրջ մրցակիցներ: Կիպրոսի համալսարանի (Նիկոսիա) աշխարհաքաղաքականության դասախոսներից մեկը, որ էներգետիկայի գծով փորձագետ է, այդ երկու նախագծերը մրցակիցներ չի համարում: Նրա կարծիքով, «Հարավային հոսքը» չի մեծացնի ԵՄ կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից եւ միտված չէ նոր շուկաների նվաճմանը: «Դա պարզապես գազամատակարարման վերաբերյալ արդեն ձեռք բերված համաձայնությունների կատարման այլընտրական եղանակ է», ասում է կիպրոսցի փորձագետը: Նրա խոսքերով, «Ադրիատիկի գազամուղը» չի կարող «Հարավային հոսքի» հետ լրջորեն մրցակցել թեկուզ իր փոքր հզորության պատճառով. նախատեսված է մինչեւ 2025 թ. դրա առավելագույն թողունակությունը հասցնել տարեկան 20 մլրդ խորանարդ մետրիՙ «Հարավային հոսքի» 63 միլիարդի դիմաց: |