ՄԱՅԴԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ Պ. Ք. Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Եվրոմայդանի անհետ կորած մի շարք ակտիվիստների մասին, որոնք «հեղափոխությունից» հետո սկսել էին զբաղվել հասարակական գործունեությամբ: Նախկին ակտիվիստները այդ անհետացումները համարում են պատվիրված առեւանգումներ, որոնց զոհերը թերեւս «շատ բան գիտեին» կամ ինչ-որ մեկին խանգարում էին: «Մայդանի որոնողական նախաձեռնություն» խմբի տվյալներով, փետրվարից մինչեւ օրս անհետ կորած ակտիվիստների թիվը հասնում է 57-ի: «Փետրվարի վերջերին հարազատները փնտրում էին 330 մարդու: Այժմ նրանց թիվը 57 է: Պարզվեց, որ շատերը ողջ-առողջ են: Հեղաշրջումից հետո ոմանք մնացին Մայդանում, ոմանք գնացին Հակաահաբեկչական գործողության գոտի... Նրանցից հինգին մենք գտանք մեռած», պատմել է խմբի ակտիվիստուհի Տատյանան «Վեստի» գործակալության թղթակցին: Ըստ որում, իրավապահները «չեն կարողանում» գտնել անհետ կորածների գործերը, թեպետեւ միլիցիայում հավատացնում են, թե այդպիսի յուրաքանչյուր գործ իրենց հատուկ վերահսկողության տակ է: |