ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԱԻՐ ՅԱՆ Էս գիշեր էլի անհանգիստ էի. հազար բան էր անցնում մտքովս: Ուրախ ու տխուր հույզերս իրար էին խառնվել: Տասը-քսան երիտասարդներ, մեջքներին գրած «Երեւանն իմ տունն է», լուսումութին փողոցներում ու կամուրջների եզրերին եռագույներ էին շարում: Այ մարդ, էդ ինչ ճռճռան բառեր եք ասումՙ «Երեւանն իմ տունն է», «Երեւան, իմ սեր», «Երեւանը մենք ենք». մի պահ սիրտս հրճվանքից խուտուտ է գալիս, քիչ է մնում հավատամ, թե անկեղծ եք: Բայց որ հիշում եմՙ ինչքան եք ինձ դաղել ու վառել, ինքս իմ աչքից ընկնում եմ, որ էս տարիքում էլի ձեր սուտ ու փուչ խոսքերից հալվում եմ: Ըհը, դե տես. էն տղան վերջին դրոշակն էլ դրեց, սիգարետը վառեց ու տուփը շպրտեց հենց եռագույնի տակ. արարքի՞դ նայեմ, թե՞ մեջքիդ գրածին: Բա դու քո տանը սիգարետի տուփը սենյակիդ մեջտեղում կշպրտես ու կգնա՞ս: Պա՜հ-պահ-պահ. առավոտ շուտ էս ինչ ավտոշարասյուն է անցնում: Լավ պրծանք. եթե մի-երկու ժամ ուշ լիներ, ոստիկանները փողոցները փակելու էին, ժողովրդին ծեփեին պատերին, գոռգոռոցով հրահանգեին մյուս մեքենաներին աջ քաշվել ու տեղում գամվել: Մի հարցնող լինի, որ դուք ձեր տուն եք մտնում, ձեր կինն ու երեխաները կաթվածահար եղածի պես շունչները պահած մեխվում են իրենց տեղերո՞ւմ: Չէ, ձեր տանն էդպես չեք անում. մտնում եք, համբուրում ձեր կնոջը, երեխաների թուշիկից մի հատ «պոնչո» անում, քիթիկին պաչիկ անում, նվերներ տալիս, չէ՞: Բա եթե Երեւանը ձեր տունն է, ուրեմն երեւանցիներն էլ ձեր տանեցիներն են, ընտանիքի անդամները, հարազատները, արյունակիցները: Ես էդպես եմ հասկանում, համենայն դեպս, ամեն Աստծու օր ամբիոններից դուք դա եք հայտարարում: Տոնական շոփինգ արե՞լ եք. այսօր հանդիսավոր օր է, բաժակ եք բարձրացնելու, զրնգոցով իրար զարկեք, կենաց ասեք. «Մեր Երեւանի ցավը տանեմ, շեն մնա, ծաղկի, բարգավաճի»: Էս բարգավաճել բառն էլ վերապահումով եմ օգտագործում, գիտե՞ք. վախենում եմ լսողները քաղաքականացնեն, կուսակցական կասկածամտությամբ նայեն հալիվորիս: Ինչեւէ, այսօր կուսակցական-ոչ կուսակցականՙ տոնական համերգ են գնալու, խնջույք անեն, հանդիսավոր երթով Էրեբունուց հասնեն քաղաքի կենտրոն. դրոշակներ, փուչիկներ, երգ ու պար, բեմականացում: Պաշտոնյաներն էլ սովորական մահկանացուների պես մասնակցելու են երթին, քայլելու են փողոցներով, ժպիտներ բաշխեն: Այ էդ պահերին էլ է էս ծերացած սիրտս նվաղում, հուզմունքից ալեկոծվում, էդ ժամանակ էլ եմ սկսում հավատալ, թե անկեղծ եք: Բայց նորից ձեր էն դաղած տեղերը սկսում են մրմռալ, ու երջանիկ ժպիտն էլի ծուռ կախ է ընկնում երեսիս: Դեռ մի վերքս չլավացած, նորից եք խոցում ինձ: Լուսանկարների ցուցահանդեսներ եք կազմակերպումՙ «60-70-ականների Երեւանը»: Երիտասարդ աղջիկները գալիս են, կանգնում սեւ-սպիտակ լուսանկարների առաջ, միամիտ աչքերով նայում, հիացած բացականչում .«Էս ինչ սիրուն է եղել Երեւանը.էս ինչ տարօրինակ տրոլեյբուսներ ենՙ գնացքի գծերի վրա: Սա՞ ինչ շենք է. հա՜, «Կուկուռուզնիկ» որ ասում են, սա՞ է երեւի, էս ինչ շենքերն ենՙ «Սեւան» հյուրանո՞ց, «Դվի՞ն»: Վա՜յ, Փակ շուկան էսպե՞ս է եղել. իսկական շուկա է եղել փաստորեն: Իսկապես որ ճիշտ էր ասում մամասՙ վարդագույն Երեւան»: Աղջիկ ջան, էդ սեւ-սպիտակ լուսանկարներում դու գո՞ւյն տեսար, հա՞, այն էլՙ վարդագույն: Վարդագույնն անգամ սեւ-սպիտակի մեջ է երեւում, որովհետեւ Երեւանի տրամադրությունն է վարդագույն եղել, Երեւանի սիրտն ու հոգին են վարդագույն եղել: Էս մեքենան տրոլեյբուս չիՙ գնացքի գծերի վրա, տրամվայ է, որ վերացրիք-ոչնչացրիք, իբր հին ժամանակների մնացորդ էր: Բայց տրամվայը քաղաքի կոլորիտն էր, շունչը, տրամադրությունը: Էն համուհոտով առեւտուր բառն էլ դուրներդ չեկավ. շուկա գնո՞ւմ եք, որ առեւտուր էլ ասեք: Սուպերմարկետ եք գնումՙ շոփինգի: Շուկա ե՞ք թողել. էն խեղճ գյուղացին արյուն-քրտինքով բերք-բարիք է ստեղծում, մի մարդավարի, մարդավայել տեղ էլ չեք տալիս, որ իր ստեղծածը վաճառի, ապրի: Վերավաճառողներին սուպերմարկետ է հասնում , իսկ հողի հետ կռիվ տվող գյուղացուն մի ոտքի տեղ էլ չի հասնում. մահակներով այս ու այն կողմ եք քշում, վերջում էլ բերքը ձեռքից կոպեկներով առնում ու սուպերմարկետներում շարում: Այսօր շոփինգ որտե՞ղ եք արել. սուպերմարկետ Փակ շուկայո՞ւմ: Փակ շուկայի թեման հեշտ ու հանգիստ փակեցիք-գնաց: Անունը դրեցիք պատմամշակութային հուշարձան ու գրողի ծոցն ուղարկեցիք: Ուրիշ երկրներում իրենց ունեցած աղյուսի մի հին բերկորը, քանդված պատը փայում-փայփայում են, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում զոռով ընդգրկել տալիս, իսկ դուք անունը դնում եք սովետի մնացորդ ու քանդում-ավիրում: Մի հին շենք, թաղամաս, տուն չթողեցիք. գետնին հավասարեցրիք: Հասկանում եմ, որ այսօր քաղաքաշինության ծրագրերում ձեր լեզվով ասածՙ քաղաքական ու բիզնես-պլանային լուրջ շահեր են ներգրավված, բայց այդքանից հետո գոնե մի ասեքՙ Երեւա՛ն, իմ տուն, իմ սեր, իմ ապագա: Ձեր տունը ձեր ամրոց-պալատն է, ձեր սերը ծախված է,ձեր ապագանՙ Եվրոպաներն ու Ամերիկաներն են: Ոչ ձեր մայրաքաղաքի, ոչ էլ երկրի հետ ոչ մի ապագա չեք կապում, եթե կապեիք, այսպես չէիք բզկտի ձեր երկիրն ու մայրաքաղաքը: Դուք Երեւանի անունը տալիս եք ու նույն պահին Պետրոս առաքյալի պես ուրանում Երեւանը: Դավաճանում եք, երբ հին շենքը քանդում եք ու տեղում ռեստորան ու առեւտրի կենտրոն, «էլիտար» շենք սարքում: Դավաճանում եք, երբ բնակելի շենքերի արանքն եք խցկվում, մայթերը զավթումՙ մի-երկու սանտիմետր ավել փախցնելու համար: Սարքում եք, կառուցում եք, փոշու ամպեր եք բարձրացնում. մի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի օջախ, անտունների համար մի բնակարան սարքած կա՞ք. մի գլուխՙ ռեստորան ու խանութ: Որկրամոլների ու շոփինգի քաղաք եք դարձրել: Հիմա էլ մարզահամերգային համալիրի վրա եք խաղադրույքները դրե՞լ: Երիտասարդական պալատից, «Սեւան» ու «Դվին» հյուրանոցներից, Փակ ու բաց շուկաներից պրծանք, «Զվարթնոցի» ու Հանրապետության հրապարակի շուրջը դեռ կրքերը թեժանալու են, զգում եմ, բայց Համալիրի հերթն առաջ գցեցիք: Ավելի յուղոտ պատառ է երեւի: Պատճառաբանում եք, թե էդ շենքերը պահել-պահպանելը շատ ծախսատար է, իսկ բյուջեում փող չկա: Ասում եք, թե դրանք ժամանակին ծառայել են իրենց նպատակին, կարեւոր դեր ունեցել ազգի ու պետության համար, իսկ հիմա մաշվել-քայքայվել են, հնացել ու ծերացել, դրա համար էլ պետք է ոչնչացնել, որ պահպանման ու խնամքի ծախս չպահանջեն: Մի հարց տամ. դուք ձեր մորը հիվանդ ու ծերացած լինելու պատճառով կսպանե՞ք, ինչ է թե չեք կարողանում հաց ու դեղ առնել նրա համար: Մայրը, որ ժամանակին ծառայել է ձեզ, պահել ու շահել, եղել գեղեցիկ ու ներկայանալի, հանկարծ դառնում է անպետք եւ ուղղակի բեռ: Ու ամենահեշտ միջոցը նրանից ազատվելն է: Կեցցե՜ք, հրաշալի զավակներ եք: Էս ո՞ւր եք գնում գլխապատառ: Հա՜, Հանրապետության հրապարակում տոնական համերգ է: Առավոտյան Էրեբունի ամրոցի շրջակայքումՙ հենց բեմի վրա, Մենուայի որդի Արգիշտին թուրը ճոճելով ու հանդիսավորությամբ հրամայեց, որ սեպագիր արձանագրություն գրեն. «Եսՙ Մենուայի որդի Արգիշտիս, աստ հիմնադրեցի քաղաքն այս ու անվանեցի այն Էրեբունի: Թվագրումըՙ մ.թ.ա. 782 թ.»: Էդ պատմական փաստերը ներկայում ոչ հարգվում են, ոչ էլ կարեւորվում: Կարեւորը Երեւանի տարեդարձին նվիրված տոնական համերգի բյուջեն է: Ամեն անգամ, երբ լսում եմ, թե ինչ ահռելի գումարներ են ծախսվում էդ համերգների վրա, գլուխս պտտվում է: Ո՞ւմ համար եք անում էդ համերգներն ու հրավառությունները: Ես իսկի էլ չեմ նեղանա, եթե էդ շլացնող, ճոխ հրավառությունները չլինեն: Չեմ նեղանա, եթե Հանրապետության հրապարակի համերգին շոուբիզնեսի ճաճանչափայլ աստղերը ելույթ չունենան: Ախր էդ երգերը նրանք հարսանիքներին քավորի պատվին են երգում ու հետո կատարում նաեւ Երեւանի, Անկախության, Նոր տարվա տոներին: Ու ամենակարեւորըՙ մեկ երգի համար գրեթե նույն գումարն էլ վերցնում են թե՛ հարսանիքին, թե ազգային տոներին նվիրված համերգներին: Ի՞նչ կլիներ, եթե, էդ աստղերը մի անգամ էլ ձրի երգեին Երեւանի տոնին կամ ասեինՙ մեզ հասանելիք գումարը հատկացնում ենք երեւանցի բազմազավակ մի ընտանիքի կամ մի ազատամարտիկի: «Աստղեր» են, թող մի անգամ էլ իրենց «փայլը» ձրի բաշխեն, չի՞ լինի: Է՜, ծերացրիք ինձ, ավելի ճիշտՙ պառավեցրիք: Ես շատ երիտասարդ ու կյանքով լի էի, դուք ձեր անզգույշ քայլերով սառնասրտորեն մի-մի կնճիռ ավելացրիք դեմքիս, խորշոմներով պատեցիք ինձ ու հիմա հերթական տարեդա՞րձս եք նշում: Իմ տարիքն իմ հարստությունն է, բայց դուք իմ միակ հարստությունն էլ եք ուզում խլել ինձնից: Ապակեպատ, տձեւ, անդեմ շենքեր եք հագցնում ինձ, իբր նորաձեւ է, մոդեռն: Մոռանում եք, որ ես հազարամյակների քաղաք եմ, որն իր զգեստն ունի, իր դեմքն ու նկարագիրը: Ուրիշինն ինձ պետք չի, ձե՛զ լինի: Ես արդեն 2796 տարեկան եմ, ինձ գոնե իմ հիշողություններից մի զրկեք. մա՛րդ եղեք, էլի: |