«ԱԶԵՐԹԱՋԻ» ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա «Հայ ղեկավարների մեղքով Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի գտել» Այս միտքը, ըստ «Ազերթաջի» ապրիլի 18-ին թողարկած գերմաներեն լրատվության, նույն օրը «Սպուտնիկ Ադրբեջան» պորտալի մամլո կենտրոնում լրագրողներին է փոխանցել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը : Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի բանաձեւերը, արհամարհում է միջազգային օրենքի նորմերը, Մադրիդյան սկզբունքները, ասել է նա: Ըստ ադրբեջանական պետական գործակալության հրապարակած տեղեկատվության, մամուլի ասուլիսի առանցքը եղել է ադրբեջանառուսական հարաբերությունների ներկա վիճակը, զարգացման հեռանկարները, ղարաբաղյան հակամարտությունը, հայ-ադրբեջանական ճակատում առկա լարվածությունը: Ադրբեջանի ղեկավարները ճշգրիտ հետեւում են իրենց առաջարկած արտաքին քաղաքական կուրսին, ասել է ռուս քաղաքագետը, եւ միջազգային ասպարեզում, իբրեւ արտաքին քաղաքականության հաջողություն, նշել տարբեր երկրների, այդ թվումՙ Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական կապերը: Ադրբեջանը վստահելի եւ ուժեղ քաղաքական եւ տնտեսական գործընկեր է, շեշտել է Սերգեյ Մարկովըՙ հավելելով, թե ռուս զբոսաշրջիկների ՙ ադրբեջանական հանգստավայրեր հոսքը աճում է: Անդրադառնալով ճակատային իրադարձություններին, ռուս քաղաքագետն ասել էՙ շփման գծում արդի իրադարձությունները թույլ են տալիս Ադրբեջանին ցուցադրել իր բանակի ուժը, հանրության սոցիալ եւ քաղաքական համերաշխությունը: Մարտական գործողությունների այսպիսի արագ դադարեցումը կարող է նաեւ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական ուժի նշան ընկալվել, ինչը նշանակում է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է, իսկ իշխանություններն ուզում են հակամարտությունը բանակցային սեղանի շուրջ լուծել, մեկնաբանել է Մարկովը: Հավելենք, որ ռուս քաղաքագետիՙ Ադրբեջանի հանդեպ այսքան բարեհաճ վերաբերմունքը նոր չի ձեւավորվել, հետեւելով նրա նախորդ տարիների ելույթներին դժվար է չնկատել, թե Ադրբեջանի կամ ավելի հստակՙ նրա ղեկավարության հանդեպ կայուն ակնածանք ունի: Մի հատկանիշ, որ ենթադրել է տալիս, թե ասուլիսի մասին «Ազերթաջը» պիտի ընթերցելու հնարավորություն տար նաեւ իր ռուսերեն տարբերակում: Ինչո՞ւ է դա բացակայում, իսկապես դժվար է ասել: Վրիպակներով հարուստ գերմաներեն տեքստը հուշում է եւս մի տարբերակՙ միգուցե ռուսերեն սխալաշատ տեքստից են խուսափել: Ռուսները երեւի դա չէին հանդուրժի... |