ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Մինչ շփման գծում վերջին օրերի ռազմական գործողությունների բռնկման հետեւանքներն են պարզ դառնում աշխարհին, հակամարտող երկու կողմերը իրենց վերքերն են ամոքում: Աշխարհի առաջնորդները մի անգամ եւս համոզվեցին, որ Ղարաբաղի (Արցախի) դեպքում «Սառեցված հակամարտություն» արտահայտությունը առնվազն անտեղի կամ ոչ ճշգրիտ բնութագրում է: Ավելին, այդ «անկլավի շուրջ» ստեղծված վեճը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ մաս է կազմում, ավելի լայն առումով, արեւելք-արեւմուտք առճակատման, որը կարող է վերածվել անկանխատեսելի կամ անվերահսկելի հակամարտության: Ինչ էլ լինի ադրբեջանական ձախողված բլիցկրիգի պատճառը, խնդիրը հղի է վտանգավոր ենթատեքստերով: Լոնդոնյան «Գարդիան» թերթի խմբագրականը մի քանի պատճառներ է նշում. «Ամեն տեսակ տեղական գործոններ կարող էին յուղ լցնել կրակին. երկու կողմերի ազգայնամոլական զգացմունքները, ռազմատենչ կարգախոսները, եւ անշուշտ պանամական թերթերի բացահայտումները, որոնք հավելյալ ճնշում գործադրեցին Ադրբեջանի նախագահի վրա, կարող էին ուշադրությունը շեղելու հարմար սադրիչ միջոց ծառայել»: Պատերազմ հրահրելը Հայաստանի շահերից չի բխում, բայց արտասահմանյան մամուլը անաչառ երեւալու քողի ներքո, միշտ որոշակի ապատեղեկատվություն է ներկայացնում փորձելով իբր հավասարակշռությունը պահել: Վերոնշյալ պատճառների կողքին չպետք է մոռանալ Թուրքիայի մտադրություններն ու հակվածությունը գրգռելու Մոսկվային: Չնայած Օբաման նախատեց Էրդողանին Վաշինգտոնում, իր ինքնանպատակ ՆԱՏՕ-ական գործողությունների համար, նա վստահաբար դեմ չէր լինի, որ Թուրքիան տարածաշրջանում ստանձներ ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության դերակատարությունը: Կարճատեւ պատերազմի ընթացքում Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան «ուս-ուսի կանգնելու է Ադրբեջանի հետ հայկական ագրեսիայի եւ օկուպացիայի դեմ մինչեւ վերջ, մինչեւ բոլոր ազերի տարածքները, ներառյալ Ղարաբաղը, չվերադարձվեն»: Լինելով ԵԱՀԿ անդամՙ Թուրքիան պարտավոր է չեզոքություն պահպանել: Բայց իրականում միակ երկիրը դարձավ, որ ոգեւորություն դրսեւորեց ռազմական գործողությունների բռնկման առիթով: Էրդողանի վաղաժամ շնորհավորանքներն ուղղված Ալիեւին «իր հաղթանակի առթիվ», ինչպես նաեւ Ռաքքայից Թուրքիայի տարածքով Ադրբեջան ուղարկված ISIS-ի մարտիկները ցույց տվեցին, որ Թուրքիան էր այդ բռնկումի գլխավոր սադրիչը: Հայաստանը ոչ մեկից աջակցություն չստացավ: Ոչ անգամ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, որն ինչպես նախկինումՙ հրադադարը պահպանելու իր միջնորդի դերը կատարեց: Նույնիսկ հայկական Տավուշի շրջանի խաղաղ բնակչության ռմբակոծությունները անտեսվեցին ՀԱՊԿ-ի կողմից: Ավելին, ՌԴ վարչապետ Մեդվեդեւը Երեւան եւ Բաքու կատարած իր այցելությունների ավարտին հայտարարեց, որ շարունակելու է զենք վաճառել թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին, պահպանելու համար ռազմական հավասարակշռությունը: Բայց նույնիսկ այդ անհեթեթ հավասարակշռության քաղաքականությունը չէր պահպանված: Հայաստանը պատերազմում էր 1990-ականների զենքերով: Հայաստանը չունի նավթահորերով հարուստ Ադրբեջանի ռեսուրսները: Հաստատված փաստ է, որ ադրբեջանական զենքերի 85 տոկոսը այդ երկիրը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ մնացյալը Իսրայելից եւ Մ. Նահանգներից: Վերջին շրջանի Ռուսաստանից հրազենի գնման պայմանագրերը կազմել են 4,5 միլիարդ դոլար, իսկ Իսրայելիցՙ 1,6 միլիարդ դոլար: Մյուս կողմից հեգնանք է առաջացնում այն փաստը, որ իսրայելական Քնեսեթի մի պատվիրակություն այցելելով Հայաստան ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդում, մինչ իսրայելական կամիկաձե ԱՕԹՍ-ները նորանոր հայ կյանքեր էին խլում մեզ համար լրջագույն կարեւորության այս ամսվա սկզբում: «Ավելի ընդարձակ Եվրոպա» (Wider Europe Program) ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Վեսլոյի հրատարակած թերթը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոչ մեկը չցուցաբերեց քաղաքական անհրաժեշտ կամքՙ լուծում գտնելու համար հակամարտությանը: Այդ երեքի մեջ Ռուսաստանն է, որ ամենամեծ ազդակներն ունի ներգործելու Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, սակայն ամենաքիչն է հետաքրքրված որեւէ կոնկրետ լուծում գտնելու: Չկարգավորված հակամարտությունը Մոսկվայից կախման մեջ է պահում երկու երկրներն էլ. խիստ սահմանափակելով նրանց աշխարհաքաղաքական դիրքորոշման հնարավորությունները: Ռուսաստանը ի վիճակի է երկու կողմերին իրար դեմ տրամադրելու, պահպանելով նկատելիորեն էական ազդեցություն կամ վերահսկողություն ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մոսկվայի քաղաքականությունը երկդիմի է: Մի կողմից վարչապետ Մեդվեդեւը մեղադրում է Թուրքիային, մյուս կողմից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ներում հայցող տոնով հայտարարում` «մենք Թուրքիային չենք մեղադրում այս պատերազմի համար»: Անցյալ նոյեմբերին, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման օրերին ռուսական դումայում պահանջներ հնչեցին 1921 թվականի Կարսի պայմանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ, որը որոշ փորձագետների մոտ հույսեր առաջացրեց, որ կվերանայվեն հայ-թուրքական սահմանները ու որոշ բնռագրավված տարածքներ կվերակցվեն Հայաստանին: Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմը առավել հավաստիացումներ տվեց այդ ենթադրություններին: Բայց Թուրքիան իր ներքին հակամարտությունները կարգավորում է սուլթանների, իթթիհատականների եւ քեմալականների ոճովՙ ինչպես նախկինում, այսինքն զանգվածային կոտորածի ենթարկելով «անհանգիստ» քուրդերին Արեւմուտքի գաղտնի համաձայնության պայմաններում: Հաշվի առնելով իրական փաստերը, կարելի է նշել հստակորեն, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ: Դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում եւ նույնիսկ եթե ղարաբաղյան հարցը չլիներ, նա շարունակելու էր պահանջներ ներկայացնել հայաստանյան տարածքների նկատմամբ հիմնվելով իր իսկ հորինած «պատմության» վրա, որ հայերը եկվորներ են «պատմական Ադրբեջանի» տարածքում: Այս նկրտումները համահունչ են նաեւ Անկարայի օսմանյան փառասիրությունների հետ, որով Հայաստանը պետք է ամբողջովին վերացվի տարածաշրջանի քարտեզի վրայից, որովհետեւ Հայաստանը փուշ ու տատասկ է իր պան-թյուրքական երազանքների ճանապարհին, մինչդեռ Վրաստանըՙ ավելի հարմարվող կամ զիջող: Մենք նշել ենք սրանից առաջ, որ Վրաստանի համար քրիստոնեությունը որեւէ քաղաքական գործոն չի համարվում, եւ այդ երկիրը քանիցս համաձայնեցրել է իր քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունների հետ: Կա նաեւ գերակայող ռուսատյացության խնդիրը Վրաստանում, որն էլ ճանապարհ է հարթում երկրի առավել թուրքացմանը: Իսկ Հայաստանը թյուրքական աշխարհի համար մնում է ռուսամետ երկիր, որն արժանի է տարբեր վերաբերմունքի եւ ճակատագրի: Սակայն պատմականորեն այդ ռուսամետությունը միշտ չէ, որ քաղաքական «դիվիդենդներ» է բերել Հայաստանին: Սանձազերծված պատերազմը սթափեցրեց Հայաստանում ապրող եւ աշխարհասփյուռ հայերին եւ համախմբեց բոլորին մի գաղափարի շուրջը: Գնահատելի նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպելու գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամբողջական զեկույց չկա նրանց քննարկած թեմաների մասին, բայց Տեր-Պետրոսյանը նշել է, որ ժամանակը չէ հիմա քննադատելու կառավարության սխալները: Սա դրական նախանշան է նաեւ բոլոր դժգոհողների համար, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Սրտաբուխ հավաքներն ու Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ալիքները շարունակվում են աշխարհով մեկՙ Մոսկվայից Լոս Անջելես եւ Փարիզից Բուենոս Այրես: Հայոց եկեղեցու Գերագույն պատրիարք Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի ուղեկցությամբ, այցելեց Արցախ: Նման քայլերը, նաեւ կամավորական խմբավորումների հայրենասիրական նախաձեռնությունները հիշեցնում են բոլորիս 1918 թվի Սարդարապատի պատերազմը: Հույս հայտնենք, որ այս համերաշխությունը կրի մշտական բնույթ: Հաղթանակը ամենօրյա ազգային միասնականություն է պահանջում: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ |