RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6099, Տպվել է` 628, Ուղարկվել է էլ.փոստով` 617

ԱՅԴ ՀՈՂԵՐՆ Ո՞ՒՄՆ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շատ հեռու գնալ պետք չէ, գոնե հիմա, մեջբերելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք ԼՂ հիմնահարցով միջնորդներն առաջարկել են հակամարտության կողմերինՙ որպես հիմնահարցի կարգավորման ճանապարհ: Ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք ԼՂ հիմնահարցի մադրիդյան սկզբունքները, որոնց անգամ «Ռեալ Մադրդիդի» հայ երկրպագուներն են դեմ: Ուշադրություն դարձրեքՙ մադրիդյան սկզբունքները ոչ թե այն փաստաթուղթն է, որի տակ երբ լինի նախագահներ Սարգսյանի, Սահակյանի եւ Ալիեւի ստորագրությունը, ԼՂ հիմնահարցը համարվելու է կարգավորված, այլ դրանք այն սկզբունքներն են, որոնք կետ առ կետ համաձայնեցնելուց հետո պետք է առանձին կազմվի խաղաղության պայմանագիր, որի տակ էլ, երբ լինեն երեք նախագահների ստորագրությունները, հարցը կհամարվի լուծված: Այսինքն, համաձայնել մադրիդյան սկզբունքներինՙ չի նշանակում համաձայնել դրա կետերից, օրինակՙ «ԼՂ-ի շուրջ ադրբեջանական տարածքների վերդարաձըՙ Ադրբեջանին» կետին:

Իսկ ի՞նչ է այդ պարագայում նշանակում մադրիդյան սկզբունքներին համաձայնվելը: Տեսեք, բոլորը, ովքեր խոսում են այդ սկզբունքների մասին, նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հակամարտության կողմերը, նշում են, որ այդ սկզբունքները ընկած են լինելու Խաղաղության պայմանագրի հիմքում: Հետեւաբար, մադրիդյան սկզբունքներին համաձայնելը նշանակում է բանակցել, շեշտում եմՙ բանակցել, այդ սկզբունքների փոխհամաձայնության շուրջը: Օրինակ, ամենասարսափելի կետը մեզ համարՙ «ԼՂ-ի շուրջ ադրբեջանական տարածքների վերադարձՙ Ադրբեջանին»: Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը (ԼՂՀ-ին դեռ կանդրադառնանք) նստում են եւ բանակցում մադրիդյան սկզբունքների շուրջ, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը համաձայնել է «վերադարձնել» այդ տարածքները Ադրբեջանին, դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն է քննարկել այդ հարցը եւս: Այսինքն, երբ Ադրբեջանը եւս բանակցությունների կնստի, ընդունելով դրանց հիմք որպես մադրիդյան սկզբունքները, Հայաստանը կարող է նույն այդ սեղանի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ հայտարարել, թե ինքը դեմ է կոնկրետ այդ կետին: Բնական է, որ մադրիդյան սկզբունքներում կլինեն կետեր, օրինակՙ «ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի որոշում, մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը, որը տեղի կունենա տեղի բնակչության ազատ կամարտահայտությամբ», որոնց Ադրբեջանը չի համաձայնի: Հետեւաբար Հայաստանը կարող է ընդունել, որ այս լավ (մեզ համար) կետը վերանա սկզբունքներից, բայց պայմանով, որ այդ պարագայում Ադրբեջանի համար ձեռնտուՙ տարածքների «վերադարձի» կետը վերանա սկզբունքներից: Սա կոչվում է դիվանագիտություն, խաղաղ բանակցություններ եւ փոխզիջում: Ես գոնե չեմ կասկածում, որ կողմերը հիմա, եւ տեսանելի ապագայում, չեն համաձայնելու մադրիդյան սկզբունքներին, այսինքն կողմերից յուրաքանչյուրի համար այդ սկզբունքներում լինելու են կետեր, որոնց հետ իրենք սկզբունքորեն համաձայն չեն եւ չեն լինելու: Իսկ երբ հայտարարված սզբունքներից որեւէ մեկի շուրջ կողմերը համաձայնություն ձեռք չեն բերում, ապա նշանակում է, որ իրենք դեմ են մադրիդյան սկզբունքներով Խաղաղության պայմանագրի ի հայտ գալուն առհասարակ: Այսինքն կողմ էին մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելուն, բայց սկզբունքներին դեմ են. սրանք տարբեր բաներ են:

Հայաստանն, օրինակ, երբեք չի հայտարարել, թե ինքը կողմ է մադրիդյան սկզբունքներին: Երեւանը մշտապես հայտարարել է, որ ինքը կողմ է մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացքին: Ավելին, Երեւանն արդենՙ Պուտինի ասած ակտիվ բանակցությունների ժամանակ կարող է եւ հայտարարել, որ ինքը սկզբունքորեն կողմ է բոլոր սկզբունքներին, բայց ինքը իրավասու չէ խոսել Ստեփանակերտի անունից: Այ սա արդեն այն ինչ-որ պահն է, որի մասին համանախագահները խոսում են, երբ նշում են, թե «բանակցությունների ինչ-որ պահից ԼՂ-ն անպայման դառնալու է բանակցող կողմ»: Ստեփանակերտն էլ շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը համաձայն չէ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ չի պատրաստվում զորքը հանել «ադրբեջանական օկուպացված տարածքներից», քանի որ իրեն, ենթադրենք, չի բավարարում Ադրբեջանի տված անվտանգության երաշխիքները: Սա արդեն նոր բանակցությունների մեկնարկ է, թեմա է, բայց արդեն ԼՂ-ի ակտիվ ներգրավմամբ: Այսինքն Բաքուն պետք է Ստեփանակերտին անվտանգության երաշխքիներ տա, այսինքն Բաքուն պետք է ճանաչի ԼՂ-ի կարգավիճակը նախքան այն պահը, երբ ԼՂ-ն կհամաձայնի, կամ ոչ, «վերադարձնել ադրբեջանական հողերը»: Ի վերջո այդ հողերը ԼՂ ՊԲ-ի վերահսկողության տակ են եւ այդ երկրի Սահմանադրությամբ ԼՂՀ անքակտելի մասն են:

Բայց շատ հեռու գնացինք: Բանակցությունների սեղանի շուրջ դեռ միայն Երեւանն ու Բաքուն են, սեղանի վրա էլ մադրիդյան սկզբունքներն են, որոնք ամենեւին էլ սարսափելի չեն, քանի որ հողեր տալու մասին խոսելը հողեր տալ չէ: Իսկ ինչո՞ւ է այդ պարագայում սկզբունքներից այդ մեկը շարունակում մնալ սկզբունքների շարքո՞ւմ, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի համաձայնել բանակցություններ սկսել մադրիդյան սկզբունքների շուրջ, որպեսզի արդեն բանակցությունների ժամանակ Հայաստանը հայտատարիՙ այ այս մի սկզբունքին մենք դեմ ենք... Իսկ ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում բանակցություններ սկսել մադրիդյան սկզբունքների շուրջ, որովհետեւ գիտի, եթե անգամ Հայաստանը համաձայնի հողեր տալուն, տվողը Ստեփանակերտն է, որից պետք է պահանջել, պահանջելուց առաջ էլՙ ճանաչել, ճանաչելու պարագայում էլՙ էլ ինչպե՞ս պահանջել, չէ՞ որ այդ հողերը մի պետության անքակտելի տարածքներն են, որին ճանաչում ենՙ առնվազն որպես բանակցությունների լիիրավ կողմ: Ճանաչում են բոլորը, այդ թվումՙ Բաքուն, քանի որ պահանջում է հողեր, որոնք ամենեւին էլ ՀՀ-ի վերահսկողության տակ չեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ