«ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» ԵՎ «ԱՐԵՎԻ» «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԱՅՆԵՐԸ» ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ Որեւէ անհատի կյանքում ակունքները կարեւոր դեր են խաղում, ընդ որում ակունք ասելով հասկանում եմ ոչ միայն տվյալ անձի անցյալի ազգակցական կապերը, այլեւ այն միջավայրը, որտեղ նա հասակ է առել, հասունացել է եւ ձեւավորվել որպես անհատականություն: Իմ սերնդի ներկայացուցիչները, որոնք ծնված լինելով Կահիրեում, Եգիպտոսում, այժմ գտնվում են աշխարհի ամենատարբեր անկյուններումՙ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հայաստանում եւ այլուր, կարող են իրենք իրենց բախտավոր համարել, որովհետեւ պատանեկան օրերից մեծացել են ազգային-հասարակական հայտնի դեմքերիՙ Մեթր Նուբար Պերպերյանի, Համբարձում Գարայանի, Էօժեն Փափազյանի,Վարդգես Գարտաշյանի, Ալեքսանդր Սարուխանի, Շաքե Իփեքյանի, Նորա Իփեքյանի, Նվարդ Տամատյանի, Վահագն Տեփոյանի, Ավետիս Յափուջյանի, Պերճ Թերզյանի եւ այլ նվիրյալ հայրենասերների շնչի ներքո: 1957 թվի հուլիսի 23-ին էր, որ մինչ Եգիպտոսում անկախութան հինգերորդ տարեդարձի տոնախմբության ուրախ ձայներն էին լսվում ամենուրեք, Կահիրեի Հայ Գեղարվեստասիրաց միության (ՀԳՄ) (*) «Հայ տանիքի» վրա մի բուռ համախոհ պատանիներ գլուխ-գլխի եկած մտածում էին կյանքի կոչել «Պատանեկան շարժումը», որն իսկապես, այդ ժամանկվա երեցների գնահատմամբ, հիշարժան երեւույթ հանդիսացավ գաղութում: Հիմնադիր անդամներիցՙ Վահան Անտոնյան, Սեդրակ Պալըքճյան, Ավետիս Յափուջյան, Ալիս Գարտաշյան, Հակոբ Ծուլիկյան, անմիջապես գործի անցնելով կազմեցին մի հանձնախումբ, որը մշակեց եւ իրականացրեց գրական, գիտական, մարզական, ազգային, ամենատարբեր բնույթի հանրամատչելի միջոցառումներ, որոնք տեղի ունեցան սկզբնական շրջանում չորեքշաբթի, իսկ հետագայում շաբաթ օրերին «Հայ տան» 7-րդ հարկում գտնվող Հ.Գ.Մ.-ի Թեքեյան սրահում, իսկ ամառ ժամանակՙ «Հայ տանիքի» վրաՙ բացօթյա: Դա հրաշալի առիթ հանդիսացավ տարբեր վարժարաններ (հայ թե օտար) հաճախող պարման-պարմանուհիների (այդպես էին մեզ անվանում) համար իրար հետ ընկերանալու եւ միասնական ջանքերով ինչ-որ ձեռնարկ կազմակերպելու, հայկական հարցերով հետաքրքրվելու եւ ուրիշներին էլ հետաքրքրելու համար: Անշուշտ բացի դասախոսություններից, վիճաբանական երեկոներից, կազմակերպվում էին նաեւ հանդեսներ, զբոսապտույտներ, թատերական փոքրիկ ներկայացումներ, պարահանդեսային երեկոներ եւ զանազան այլ ընկերային մրցումներ եւ երաժշտական հավաքներ: Ստեղծվել էր աննախադեպ մի մթնոլորտ, որի շնորհիվ ակումբ այցելուների թիվը կարճ ժամկետում կրկնապատկվեց ու քառապատկվեց: Ահա 1958 թվի հուլիսի 23-ին, «Պատանեկան շարժումի» հիմնադրման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսության նախագահ, հայտնի երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի խոսքից մի հատված. «Մեզի, երէցներուս համար, իսկապէս մեծ ուրախութիւն է տեսնել այսպէս խումբ մը պատանիներ, որոնք միահամուռ կ"աշխատին եւ իրենց բաժինը կը բերեն ազգապահպանման գետնին վրայ: Հայ պատանին հայ կը պահեն, հայերէն դասախօսութիւններ կը կազմակերպեն, եւ վերջապէս կը հրճուինք մենք, երբ կը տեսնենք անոնց գործունէութիւնը, սէրը եւ հաւատքը հանդէպ իրենց Հայրենիքին եւ Ազգին: Անոնք սքանչելի օրինակներ կ"ըլլան իրենցմէ փոքրերուն, որոնք այս գործունէութիւնը տեսնելով, հիմակուընէ կը պատրաստուին ապագայի իրենց ազգային պարտականութիւններուն»: Շարժումը ունեցավ նաեւ իր պատի թերթը, որի պատասխանատուներն էին Անդրեաս Պալըքճյանն ու տողերիս հեղինակը: Թերթի, որը կանոնավորապես հրատարակվում էր երկշաբաթյա պարբերականությամբ, բոլոր համարները խնամքով պահպանվել են եւ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ գրադարանում: Նշեմ նաեւ, որ թերթը մեզանից առաջ պատրաստում էր այժմ ավստրալաբնակ «Արեւ» օրաթերթի նախկին երկարամյա խմբագիր դոկտ. Ավետիս Յափուջյանը: Շարժումը հաջողություններ արձանագրելով եւ ընդարձակվելովՙ 1959-ի հուլիսին վերանվանվեց «Հ.Գ.Մ. Ուսանողական մարմին», սակայն շարունակեց իր օգտաշատ գործունեությունը առավել սերտ կապեր հաստատելով ինչպես Կահիրեի Հելիոպոլիսի շրջանում գործող «Կոկանյան սրահի», այնպես էլ Ալեքսանդրիայում գործող «Տիգրան երկաթ» քույր միությունների նմանօրինակ մարմինների հետ: Այնուհետեւ նկատելով, որ պատանի-պարմանուհիների շրջանում գրական ձիրքեր ունեցողներ կան, Ուսանողական մարմնի անդամները հարց բարձրացրին երիտասարդական հատուկ էջ ունենալու «Արեւ» օրաթերթում: Ի պատիվ նրան, պետք է նշել, որ այդ ժամանակվա «Արեւի» խմբագիր էդմոն Կոտալազյանը (Երվանդ Ազատյանը) սիրով ընդառաջեց մեր խնդրանքին եւ 1959 թվականի սեպտեմբերի 24-ին «Արեւ» օրաթերթի երրորդ էջում լույս տեսավ մեր «Երիտասարդ ձայներ» (վերտառության անվանումն ու գծագրությունըՙ տողերիս հեղինակինն էր) ամսաթերթի առաջին համարը: Այդ առթիվ թերթի խմբագրականում կարդում ենք. «Սփյուռքի սպառիչ ու սպաննիչ պայմաններուն տակ, երբ յուսաբեկ կը դիտենք հոսանքն ի վար անկումը երիտասարդութեան այլասերած մէկ մասին, ահա անդիէն կայծ մը, հաւատքի նշոյլ մը, խոստում մը կուգան լաւատեսութեան արեւով վառելու մեր հոգին: Այդ կայծերէն մէկն է ուրեմն այն ճիգը, որ կամփոփուի մեր այսօրուան Գ. էջին վրայ: Տրուած գրութիւնները- բանաստեղծութիւն, պատմուածք թե զուարճալիք- գուցէ հեռու են գեղարուեստական նկատառելի արժէք մը ներկայացնելէ, սակայն անոնց մէջ մենք կողջունենք խոստումը գալիքին, կրակը այն հավատքին, որ համախմբած է այս տղաքը հասարակական աշխատանք մը տանելու գաղափարին շուրջ: ...«Արեւ»ի շուրջ համախմբուած երիտասարդները ունին այդ ջերմութիւնըՙ հանդեպ մեր մշակոյթին, հանդէպ մեր պատմութեան ու արժէքներուն եւ կը խոստանան ամէն ամիս հանդէս գալ եւ ցոյց տալ պտուղները իրենց միտքի երկունքին ու հաւատքին: Անոնք հայութիւնը որպէս հանդերձանք չէ, որ հագած են, այլ զայն իւրացուցած են որպէս կեանք ու ոգի, որոնք կը մղեն զիրենք թիավարելու հոսանքն ի վեր ու պատասխանելու դարուս պահանջքին»: Մեկ տարվա կանոնավոր հրապարակումներում իրենց առաջին բանաստեղծությունները, պատմվածքներն ու ակնարկները տպագրեցին Կարպիս Պոհճալյանը, Հակոբ Խաչատուրեանը, Սեդրակ Պալըքճյանը, Անդրեաս Պալըքճյանը, Օշին Էմճյանը, Գեւորգ Մաժակյանը, Նվեր Գըլճյանը, Սոնիա Սամսոնյանը եւ ուրիշներ: Լինելով էջի պատասխանատուներից, հոդվածներս բացի իսկական անուն-ազգանունից ստորագրում էի նաեւ «Ծաղկող սերունդ», «Արսեն Գիտակ», «Թաթուլ Վարդանյան» եւ «Երիտասարդ ձայներ» ծածկանուններով, հատկապես այն ժամանակ, երբ միեւնույն էջում մի քանի հոդվածի հեղինակն էի: Հատկանշական է, որ այդ ժամանակվա ավագ սերունդը անտարբեր չմնաց մեր այս նախաձեռնության նկատմամբ: Ալեքսանդրիաբնակ հմուտ գրող, իրավաբան Ստեփան Շահպազը «Արեւի» 1960 թվի հունվարի 30-ի մեր հերթական էջում «Երիտասարդ գրողներու ուշադրութեան» խորագրով իր հոդվածում ահա թե ինչ էր գրում. «Շատ օգտակար մտածում մը եղաւ «Արեւ»ին մէջ մասնաւոր սիւնակներ տրամադրելըՙ պարբերական ձեւով, երիտասարդ գրողներուն: Ասիկա գրականութեան սէրը կարթնցնէ պատանիներուն եւ երիտասարդներուն մէջ, զանոնք կը խանդավառէ եւ կը քաջալերէ ալ: Ու գրելու վարժութեան կը մղէ: Թերեւս, այս կերպով, թաքուն տաղանդ մը, տաղանդներ իսկ յայտնուին: Ուստի պիտի ուզէի այս առթիւ կարգ մը թելադրութիւններ ընել, խորհուրդներ տալ իրենց, որպէս երէցի մը պարտականութիւնը: Այս իսկ պատճառովՙ պիտի փափաքէի ալ, որ ներկայ տողերս երեւային իրենց յատկացուած այս թիւին մէջ, բարեկամաբար, իրենց ուշադրութիւնը անպայման գրաւելու համար»: Երիտասարդներին «Մեկ կամ երկու անգամ երկու էջ» տրամադրելու գաղափարը փայփայած էր նաեւ դրանից առաջ ծանոթ մտավորական Վիքթորիա Արշարունին, որ 1959 թվի մարտի 18-ին «Արեւի» մեջ գրում էր ի պատասխան «Ջահակիր» թերթում տպագրված Հովհաննես Տեր-Պետրոսյանի եւ տողերիս հեղինակիՙ երիտասարդ սերնդի հանդեպ երեցների ցուցաբերած անտարբերության մասին հոդվածների. «Կ"ըմբռնեմ այս երիտասարդ գրողներուն տրտունջքները, որոնք հոգիիս մեջ արձագանգ կը գտնեն, որովհետեւ հայ մտաւորականն է խօսողը, երիտասարդ կամ ծեր, որ չէ հանդուրժած իր հայրենակիցներուն ըմբռնումին, անտարբերութեան: Ուրեմն պէտք է ջանալ պայքարիլ այս անտարբերութեան դէմ, պայքարիլ առանց սակայն պատրանքներու: Ծաղիկ մը փթթելու համար պէտք ունի արեւի, անձրեւի եւ ուրիշ բազմաթիւ լաւ պայմաններու»: «Երիտասարդ ձայների» հրատարակումից մեկ տարի անց գրականամետ ուսանող-ուսանողուհիներս որոշեցինք ունենալ մեր սեփական ամսաթերթը, որ անվանեցինք «Շարժում» ուսանողական պարբերագիրք: 1960 թվին լույս տեսան «Շարժումի» ընդամենը երկու համարներ, որից հետո 1961-62-ի ընթացքում ծայր առավ արտագաղթը Եգիպտոսից, որի հետեւանքում երիտասարդներից մի որոշակի մասը մեկնեց Ամերիկա, Կանադա, Արգենտինա, Ավստրալիա եւ այլուր: 1962-65-ին նրանց մի մասը (այդ թվում Վահան Անտոնյանը, Սեդրակ Պալըքճյանը (այժմ Նաիրյան), տողերիս հեղինակը եւ ուրիշներ) մայր հայրենիք ներգաղթեց եւ հաստատվեց Լենինականում եւ Կիրովականում: Ընդհատվեց մեր երազած հրապարակումների ընթացքը: Սակայն բոլորս էլ, անվարան կարելի է ասել, ստացել էինք հոգեւոր այն սնունդը, «լիցքավորումը», որ շոգեքարշի նման կարող էր առաջ տանել մեր հետագա բոլոր ձգտումները: Հ.Գ.Մ.ը յուրօրինակ դպրոց էր, որտեղ գլխավոր «դասղեկը» Ավետիս Յափուջյանն էր: «Պատանեկանի» եւ «Ուսանողականի» այդ տարիները անմոռանալի հիշողություններ են թողել իմ եւ, վստահ եմ, սերնդակիցներիս շրջանում: Այդ ժամանակահատվածի միջոցառումների մասին հակիրճ ակնարկներ եւ հետագայում «Երիտասարդ ձայների» էջերում տարբեր առիթներով հոդվածներ գրելով է, որ առնչվել եմ լրագրության հետ ընդհանրապես: Առաջին թղթակցությունսՙ «Արմենիան արմենները Արմենիա կը փոխադրէ» վերնագրով գրել եմ 1963 թվականի նոյեմբերին «Արմենիա» շոգենավի վրա, որի առաջին ուղեւորներն էինք, ուրիշների թվում նաեւ ծնողներս ու ես: Հոդվածը տպագրվել է «Արեւի» նոյեմբերի 21 համարի երրորդ էջում: «Պատանեկանի» մասին վաղուց էի մտածում գրել, որպես Հ.Գ.Միության տարեգրության մի մասնիկի: «Արեւի» 100-ամյակը առիթ հանդիսացավ: Այնպես որ, շնորհավոր դարադարձդ, «Արե՛ւ»: (*) Հիմնված 1920 թվի մայիսի 6-ին, նախաձեռնությամբ պրն Կայծակ Պոզաճյանի: |