RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԵՎՈՆԻՆ ՓՐԿԵԼ ՄԱՀԻՑ

Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1680, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ՈՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, բժիշկ, գրող

Բաց նամակ մարդու իրավունքների գծով Ռուսաստանի լիազոր Է. Պամֆիլովային

Մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա

Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացա, որ «Ռուսաստանում ձերբակալված հայ բարեգործ Լեւոն Հայրապետյանի գործը գտնվում է ՌԴ մարդու իրավունքների գծով լիազորի ուշադրության կենտրոնում»: Այդ տեքստում ես նկատեցի որոշակի օրինաչափություն եւ նույնիսկ տրամաբանություն: Քառորդ դար առաջ մենք գործընկերներ էինք խորհրդային վերջին պառլամենտում: Հիշում եմ, ստանալով «ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները» կարմրակազմ հատորի իմ օրինակը, ես ուշադրություն դարձրի, որ ամենից շատ այսպես կոչվածՙ պառլամենտական պարտականություններ ունեիք Դուք: Դա եւ՛ բնապահպանության ու բնական պաշարների արդյունավետ օգտագործման հարցերով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կոմիտեի անդամի, ե՛ւ արտոնությունների ու առավելությունների հարցերով հանձնաժողովի քարտուղարի, ե՛ւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մանդատային հանձնաժողովի անդամի պարտականություններն էին: Այս թվացյալ ձանձրալի տվյալները բոլորովին էլ հենց այնպես չեմ ներկայացնում: Բանն այն է, որ, հավանաբար, պաշտոնների հենց այդ ողջ լուսապատկերն էր պարտավորեցնում Ձեզ լինել թերեւս ամենաակտիվ պատգամավորը: Համենայնդեպս, ամբիոնից ամենից հաճախ, եթե չասենքՙ ամենից սուր եւ կտրուկ, ելույթ էիք ունենում Դուք: Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Սոս Սարգսյանն ասաց. «...այդ համեստ եւ, թվում է, հանգիստ կնոջ մեջ մշտապես արթուն է արդարության զգացումը»:

Բացարձակապես օրինաչափ է եւ այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Դուք դարձաք ավելի ակտիվ, եւ որ ամենակարեւորն է, գործուն եւ սկզբունքային գործիչ արդեն Նոր Ռուսաստանում: Եվ ամեն անգամ, լիներ պետդումայում, թե կառավարությունում, Դուք զբաղվում էիք սոցիալական, հումանիտար խնդիրներով, հաճախ կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերով եւ նրանց քաղաքացիական արժանապատվությամբ: Եվ նույնիսկ որսացել եմ տարբերության նրբությունները Ձեր վերջին պաշտոնների միջեւՙ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազոր:

Եվ ահա ես Ձեզ դիմում եմ հենց որպես Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազորիՙ Լեւոն Հայրապետյանի ճակատագրի առիթով: Ընդգծում եմ, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին է: Այն փաստը, որ նրան արդեն բաց են թողել տնային կալանքի, ոչ մի կերպ չի փոխում սուր դրամատիկական վիճակը, որում նա հայտնվել է: Դրանում է կայանում Ձեզ ուղղված իմ նամակի էությունը:

Համարձակորեն կարող եմ ասել, որ ես, ինչպես ուրիշ ոչ մեկը, գիտեմ Լեւոն Հայրապետյանի կենսագրությունը: Ի դեպ, նա «Սոբեսեդնիկ» թերթի խմբագրության կողմից հավատարմագրված էր լուսաբանելու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի աշխատանքը: Մենք նրա հետ հաճախ էինք հանդիպում Կրեմլյան պալատում, ընդմիջումների ժամանակ: Առաջ անցնելով ասեմ, որ մի քանի տարի անց ես առաջինը նրա մասին ծավալուն ակնարկ գրեցի հայկական «Ուրարտու» շաբաթաթերթում եւ ընթերցողներին պատմեցի նրա լայնորեն հայտնի պատմական տոհմաբանության մասին, ՀամԼԿԵՄ Կենտկոմի կողմից նրա երկարաժամկետ գործուղման մասինՙ աշխատելու Ծայր Հյուսիսում, այն մասին, որ նա առաջիններից մեկն էր, ով վերականգնեց Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների կողմից ավերված հայկական եկեղեցիները: Բավական է հայացք նետեք նամակին կցված լուսանկարներին, որտեղ պատկերված է Շուշիում վանդալների կողմից ավերված հայկական տաճարը, որը պատերազմի ավարտից անմիջապես հետո վերականգնվեց շնորհիվ Լեւոն Հայրապետյանի: Սակայն այդ ամենը, ես հասկանում եմ, բոլորովին էլ չի կարող որպես յուրօրինակ ինդուլգենցիա ծառայել:

Ես հեռու եմ այն մտքից, որ կարող եմ ինձ թույլ տալ շոշափելու այն հարցը, թե Լեւոն Հայրապետյանը մեղավոր է կամ անմեղ: Հստակ գիտեմ, որ մինչեւ դատավարությունը պետք է գործի անմեղության կանխավարկածի անխախտ օրենքը: Եվ Ձեզ եմ դիմում բացառապես որպես ամենաբարձր կարգի բժիշկ: Լավ գիտեմ, որ Լեւոն Հայրապետյանի սիրտը ցանկացած պահի կարող է կանգ առնել: Հենց այդ ժամանակ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին, քանզի ոչ ոք հենց իրենից բացի, չի կարող պաշտպանել նրան: Ես լավ եմ ուսումնասիրել Վլադիմիր Պուտինի դեռեւս վարչապետության օրոք ստորագրած որոշումը «Հանցագործության կատարման մեջ կասկածվողների բժշկական զննության մասին»: Այնտեղ բերվում է «հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներին կամ կասկածվողներին կալանքի տակ պահելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» մանրամասն թվարկումը: Եվ դրանց մեջ բազմաթիվ են այն հիվանդությունները, որոնցով արդեն վաղուց տառապում է Լեւոն Հայրապետյանը:

«Լեւոն Հայրապետյանը եւ անմեղության կանխավարկածը» հոդվածում ես ներկայացրել եմ միայն մի քանի ախտորոշումների ցանկՙ արտագրված հիվանդությունների բազմաթիվ պատմություններից. լյարդի կառուցվածքային տարրերի ախտահարման խրոնիկական զարգացման հիվանդություն, շաքարախտ(մինչեւ 20-րդ նիշ), երկու ինսուլտ (բուժումըՙ Երեւանում), միոկարդի երկու ինֆարկտ, ուռոլոգիական վիրահատություն (բուժումըՙ Մոսկվայում), հիպերտոնիկ հիվանդություն, լյարդի ուռուցքի վիրահատություն (Գերմանիա): Իսկ հիմա որոշ ախտորորշումներ ներկայացնեմ Ռուսաստանի կառավարության որոշումից. «Նորագոյացություններ (օնկոլոգիա), հիպերտենզիվ (հիպերտոնիկ) հիվանդությունՙ արյան շրջանառության անբավարարությամբ, գլխուղեղային հիմնական եւ պերիֆերիկ անոթների ախտահարման հետեւանքներ, լյարդի հիվանդություններՙ լյարդային անբավարարությամբ»: Այնպես որ, ինչպես տեսնում ենք, առաջին հերթին Լեւոնին պետք է փրկել մահից:

Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես կարելի է պաթոլոգիական նման ահավոր փնջի առկայության դեպքում անտեսել բժշկական հետազոտման այդքան լուրջ հարցը, արհամարհել կառավարական որոշման հստակ պահանջները, խնդրի լուծումը թույլ տալ ընդամենը բանտային բժշկին եւ ոչ թե բուժող բժիշկներից կազմված հեղինակավոր բժշկական կոնսիլիումին: Հավատացնում եմ, վտանգն անխուսափելի է նույնիսկ տնային կալանքի պայմաններում:

Ցանկանում եմ այս կապակցությամբ Ձեզ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել էին ԱՄՆ-ում: Ես չեմ ցանկանում այստեղ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, դիմել բուն ձերբակալման փաստարկումների եւ դրդապատճառների թեմային: Նմանությունը Հայրապետյանի իրավիճակի հետ միայն այն է, որ Սելեզնյովը նույնպես ծանր հիվանդ է: Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը նրա մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էությանՙ կառավարական տեքստն ավարտվում է անթաքույց զարմանքով. «...հենվելով միջազգային իրավունքի սկզբունքներին, բարոյականությանը, փաստերին, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն չպահել կլինիկայում...»: Բայց չէ՞ որ հանուն արդարության հարկ է նշել, որ այդ բառերը կարելի է հասցեագրել նաեւ նրանց, ովքեր զբաղվում են, եթե կարելի է այդպես արտահայտվել, հայ ժողովրդի զավակ Լեւոն Հայրապետյանի բժշկական խնդրով:

Չէ՞ որ այդպես, իրոք, ավելի ճիշտ, ավելի մարդկային կլիներ: Ինչ վերաբերում է Լեւոն Հայրապետյանի քրեական գործին, ապա այդ հարցը կլուծի միայն դատարանը: Իսկ առայժմ, մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա, պետք է փրկել մարդուն: Հավատացեք ինձ. հիվանդը պարտադիր պետք է գտնվի համապատասխան կլինիկայումՙ իր բուժող բժիշկների հսկողության տակ, հակառակ դեպքում, իրոք, դժբախտությունն անխուսափելի է:

Անկեղծ հարգանքով`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ