ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Պ. Ք. Սիրիական ճգնաժամի նկատմամբ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը հանգեցրեց թե՛ տարածաշրջանային եւ թե՛ ներքին ողբերգության: Դա նաեւ նախագահ դարձած նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ձախողումն է: Առաջին ողբերգությունը Սիրիայի քրդաբնակ երրորդ քաղաք Կոբանիում է, որը հեռու չէ Թուրքիայի սահմանից: «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներն արդեն ներխուժել են քաղաքՙ չնայած քրդերի անձնուրաց պաշտպանությանը: Ֆրանսիական «Մոնդ» օրաթերթը մանրամասնում է, որ պաշտպանների մեծ մասը սիրիացի քրդեր են, որոնք մի քանի ամիս դիմակայում էին ջիհադիստների տանկերի եւ ծանր հրետանու գրոհներին: Հոկտեմբերի 7-ին ջիհադիստներն արդեն գրավել էին քաղաքի մեծ մասըՙ ի հեճուկս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների օդուժի ուշացած ռմբակոծումների: Կոբանիի վերջնական գրավումը ջիհադիստներին հնարավորություն կտա վերահսկել սիրիա-թուրքական սահմանի մի զգալի հատված եւ կամրապնդի նրանց ներկայությունը Սիրիայի հյուսիսում: Խմբավորումը կկարողանա առավել դյուրին պայմաններում զբաղվել նավթի մաքսանենգ առեւտրով: Ինչ վերաբերում է հակաջիհադիստական կոալիցիայի օդուժին, այն ոչ միայն չկարողացավ նույնիսկ կանգնեցնել ջիհադիստների առաջխաղացումը: Անշուշտ, ճակատամարտը այլ ելք կունենար, եթե Թուրքիան ժամանակին միջամտեր: Ցամաքային ուժերով այդ երկիրը ՆԱՏՕ-ում երկրորդն է: Թուրքիան տարածաշրջանի ռազմական գերտերությունն է: Վերջին շաբաթներին թուրք-սիրիական սահմանի երկայնքով տեղաբաշխված էին տանկեր, որոնք կարող էին մասամբ ոչնչացնել իսլամիստների հրետանու դիրքերը, բայց ոչ մի արկ չարձակեցին: Անկարան որոշեց միանալ հակաջիհադիստական կոալիցիային, բայց ոչինչ չարեց դեպի Կոբանի ջիհադիստների առաջխաղացումը կասեցնելու համար: Ինչո՞ւ: Թուրքիան չի ուզում, որ իր սահմանի մոտ ստեղծվի սիրիացի քրդերի ինքնավար գոտի: Այն կարող էր դառնալ PKK-ի թուրքական ճյուղի մարտիկների թիկունքային հենակետ: «Մեզ համար PKK-ն «Իսլամական պետությունից» լավը չէ», հայտարարել է նախագահ Էրդողանը: Իրականում Անկարան երկար ժամանակ նախապատվությունը տվել է ծայրահեղական իսլամիստներին եւ թույլատրել է ջիհադիստ մարտիկների թափանցումը Սիրիա: Այդ «ընտրությունը» հանգեցրեց մեկ ուրիշՙ ներքին ողբերգության: Հոկտեմբերի 7-ի երեկոյան Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերի զանգվածային ցույցերի եւ անկարգությունների հետեւանքով սպանվեց առնվազն 14 մարդ: Անկարայի իշխանությունները պարետային ժամ սահմանեցին Դիարբեքիրի, Մարդինի, Սղերդի, Մուշի, Վանի, Բաթմանի նահանգներում: Ներքգործնախարար Էֆկան Ալան սպառնաց անպատասխան չթողնել բռնարարքները: «Մոնդը» չի բացառում, որ վերջին երեսուն տարիներին թուրքական բանակի դեմ PKK-ի ծավալած եւ ներկայումս ընդհատված պատերազմը կարող է վերսկսվել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մոլուցքով տարված Էրդողանը դիմում է յուրատեսակ շանտաժի. Անկարան լրջորեն չի մասնակցի հակաջիհադիստական պայքարին, քանի դեռ ԱՄՆ-ը չի հարվածել Դամասկոսի վարչակարգին: Ըստ «Մոնդի», դա անիրատեսական քաղաքականություն է, որը չի կանգնեցնի տարածաշրջանի ապակայունացումը եւ կարող է ներսից ապակայունացնել Թուրքիան: |