ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ Է, ԵՐԲ ԻՆՔԴ ԵՍ ԳՐՈՒՄ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վերաձեւակերպելով Չերչիլի խոսքերը` հատվածներ ԵԽԽՎ ստրասբուրգյան քննարկումների փնջից Դիվանագիտությունը «ինչ լավ շնիկ է» ասելու արվեստն է, մինչեւ կկարողանաս քար գտնել: Ոչ առաջինն ենք կարողանում, ոչ էլ, ինչպես հասկանում եմ, երկրորդը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրկին կարծես եղանակ է փոխվում, նկատի առնելով, որ ղարաբաղյան թեմային անդրադարձը, բացի ադրբեջանական պատվիրակության անդամներից, ավելի զգուշավոր շրջանակների մեջ է առնվել: Ավելի հավանական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են այս առնչությամբ ակտիվ աշխատում` գործունակ ներկայացնելու հնարավորություն թողնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների իրենց ձեւաչափը, քանի որ հայաստանյան պատվիրակների աշխատանքը վեհաժողովում կատարելագործման զգալի ճանապարհ ունի դեռ անցնելու: Ամեն դեպքում, այս հնգօրյայի ընթացքում ավեի շատ հնչեց ղարաբաղյան կողմը բանակցային տեսնելու անհրաժեշտության, Ադրբեջանի ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների մասին, հատկապես ֆրանսիացի պատվիրակների կողմից, որ հնարավոր է` ժամանակները փոխվում են վեհաժողովի նախագահ, ադրբեջանամետ, անգամ գրեթե հպատակ Պեդրո Ագրամունտի երկամյա «թագավորությունում»: Հիմա ամեն ինչի մասին` ըստ հերթականության: «Ղարաբաղյան թեման»` չընթացած ԵԽԽՎ գարնանային նիստի օրակարգի նախագծում երեք վերնագրերով ղարաբաղյան թեմային անդրադառնալու առաջարկություններ էին արվել` հայկական, ֆրանսիական եւ ադրբեջանական պատվիրակների նախաձեռնությամբ: Ու մինչ վեհաժողովի Բյուրոն քննարկում էր օրակարգի նախագիծը, որպես ընթացիկ հարց քննարկելիք մեկ այլ հարց ավելի կարեւորվեց` «Պանամայի թղթապանակը», որի առնչությամբ մեկժամյա քննարկումն անպտուղ ու անհեթեթ էր, որը սակայն կարող է լրջանալ, եթե ձեւավորվի զեկույց պատրաստելու պահանջ, ապա նաեւ ընդունվի բանաձեւ: Ասել է, թե ապրիլյան ռազմական գործողություններին անդրադարձը եղավ ոչ թե մեկժամյա բանավեճի, այլ ցրվեց ողջ 5-օրյա նիստի շրջանակներում: Այս մոտեցմամբ` շահեկան չստացվեց, սակայն հակամարտության կարգավորման վրա հնարավոր բացասական ազդեցության առումով ձեռքբերում էր, որ հարցը չդարձավ ընթացիկ բանավեճի թեմա` այդպիսով հիմք չտալով հետագայում զեկույցի, դրա հիման վրա էլ` բանաձեւի նախապատրաստման: Այդուհանդերձ, վեհաժողովական մեկ այլ ձեւաչափում, որ ազատ բանավեճ է կոչվում, հարցին անդրադարձեր եղան: Ի մասնավորի, պատվիրակներ Ռենե Ռուքեն , Ֆրանսուա Ռոշբլուան , Լեւոն Զուրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը նշեցին Ադրբեջանի նախահարձակ լինելու, պատերազմական հանցագործությունների, բանակցություններում ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին: Հունվարյան նիստում Սարսանգի ջրամբարի առնչությամբ ԵԽԽՎ հակահայկական բանաձեւն այս նիստում գտավ իր արձագանքը` տեղ գտնելով Բյուրոյի գործունեության հաշվետվության մեջ, որում զեկույցի պատրաստմանը չաջակցելու պատճառով հայաստանյան իշխանությունների ու վեհաժողովում պատվիրակության հասցեին դատապարտումի խոսքեր են հնչում: Ավելին, նշվում է, որ վեհաժողովը կքննարկի այս եւ նմանօրինակ մյուս իրավիճակներում միջոցներ ձեռնարկելու հարցը: Ուրեմն եւ սպասելի է, որ ինչ-որ պահի Հայաստանին ԵԽ-ում կհիշեցնեն հայկական կողմերի «անգործությունը»: Հայերից փախչող փոքրիկ «իշխանը» ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետությունը հաշվի չի առնում ոչ եվրոպական արժեքները, ոչ զբաղեցրած դիրքը: Սակայն իսպանացի պատվիրակի պարագայում կարծես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ ադրբեջանամետ գործչի գովասանքն առ Ալիեւ կրտսեր եւ Ադրբեջան այս անգամ խիստ սահմանափակ ու անգամ, թող թույլ տրվի ասել, համեստ էր` բավարարվելով Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ «ԵԽ անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու» առնչությամբ քծնանքով: Ագրամունտը հովեր ունի, թե հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունները վեհաժողովի հովանու ներքո պետք է հանդիպեն ու փորձեն երկխոսել, ինչը, պարզվում է, ԵԽԽՎ նախագահի օրակարգում կարեւոր հարց է: Պարզվում է, որ հարցն իսկապես Ագրամունտի համար կարեւոր էր, ավելինՙ իրագործելի, թեեւ մասամբ: Յուրաքանչյուր նիստի սկզբում, մինչեւ լիագումար կազմով նիստի մեկնարկը, նիստ է գումարում ԵԽԽՎ Բյուրոն` քննարկելու օրակարգի նախագիծն ու այլ հրատապ հարցեր: Անմիջապես բյուրոյի նիստից հետո հայ լրագրողների հետ ստրասբուրգյան վեհաժողովում հանդիպմանը հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հպանցիկ տեղեկացրել էր, թե հանդիպում է նախատեսվում Ագրամունտի հետ, որի մասին հնարավոր եղավ տեղեկանալ միայն ԵԽԽՎ նախագահի թվիթերյան էջից, այն էլ` ապրիլի 18-ին տեղի ունեցածի մասին միայն ապրիլի 20-ին: Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակության լռությունը մեկնաբանությունների տեղիք է տալիս, հատկապես որ Ագրամունտը չէր զլացել թվիթերյան գրառում անել ինչպես Նաղդալյանի, այնպես էլ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպման նկարների ֆոնին: Թեեւ Ագրամունտի գրառումը երկակի բնույթ է կրում, բայց նկարներից ակնհայտ է, որ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել են առանձին: Հարկ է նշել, որ Ագրամունտը լիագումար նիստի սկզբում հարկ համարեց ընդգծել փոխադարձ վիրավորանքներով չխոսելու կարեւորությունը` թերեւս վախենալով իր անձի նկատմամաբ բացասական գնահատականներից, որպիսիք այդուհանդերձ հնչեցին: Եվ քանի որ Ագրամունտը իմ գիտությամբ եզակի ԵԽԽՎ նախագահ է, որ չտվեց նախանիստային ասուլիս, զարմանալի չէ նաեւ, որ հատկապես հայ լրագրողներից խե՜ղճ իսպանացու մոտ ալերգիա է ձեւավորվել եւ տխուր սկզբունք. չարձագանքել, չպատասխանել ոչ մի հարցի` կլինեն գրավոր, բանավոր, թե հընթացս: Երիտասարդ Փաշաեւան եւ ալեհեր Յունկերը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ապրիլի 19-ին Ստրասբուրգյան ելույթը հետաքրքրական էր ամենից առաջ այն պատճառով, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ակնհայտորեն բարկացած էր հայտնվել ԵԽԽՎ բեմին, ինչն էլ հարցերին արձագանքելիս հստակ զգացնել տվեց: Երբ ադրբեջանցի պատվիրակ Գարինա Փաշաեւան , որի անգլերենի իմացությունը դպրոցականներից շատերին է զիջում, բայց համառությունը` հիշեցնում հայտնի կենդանուն, հարցրեց, թե ինչով կարող է Եվրոպական հանձնաժողովը նպաստել «միլիոն ադրբեջանցի փախստականների վերադարձին», Յունկերը արձագանքեց ֆրանսերեն, որի անգլերեն թարգմանությամբ, ըստ վեհաժողովի կայքի, ԵՀ նախագահն ասաց. «Երբ հարցը վերաբերում է Ադրբեջանին, ամենը, որ կարող եմ ասել, հետեւյալն է. դադարեցրե՛ք հրաձգությունը, դադարեցրե՛ք կռիվը (ֆրանսերենում, ըստ ֆրանսախոսների, հնչել է «դադարեցրե՛ք հրաձգությունը եւ պահպանե՛ք զինադադարը» տարբերակով): Յունկերը միայն ադրբեջանցի տիկնոջը չէ, որ արձագանքեց բավականին կոպիտ: ԵՄ գործերի, հատկապես ֆինանսական հատվածի առնչությամբ մի քանի հարցերին էլ ԵՀ նախագահը կոպտորեն պատասխանեց, թե ԵԽԽՎ-ն չէ, որ պետք է այդ հարցերով զբաղվի, հատկապես որ իրեն չեն կարող պարտավորեցնել ներկայացնելու ԵՄ ողջ գործընթացները: Նորվեգացին, թուրքը, ավստրիացին ու վրացին ԵԽԽՎ ապրիլյան այս նիստում ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի հետ ասուլիսային հնարավորությամբ լրագրողների հանդիպում ունեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն , Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը , Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին : Դավութօղլուի հետ լրագրողների հանդիպումը անպտուղ էր, քանի որ վերջինս դասախոսելու մեծ հակում ունի, ինչը նաեւ վեհաժողովականների առաջ ելույթում արտահայտվեց հատկացված մեկ ժամից 50 րոպե խոսելով ու հարցերին ժամանակ չթողնելով: Նորվեգացի Յագլանդի խոսքերով, միայն կարող են հղում անել Մինսկի խմբին, թեեւ շատ բան տեղի չի ունենում այդ հարթակում: «Վերջին պատերազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է վերսկսել քաղաքական գործընթացը: Կողմերից որեւէ մեկը չի դիմել մեզ ներգրավվելու սրանում, ուստի մեր դիրքորոշումը հստակ է. հարցը Մինսկի խմբի ձեռքերում է»: Վրացու պարագան կրկնություն էր արդեն հայտնի հայտարարությունների, որ խաղաղությունն է կարեւոր եւ որ սպասում են խաղաղ կարգավորման: Ավստրիացին հարցիս ի պատասխան նշեց, որ ղարաբաղյան սառեցված հակամարտությունը ի սկզբանե ողբերգություն էր: Նշելով, թե նախկինում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ խոսելու հնարավորություն կար, Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ նաեւ հույս կար, թե բռնությունների վերսկսումից կարելի էր խուսափել: «Ավստրիայի դիրքորոշումը կարող է միայն այն լինել, մյուս եվրոպական երկրների նման, որ բռնությունը պետք է անմիջապես դադարեցվի, կայունություն է պետք հաստատել»: Ֆիշերի խոսքով, պետք է նոր հիմնավոր բանակցությունների հիմք դնել եւ տեսնել, թե արդյոք առաջընթաց հնարավոր է բանակցությունների միջոցով եւ բոլոր կողմերի արդար ճնշմամբ»: Ավստրիացին եզրափակեց. «Ես ատում եմ պատերազմն ու հրաձգությունը»: Մեր պատվիրակները Ասել, թե ԵԽԽՎ-ում մեր բոլոր պատվիրակները համախմբված չեն աշխատում, ճիշտ չի լինի: Ապրիլյան նիստի շրջանակներում ե՛ւ ելույթներն էին բավականին շատ, ե՛ւ ակտիվ աշխատանք էր նկատվում: Եղավ հայտարարություն, բաժանվեց գրքույկ: Այս ամենը` տեսանելիության առումով հեշտ նկատելի էր: Սակայն... ինչ է ասում 44 ստորագրությամբ տարածված հայտարարությունը, որը, ի դեպ, վեհաժողովի ընդունած հայտարարություն չէ, այլ զուտ պատվիրակների մի խմբի: Ինչեւէ, հայտարարությամբ աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես միջնորդության միջազգայնորեն համաձայնեցված միակ ձեւաչափ եւ քաջալերում կողմերին որոշիչ քայլեր ձեռնարկել եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել համանախագահների առաջարկների հիման վրա բանակցված կարգավորման հասնելու համար: Ափսոսանք հայտնելով զոհերի համար` ԵԽԽՎ 44 պատվիրակներ գտնում են, որ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու 1994թ. Հրադադարի համաձայնագրի ամրապնդումը կնպաստեն լարվածության մեղմացմանն ու ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը` խաղաղ բանակցությունների առաջընթացի համար: Մեկ այլ ակնառու քայլ էլ գրքույկի տարածումն էր, որտեղ ներկայացված են Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունների որոշ վկայություններ: Վեհաժողովի ձեւաչափը շատ այլ քարոզչական քայլերի հնարավորություն է տալիս, որոնց սակայն ականատես չեղանք, ասել էՙ չկային: Ուրեմն եւ դժվար է քայլել, առավել եւս մրցել վեհաժողովի հարթակում մի պետության հետ, որը ոչ միայն առատորեն ֆինանսավորում է լրագրողների ու պատվիրակների այցելություններ Ադրբեջան, նորոգում ԵԽԽՎ դահլիճ (մեկը` հաստատ, ավելին` վստահ չեմ), այլեւ ավելի հաճախ օգտվում իրավաչափ հնարավորություններից` մատուցելու սեփական տեսակետն ու մոտեցումը: Միշտ չէ, որ դիմացինի փողատեր լինելը արդարացում է: Միջազգային կառույցներում աշխատելու համար պետք է լեզու իմանալ, որպեսզի անգիր սերտած ելույթի փոխարեն իրավիճակին համահունչ խոսելու կարող լինես: Պետք է նաեւ որոշակի հմտությունների զինանոց ունենալ, եւ դրանք կիրառելու ռազմավարություն/մարտավարություն, էլ չեմ խոսում մտածող ուղեղների մշակած, ձեւակերպած ուղերձների կարեւորության մասին, որոնց բացակայությունն ուղղակի ակնհայտ է: Դիվանագիտությունը «ինչ լավ շնիկ է» ասելու արվեստն է, մինչեւ կկարողանաս քար գտնել: Ասելիքս չփոխվեց. ոչ առաջինն ենք կարողանում, ոչ էլ երկրորդը: Ստրասբուրգ |