RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5258, Տպվել է` 617, Ուղարկվել է էլ.փոստով` 603

ՀԱՄԼԵՏԻ ՈՉ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը անցնող շաբաթ Ղարաբաղում էր: Նրան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Բակո Սահակյանը, երբ ՀՀ նախագահը իջել է... ուղղաթիռից: Ինքնաթիռներ Երեւանից Ստեփանակերտ չեն թռչում: Սերժ Սարգսյանն այցելել է սահմանագոտի, շփվել զինվորների հետ, նրանցից մեկինՙ հակառակորդի հինգ տանկ խոցած կրտսեր սերժանտին պարգեւատրել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, նույն շքանշանով, ինչպես նաեւ այլ շքանշաններով, պարգեւատրվել են այլ զինծառայողներ, զինվորներ եւ սպաներ:

Ապա Հայաստանի նախագահը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներին եւ պատասխանել վերջիններիս հարցերին: Պատգամավորներից մեկըՙ Համլետ Հարությունյանը, հետաքրքրվել է Սերժ Սարգսյանից. «Պարոն նախագահ, հետախույզ Հովակիմյանը Ամերիկայից միջուկային զենքի գաղտնիքը բերեց Սովետ, Սովետը եւս միջուկային զենք ունեցավ: Ուզում եմ իմանալ, մենք քանի՞ հետախույզ ունենք Բաքվում»: Սերժ Սարգսյանը շատ հանգիստ պատասխանել է. «Համլետ, հիմա ես, ըստ քեզ, պիտի ասե՞մ մենք ինչ ունենք-չունենք»: Եւ չի ասել, եւ պետք էլ չէ, որ ասեր: Բանն այն է, որ Համլետի հարցը ամենայն հավանականությամբ հռետորական է եղել, որին չեն պատասխանում, որի շուրջ մտածում են: Համլետներն առհասարակ նման հարցեր հաճախ են տալիս... Ոչ ոք չի պահանջում նախագահից կամ որեւէ մեկից, որ ասեն, թե Բաքվում քանի՞ հետախույզ ունենք, կամ ունե՞նք արդյոք, պահանջն այն է, որ Բաքվում պետք է հետախույզներ ունենանք, ովքեր կքայլեն Բաքվի փողոցներում, կմտնեն խանութները, կգնան այգիները, կխոսեն ադրբեջանցիների հետՙ ադրբեջաներեն: Կլինեն Ադրբեջանի քաղաքացիներ, կաշխատեն այդ երկրի ինչ-որ, ցանկալի էՙ տարբեր ոլորտներումՙ սկսած ռազմական ոլորտից, վերջացած Բաքվի փողոցիՙ լյուլյա քյաբաբի կետով: Իհարկե չի բացառվում, որ նման հետախույզներ մենք այսօր էլ ունենք Բաքվում, բայց, գիտե՞ք, նախագահի պատասխանից դա չի զգացվում: Նա, ի պատասխան Համլետի հարցին, կարող էր ժպտալ, կարող էր լրիվ ուրիշ բան պատասխանել, կարող էր առանց ժպտալու ասերՙ հաջորդ հարցը խնդրում եմ, այս մեկի պատասխանը ես էլ չգիտեմ, քանի որ հետախուզությունն առհասարակ գաղտնի մասնագիտություն է: Բայց այս պատասխանը...

Իմ կարծիքով մեզ այլ բան է պետք, ոչ միայն հետախուզության հետ կապ ունեցող: Օրինակ ամերիկյան բանակում սովորեցնում են արաբերեն, հենց այնպես, առանց որեւէ թիրախի, «գուցե պետք գա» սկզբունքով: Նույն սկզբունքով ամերիկացի զինվորականներին սովորեցնում են նաեւ շատ այլ լեզուներ, օրինակՙ ռուսերեն: Մեզ շատ լեզուներ սովորել պետք չէ, մի լեզու է պետք սովորել, որի մասնագետները չունենք: Կան, անշուշտ, մի քանիսը, գուցե շատերը, ովքեր ադրբեջաներեն գիտեն, բայց այդ մի քանիսից, գուցե շատերից քչերն են զինվորական: Մինչդեռ մեր զինվորիՙ գոնե տարրական ադրբեջաներենի իմացությունը նրա իսկ կյանքի անվտանգության հարցում կարող է որոշիչ լինել: Ենթադրենք մոլորվում են (եւ մոլորվում են) անտառում եւ նրանց գտնում են ադրբեջանցիները... Բայց սա հարցի մի կողմն է: Նկատի ունեմ զինվորականների, ընդ որումՙ ցածրաստիճան զինվորականների շրջանում ադրբեջաներենի ուսուցումը: Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր լեզու սովորելովՙ սովորում ես տվյալ ժողովրդի մտածելակերպը: Տպավորություն է առաջանում, որ մեզ ադրբեջանցիների մտածելակերպին ծանոթանալ ամենեւին էլ պետք չէ, միեւնույն էՙ մենք նրանցից ուժեղ ենք: Բայց կոնկրետ ապրիլյան պատերազմը, որը ճիշտ չէ քառօրյա անվանել, քանի որ այն չի էլ ավարտվել, ցույց տվեց, որ մենք նրանցից եթե անգամ ուժեղ էլ ենք, ապա ոչ շատ: Ավելինՙ ապրիլի սրացումը հստակ ցույց տվեց, որ մենք ադրբեջաներենին կատարյալ տիրապետող զինվորականների կարիք ունենք, ովքեր ոչ թե ժամանակ առ ժամանակ կմտնեն հակառակորդի թիկունքն ու այնտեղից մեզ տեղեկություններ կհաղորդեն, այլ որոնք հակառակորդի թիկունքից հետ էլ չեն գա: Չունենք նման զինվորականներ: Իհարկե, չի բացառվում, որ ունենք, բայց անգամ եթե ունենք, ճիշտ չէ ասել, որ ունենք: Չունե՛նք: Իսկապես չունենք, եթե ունենայինք, մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանով կպարգեւատրվեր ոչ միայն սերժանտը, որը հակառակորդի հինգ տանկ է խոցել, այլ հետախույզը, որը ժամանակին, դեռ հակառակորդի տարածքում, սահմանից շատ հեռու, նկատել է դեպի մեզ եկող հինգ տանկերը եւ ինչպես կարգն է զեկուցել:

Այնպես որ Համլետը ճիշտ հարց է տալիս, որին պետք չէ պատասխանել, որի շուրջ արժի եւ պե՛տք է մտածել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ