ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ Թարգմ. Հ.Ծ. Բաքվի մեծ մարտավարության հռետորությունն ու իրականությունը Ուկրաինայի ճգնաժամը մյուս բոլոր հետխորհրդային երկրներին դրել է իրենց արտաքին քաղաքականությունը մշակելու գործում ընտրություն կատարելու դառը իրականության առաջ: «Ֆորին ըֆերզ» (Foreign Affairs) պարբերականում տպագրված մի հոդվածում Լոնդոնի «Յունիվերսիթի քոլեջից» Ջեյմս Յանը սադրիչ մի հարց է առաջ քաշում խիստ հարցական մի խնդրի շուրջ: Նա գրում է, որ Ադրբեջանը ընտրության հնարավորություն ունի. «Կամ կրճատել իր պաշտպանությունը արեւմտյան չափանիշերի լիբերալ կարգուկանոնի հանդեպ, եւ սիրաշահել Իրանին եւ Ռուսաստանին, կամ էլ ամբողջովին ընդունել այդ գաղափարները եւ պատրաստ լինել տարածաշրջանային հակահարվածի»: Նման մեկնաբանության առիթ է ծառայել այն թյուր հասկացությունը, որ Բաքուն անկեղծորեն ցանկանում է ընդունել լիբերալ կարգուկանոնի արեւմտյան չափանիշերը:
Իրականում պատկերը բոլորովին այլ է: Իր էներգետիկ հարստությամբ գոռոզացած Ադրբեջանն իրեն բավական ուժեղ է համարում ընտրելու մի երրորդ տարբերակ, որտեղ հետեւելով ռուսական ձեւի բռնատիրական ձեւաչափին, փորձում է միաժամանակ անվտանգության եւ էներգետիկ հարցերում իրեն համարել Արեւմուտքի այսպես կոչված «մարտավարական գործընկերը»: Հրաժարվելով ընրտություն կատարել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, Ադրբեջանը մտածում է, որ կարող է երկուսի հետ էլ «լեզու գտնել»: Երկրի էլիտար ներկայացուցիչները հույս ունեն, որ Մ. Նահանգների եւ Եվրոպայի հետ գործարքային հարաբերությունները կնպաստեն կրկնապատկելու իրենց հարստությունը առանց վտանգի ենթարկելու երկրի օլիգարխային քաղաքական համակարգը: Ծրագիրը փորձարկման փուլում է: Ադրբեջանի առաջնորդները վերջին ամիսներին ավելի մեծ թվով մարդու իրավունքների խախտումների են գնացել եւ ընտրել առավել ռազմատենչ վարքագիծ իրենց հարեւան, երկարամյա թշնամի Հայաստանի նկատմամբ: Արեւմտյան քաղաքականություն մշակողները պարտավոր են առավել մեծ ուշադրություն դարձնելու այս երեւույթին եւ հարց տալու իրենք իրենց, թե ինչ է նշանակում այն Ադրբեջանի եւ նրա հարեւանների համար: Պատերազմ եւ նավթ Ադրբեջանը գուցե նախկին Խորհրդային Միության ամենաբարդ եւ հետաքրքրական երկիրն է. իր շիա, թյուրքական եւ աշխարհիկ ավանդույթներով եւ ժողովրդավարական ու բռնապետական իշխանության պատմական սովորույթներով: 1991-ին անկախություն ձեռք բերելուց հետո երկու գործոններ են ձեւավորել նրա քաղաքականությունը. առաջինը Լեռնային Ղարաբաղի վիճելի հարցի շուրջ դաժան պատերազմն է Հայաստանի դեմ, որի ընթացքում երկու կողմերն էլ մեծ կորուստներ կրեցին մինչեւ որ 1994-ին Հայաստանը մարտական հաղթանակ տարավ: Ադրբեջանը թանկ վճարեց հակամարտության դիմաց. 20 հազար զոհ տվեց եւ բնակչության մեկ տասներորդ մասը, մոտ 700 հազար ադրբեջանցիներ, դարձան փախստականներ: Ադրբեջանը կորցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը, այլեւ մասամբ կամ ամբողջությամբ, յոթ շրջաններիՙ որոնցում աննշան թվով հայեր էին ապրում, ընդհանուր առմամբ իր միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 14 տոկոսը: Այդ պարտության ցավագին ազդեցությունը մինչեւ օրս զգացվում է երկրում: Մյուսըՙ նավթի պաշարների երկրորդ բումն է (առաջինը տեղի էր ունեցել 19-րդ դարի վերջում): 20 տարի առաջ Կասպից ծովում հայտնաբերված նավթի նոր պաշարները երկիրը գրավիչ դարձրեցին միջազգային ներդնողների համար: Այդ ժամանակվա երկրի նախագահ Հեյդար Ալիեւը աշխարհի տարբեր կողմերի նավթային ընկերություններին հրավիրեց ծրագրեր ներկայացնել իր բնորոշմամբ «Դարի պայմանագիրը» ստորագրելու համար: Այդ քաղաքականության հետեւանքում ծնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի եկամտաբեր պայմանագիրը, որի վերահսկողությունը ստանձնեց Հեյդարի որդինՙ Իլհամը, ով երկրի նախագահը դարձավ 2003-ին: Բրիտանական BP նավթային ընկերությունը 2006 թվականից այդ խողովակաշարով Կասպից ծովից Միջերկրական ծով է հասցնում նավթը: Իր բարձրագույն աստիճանում օրական մեկ միլիոն բարել էր արտահանում ընկերությունը: Ադրբեջանի նավթային այս բումը ամբողջովին փոխեց երկրի տնտեսության պատկերը: 2000 թվականի տարիներին Ադրբեջանը աշխարհում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրեց, որի հետեւանքում անկախության առաջին տարիների աղքատությունը վերացավ, եւ կառավարությունը կարողացավ վերաբնակեցնել փախստականներին, որոնք լքել էին իրենց տարածքները 1990-ականներին: Երկիրը նաեւ միջազգային հեղինակություն վաստակեց: Նոր դեսպանատներ բացվեցին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դարձավ եւ այլն: Նաեւ ձեւավորվեց օլիգարխների նոր դասակարգ: Ադրբեջանի նորահարուստները գնեցին անձնական ինքնաթիռներ, շքեղ առանձնատներ (Լոնդոնում եւ Ֆրանսիայի հարավում) եւ նույնիսկ եվրոպական հայտնի ֆուտբոլային ընկերություններ: Մտնելով քաղաքականության ասպարեզ, նրանք փորձում են պահպանել քաղաքական եւ տնտեսական հիերարխիան, որ ծառայում է իրենց: Օլիգարխ քաղաքագետները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների նախարար Քեմալլեդդին Հեյդարովը, Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, չարաշահելով իրենց դիրքը, փորձում են ամեն գնով պաշտպանել իրենց հարստությունը: Նախագահն իր առանձնաշնորհյալ նստավայրում ի վիճակի չէ վերահսկելու իր ստորադասներին: Այս նախարարներից ոմանք նույնիկ ստեղծել են օրինական, փաստացի ոստիկանախմբեր, որոնք հավատարիմ են ինչպես երկրին, այնպես էլ իրենց անհատական տերերին: Արեւմուտքը պատկառելի հեռավորության վրա Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է հասկացվի այս կոնտեքստում: Երկրի էլիտար խավը շահագրգռված է կապեր հաստատել արտաքին ուժերի հետ, պայմանով, որ չխանգարի բռնապետությունը պահպանելու վերջնանպատակին: Սա նշանակում է, որ այդ խավը ցանկանում է մոտիկ լինել Արեւմուտքին, բայց ոչ շատ մոտիկ: Մ. Նահանգները այս առումով գրավիչ երկիր է, բայց վտանգավոր: Ասում են, որ ավագ Ալիեւը, որ Բրեժնեւի պոլիտբյուրոյում էր ծառայում, մի առիթովՙ վաղ 1990-ականներին նշել էՙ «Վաշինգտոնը նոր Կրեմլն է», ասել ուզելով, որ նոր ուղենշային մի հեգեմոն է, որին պետք է սիրաշահել, բայց որից նաեւ պետք է օգտվել: Ադրբեջանի ներկա հակվածությունը դեպի Արեւմուտք պայմանավորված է երեք կետերով. երկրի կարգավիճակով որպես տրանզիտային անցակետՙ Աֆղանստանից տուն վերադարձող զորքերի համար, Իսրայելի հետ ունեցած ջերմ հարաբերություններով եւ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներին իր մասնակցությամբ եւ իր այն խոստումով, որ կարող է Ռուսաստանի փոխարեն գազ մատակարարել Եվրոպային այսպես կոչված «հարավային միջանցքով»: Այս բոլորն անշուշտ արժեքավոր են, բայց «վաճառվում» են իրենց արժեքից շատ ավելի թանկ գնով: Աֆղանստանից զորքերի դուրս բերումը կավարտվի մեկ տարուց: Վաշինգտոնը ներկայիս բանակցություններ է վարում Թեհրանի հետ, որը թուլացնում է այդ երկրի դեմ կիրառված պատժամիջոցներին մասնակցելու Բաքվի պատրաստակամությունը, եւ վերջապեսՙ «հարավային միջանցք» ծրագրի նախնական աղմուկը հանգել է: Ներկա ծրագիրն այն է, որ 5-6 տարուց Հարավային Եվրոպան տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու Ադրբեջանից: Դրանից գլխավորապես օգտվելու են Հունաստանն ու Իտալիան, բայց դա կազմելու է Եվրոպայի ընդհանուր գազի պահանջարկի ընդամենը 2 տոկոսը: Ավելին, Ադրբեջանի մեղրամիսը արեւմտյան նավթային ընկերությունների հետ կարծես ավարտին է հասնում: Ֆրանսիական «Տոտալ» ընկերությունը վաճառել է գազային ծրագրում ունեցած իր բաժնետոմսերը, իսկ նորվեգական «Ստատօյլ» ընկերությունը նվազեցրել է մասնակցությունը: Բաքուն այժմ նոր տարբերակներ, նոր գործընկերներ է որոնում: Ապագայի հույսի նշույլը սեպտեմբերի 12-ին Ադրբեջանական «SOCAR» եւ մալայզական «Petronas» ընկերությունների միջեւ ստորագրված հուշագիրն է: Գոյություն ունի նաեւ երկրի ամենաբարդ հարաբերությունների խնդիրը Ռուսաստանի հետ: Նախկին գաղութարար ուժի կասկածը դեռեւս առկա է ադրբեջանցիների ազգային մտածելակերպում: Այդուհանդերձ Մոսկվայի հետ կապը շատ ավելի ամուր է, քան ադրբեջանցի ղեկավարները խոստովանում են Արեւմուտքի հետ իրենց բանակցությունների ընթացքում: Գուցե վստահություն չկա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց թաքնված իրարհասկացողությունն առկա է: Ի վերջո երկու երկրներն էլ հիմնականում միեւնույն քաղաքական մոդելն են կիրառում: Էներգետիկ ռեսուրսների եկամուտներով լցնել ազգային գանձարանը եւ թույլ տալ, որ էլիտար խավի փոքր զանգվածը օգտվի այդ եկամուտներից, վերահսկի տեղեկատվական դաշտը եւ ճնշի ընդդիմությունը: Օրենքները (ինչպես ոչ կառավարական ընկերությունների իրավունքների սահմանափակման օրենքը) նախ կարծես Ռուսաստանում են գործադրվում, հետո մի քանի ամիս անց Ադրբեջանում: (Նախագահ Օբաման «Clinton Global Initiative» կենտրոնում սեպտեմբերի 23-ին ունեցած ելույթի ժամանակ հատկապես առանձնացրեց Ադրբեջանին որպես ոչ-կառավարական ընկերություններին ճնշող երկրի): Եվ չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանը դեմ էր արտահայտվում Ռուսաստանին եւ պաշտպանում Ուկրաինայի տարածքային աբողջականությունը, Բաքվում պաշտոնատար անձինք իրականում համամիտ են Մոսկվայի տարբերակին, որ ապստամբությունը Ուկրաինայում թելադրված էր եւ ֆինանսավորվածՙ Արեւմուտքի կողմից, եւ այն վտանգ է սպառնում բոլոր հետխորհրդային հանրապետություններին: Նախագահականի պաշտոնական անձնավորություններից մեկը Եվրոմայդանը անվանել էր «որոշակի միջազգային ուժերի ծրագիրը», որ «քաղաքացիական պայքար, քաոս եւ անարխիա» էր առաջացրել երկրում (Ուկրաինայում) եւ նույնը կարող էր տեղի ունենալ Ադրբեջանում: Բաքուն խստորեն վերահսկում է, որ հանկարծ որեւէ խմբավորում մտքովն անգամ չանցկացնի Մայդանի նմանությամբ խռովություններ կազմակերպել Ադրբեջանում: Ադրբեջանի բանտերում են գտնվում ներկայիս մոտ 98 քաղաքական բանտարկյալներ, որոնցից շատերը արեւմտամետ խիզախ ակտիվիստներ են: Նրանց թվում են Իլգար Մամադովըՙ ընդդիմության ղեկավարներից եւ նախագահական ընտրությունների նախկին թեկնածուներից, Անար Մամադլինՙ ընտրությունների խախտումները բացահայտող մի կազմակերպության ղեկավարը, Ռաուֆ Միրկադիրովըՙ հայտնի լրագրողը, որ Թուրքիայում էր աշխատում, Ինտիգամ Ալիեւը, հարգված փաստաբան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացնում բանտարկյալների գործերը, Ռասուլ Ջաֆարովը, հայտնի երիտասարդ ակտիվիստ, որ այս ամռանը 30 տարեկան դարձավ, Լեյլա Յունուսը, անկախության պայքարի վետերանը 1980-ականներին, որ հետո դարձավ մարդու իրավունքների լավագույն պաշտպանը երկրում, եւ Արիֆ Յունուսըՙ Լեյլայի ամուսինը, գրող, գիտաշխատող: Նրանց դեմ հարուցված մեղադրանքները տատանվում են հարկերից խուսափելու եւ լրտեսության միջեւ: Կառավարամետ լրատվամիջոցները արդեն իսկ նրանց մեղավոր են ճանաչել եւ կառավարության պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրականում ատում են նրանց եւ ցանկանում են ազատվել նրանցից: Մյուս կողմից կառավարությունը Բաքվում դժվարություններ է հարուցում արեւմտյան այն կառույցների դեմ, որոնք ժողովրդավարություն են քարոզում: Դրանց թվում են կրթական, ոչ շահութաբեր IREX հաստատությունը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտը եւ նույնիսկ բարեգործական Oxfam ընկերությունը: Նրանց բանկային հաշիվները սառեցվել են կամ նրանց ստիպել են հեռանալ երկրից: Արեւմտյան ականավոր քաղաքական գործիչներ, որոնք ժամանակին օգնել են Ադրբեջանին, ինչպես օրինակ այդ երկրում Մ. Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կամ շվեդ արտգործնախարար Կառլ Բիլդտը, այժմ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական անձանց եւ լրատվամիջոցների կողմից «մեծապես միջամտելու համար» Ադրբեջանի ներքին գործերին կամ «ինքնաբավ եւ փառամոլ» լինելու համար: Ռուս պաշտոնյաները, որոնք ժողովրդավարության մասին չեն խոսում կամ ակնարկում, բնականաբար նման վերաբերմունքի չեն արժանանում: Վերադարձ դեպի մարտադաշտ Ադրբեջանի կառավարության հետզհետե սաստկացող ագրեսիվ դիրքորոշումը դուռ է բացում ապակայունացնելու ոչ միայն այդ երկիրը, այլեւ շրջակա երկրները: Սա մասամբ այն պատճառով, որ արեւմտամետ ընդդիմադիրների դեմ պայքարն իր տեղը զիջել է առավել ռազմատենչ խմբավորումների դեմ պայքարի: Հաղորդագրությունների համաձայն, մի քանի հարյուր ադրբեջանցի արմատական սուննիներ ներկայիս կռվում են ISIS-ի խմբավորումների կողքին եւ ամեն րոպե կարող են հետՙ տուն վերադառնալ: Սա այն պատճառով, որ Ադրբեջանը ավելի քան երբեւէ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործում: Օգտագործելով իր նավթային եկամուտները Բաքուն ֆինանսական հսկայական գումարներ է տրամադրում վերազինման համար: Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը հարձակողական զենքի տարբեր տեսակներ է գնել Իսրայելից, Պակիստանից եւ Ռուսաստանից: Նրա ռազմական բյուջեն այժմ տարեկան չորս միլիարդ դոլար է: Սրան գումարած ավելացել է նաեւ հռետորական սպառնալիքը: Ադրբեջանի առաջնորդները պաշտոնապես Հայաստանին թշնամի երկիր են հռչակել: Օգոստոսին Twitter-ի միջոցով նախագահ Ալիեւը 57 ռազմատենչ ուղերձ էր հղել հայերին նշելով, որ «Ադրբեջանի դրոշը կծածանի բոլոր գրավյալ տարածքների վրա»: Ադրբեջանի վրդովմունքը հասկանալի է: Քսանից ավելի տարիների ընթացքում ոչ մեկը չի առաջարկել այնպիսի մի լուծում, որով հնարավոր կլիներ վերադարձնել կորուսյալ տարածքները: Իսկ Հայաստանը դժվար, անզիջում հակառակորդ է, որը դանդաղորեն հիմնավորում է փաստերըՙ իր ձեռքում պահելով Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ազերի տարածքները: Բայց վրդովմունքը քաղաքականություն չէ: Ադրբեջանը նույնքան պատասխանատվություն է կրում այդ հակամարտության համար, որքան Հայաստանը եւ խաղաղ կարգավորումից բացի այլընտրանք չկա այդ հարցում: Վրդովմունքը նաեւ կյանքեր է խլում: Շփման գծի ամբողջ երկայնքով ամռան ընթացքում տեղի ունեցած սադրիչ գործողությունները բռնության ամենավտանգավոր բռնկումները հանդիսացան խլելով երկու կողմերից առնվազն երեսուն զինվորների կյանքը: Դավադրության տեսաբանները Ռուսաստանին են մեղադրում դրա համար: Բայց փաստերը խոսում են այն մասին, որ դա զուտ հայ-ադրբեջանական բլեֆային պատերազմ էր, որը վերահսկողությունից դուրս էր եկել: Սա վտանգավոր դինամիկա է: Թվում է, թե ժամանակի հարց է միայն, որ Ադրբեջանի ներքին անապահովությունը, վերազինումը եւ շփման գծի անկայունությունը միանալով իրար մղեն Բաքվին հրաժարվելու խաղաղ բանակցություններից եւ որդեգրելու Ղարաբաղը վերանվաճելու ուժային տարբերակը, մի քայլ, որ հակամարտության արտասահմանյան մասնագետների կարծիքով ունենալու է աղետալի ավարտ բոլոր կողմերի համար: Ադրբեջանը անապահով զգալու իրական պատճառներ ունի: Բայց արեւմտյան միջնորդները չպետք է հրապուրվեն մարտավարական համագործակցության նրա նախերգանքներով: Եթե Բաքուն վստահելի գործընկեր լիներ, ապա կդադարեր հետապնդել իր արեւմտամետ քննադատներին եւ ավելի լուրջ կվերաբերվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արեւմտյան քաղաքագետները պետք է գործ ունենան իրենց աչքերի առաջ գտնվող Ադրբեջանի հետ եւ ոչ թե այն ենթադրյալ տարբերակի, որ Ադրբեջանի ղեկավարները սովորություն են դարձրել «վաճառելու»: * Ղարաբաղյան հակամարտության միջազգայինՙ թերեւս ամենահայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը «Կառնեգի Էնդաումենտի» Ռուսաստան եւ Եվրասիա միջազգային խաղաղության ծրագրի ավագ գիտաշխատողն է: Նա հեղինակն է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Սեւ եւ սպիտակ» գրքի: |