RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՍՑԵՆԱՐՆԵՐ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6646, Տպվել է` 192, Ուղարկվել է էլ.փոստով` 168

ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԿԱՐՈՂ Է ԳՐՈՀԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ

Համաշխարհային լրատվադաշտում հայտնվել են բազմաթիվ տեղեկություններ Մերձավոր Արեւելքում եւ Կասպից-Սեւծովյան տարածաշրջանում ռուս-թուրքական դիմակայության ծավալման եւ սրման մասին:

Ի մի բերելով դրանք եւ համադրելով վերջին ժամանակաշրջանի ռազմաքաղաքական զարգացումների հետ, կարելի է կատարել հետեւյալ եզրակացությունը:

Ռուսաստանը դեռ 2015 նոյեմբերից - 2016 փետրվար-մարտի ժամակաշրջանում նախապատրաստվել է զինակալել Ադրբեջանը:

Ընդ որում դա կլինի Թուրքիայի հետ մեծ պատերազմի առաջին փուլը:

Հույժ ուշագրավ է, որ ռուսական եւ ադրբեջանական մամուլի տվյալներովՙ Ռուսաստանը հզորացնում է իր ռազմական տորմիղը Կասպից ծովում:

ՌԴ ՊՆ «Զվեզդա» պաշտոնական հեռուստաալիքը հաղորդել է, թե Կասպից ծովի ռուսական տորմիղի կազմի մեջ մտցվել են նոր եւ արագընթաց տանկադեսանտային նավերՙ օդային «բարձիկների» վրա:

Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Կասպյան տորմիղը ռուսական ամբողջ ռազմական նավատորմում աչքի է ընկնում իր ամենաարդիական սպառազինությամբ:

Ուստի պետք է ենթադրել, թե այս ուղղությամբ Ռուսաստանը լուրջ ռազմական սպառնալիք է զգում, որը կանխելում իր կարեւոր դերն ունի Կասպյան տորմիղը:

Ռուսական նոր տանկադեսանտային նավերը ընդունակ են չսարքավորված ափի վրա իջեցնել մարդուժի եւ ռազմական տեխնիկայի զգալի զանգվածներ: Ընդ որում իրե՛նքՙ այդ նավերը սպառազինված են ինքնաձիգ թնդանոթներով ու զենիթային հրթիռներով եւ կարող են թե՛ ապահովել դեսանտի հակաօդային պաշտպանությունը, թե՛ աջակցել նրան ցամաքում մղվող մարտական գործողությունների ժամանակ: Այս նավերը հանկարծակի առաջին հարվածի հասցման եւ առափնյա օպերատիվ տարածքի գրավման հզոր միջոցներ են:

Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, Կասպյան ռազմական տորմիղն արդեն իսկ 80%-ով հագեցած է արդիական ռազմանավերով: Եվ շարունակում է հագեցվել... Շուտով այդ թիվը կմոտենա 90%-ի... Պետք չէ ռազմական փորձագետ լինել հասկանալու համար, որ Կասպյան ռազմական տորմիղը լիովին պատերազմի պատրաստ վիճակի է բերվում...

Հիշենք, որ 2015թ. հոկտեմբերի 7-ին եւ նոյեմբերի 20-ին հենց Կասպյան տորմիղի հրթիռանավերն էին, որ «Կալիբր» բալիստիկ հրթիռների 2.000կմ-անոց ահեղ հարվածներով ցույց տվեցին ռուսական ռազմական հզորությունը Սիրիայի տարածքները զավթած ԻԼԻՊ-ի դեմ պայքարում... Ցույց տվեցին բոլորին. ԻԼԻՊ-ին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Պարսից ծոցի արաբական միապետություններին եւ մնացած ամբողջ աշխարհին...

Անշուշտ, ռուսական կողմը կցանկանար իր այդ հարվածային հզոր նավերի համար ապահովել անվտանգ օպերատիվ տարածություն: Իսկ դա նշանակում է, որ ռուսական հրթիռանավերի շուրջը թշնամական տարածքներ չպետք է լինեն: Դա ապահովելու համար ռուսները Կասպյան տորմիղի կազմի մեջ են մտցրել ոչ միայն անհրաժեշտ մարտական օժանդակության նավեր եւ ծովային օդուժ, այլեւ տանկադեսանտային արդիական նավեր... Իսկ դրանք լիովին ա՛յլ հարթություն են փոխադրում մարտական գործողությունները...

Կասպից ծովը ողողում է հետեւյալ 5 պետությունների ափերը.

ա.Ռուսաստան, բ.Ղազախստան, գ.Թուրքմենստան, դ.Իրան, ե.Ադրբեջան...

Ո՞ւմ դեմ կարող է ուղղվել ռուսական Կասպյան հզոր տորմիղը եւ, հատկապես` իր տանկադեսանտային արագընթաց նավերը...

Տեսականորենՙ ընդդեմ որեւէ մերձկասպյան պետության...

Բայց գործնականումՙ ընդդեմ Ադրբեջանի...

Ինչո՞ւ: Պարզ պատճառով:

ա. Ղազախստանը առայժմ Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով...

բ. Թուրքմենստանը առայժմ միջազգային չեզոք կարգավիճակ ընտրած պետություն է:

գ. Իրանը Ռուսաստանի փաստական դաշնակիցն է առնվազն Մերձավոր Արեւելքում...

Մնում է դ.ՙ Ադրբեջանը, որն ունի ավելի քան 710 կմ ծովային սահման, որտեղից էլ հավանական է ՌԴ ռազմական տորմիղի գրոհը:

Ճիշտ է, Ադրբեջանին ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը անվանում է իր ռազմավարական գործընկերը ...

Սակայն միաժամանակ Ադրբեջանի ափերի մոտ հզորացնում է Կասպյան ռազմական տորմիղը, դրան զուգահեռՙ խոշոր զորավարժություններ անցկացնելով Դաղստանում, որտեղ նաեւ ռեալ մարտական գործողություններն են վարվում... Դաղստանը հրով ու սրով մաքրում են թուրք-սաուդական ահաբեկչական-իսլամիստական հրոսակախմբերից եւ ճնշում են Դաղստանում բնակվող կովկասյան թուրքերինՙ ազերների հնարավոր դաշնակիցներին եւ հարազատ ցեղակիցներին:

Ի դեպՙ Դաղստանի եւ Ադրբեջանի, այսինքն ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանի երկարությունը կազմում է մոտ 390 կմ: Դաղստանը սահման ունի նաեւ Վրաստանի հետ...

Նույն այդ Դաղստանում ռուսական բանակը վերջին ժամանակներս դարձյալ մի շարք զորավարժություններ է անցկացրել... Այդ թվումՙ «հակաահաբեկչական զորավարժություն» նորաոճ անվան ներքո...

Դաղստանում եւ Հյուսիսային Կովկասի հարեւան տարածքներում ռուսական ցամաքային բանակի եւ օդուժի լուրջ զորախմբեր են կենտրոնացված... Հատկապես ուշագրավ են 500 կմ շառավղով հարվածող «Իսկանդեր» արդիական օպերատիվ-մարտավարական հրթիռների դիվիզիոնները, որոնց մի մասը մարտական դիրքեր են զբաղեցրել նաեւ Դաղստանում...

Միաժամանակ ռուսական զորքերը զորավարժություններ են անցկացնում նաեւ Աբխազիայում, ընդ որում հատուկ ուշադրություն դարձնելով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մարտավարության մշակմանը (հաշվի առնելով Արցախի Քառօրյա պատերազմի արժեքավոր դասերը)...

Ռուսաստանը, Սիրիայում հետ վանելով թուրք-սաուդական եւ այլ միջազգային հովանավորների աջակցությունը վայելող ԻԼԻՊ-ին եւ ամրացնելով իր դաշնակից նախագահ Բաշար Ասադի դիրքերը, հիմնական ջանքերը փոխադրում է Կովկաս-Կասպիական եւ Ղրիմ-Ուկրաինական ուղղություններ...

Թուրք-ռուսական դիմակայությունը գնալով աճում է: Ըստ երեւույթինՙ ռուսական կողմը վճռական պահին չի վարանի կիրառելու բոլոր զինատեսակները: Այդ թվումՙ միջուկային... Որոշ տվյալներ այդ մասին հաղորդել է ամերիկյան լրագրող Ռոբերտ Փերրին, ըստ Newscom.md. պորտալի տվյալների...

Համենայն դեպս Մերձավորարեւելյան ռազմաբեմի Սիրիական ռազմաճակատում Ռուսաստանը կիրառեց իր Սեւծովյան նավատորմի` Միջերկրական ծով մտած սուզանավից եւ Կասպյան տորմիղի հրթիռանավերից արձակված «Կալիբր» բալիստիկ հրթիռները, թեպետՙ սովորական մարտագլխիկներով: Բայց նույն այդ հրթիռներն ունեն նաեւ միջուկային մարտագլխիկներ...

Կիրառվել է նաեւ ՌԴ ԶՈՒ-ի Օդատիեզերական ուժերի հեռավոր ռազմավարական օդուժը... թեպետՙ սովորական լիցքի ռումբերով... Իսկ այդ օդանավերը գլխավորապես զինված են միջուկային զենքով...

ՆԱՏՕ-ն այդ ամենից հետո գուցե արդեն չի տարակուսում, որ Ռուսաստանը, Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը կարող է պատասխանել նաեւ միջուկային զենքով...

Ադրբեջանին 2016թ. ապրիլի 2-5-ի Քառօրյա պատերազմում Ռուսաստանը կարող էր ոչնչացնել Արցախյան բանակի ձեռքով... Սակայն Բաքվի ալիեւյան վարչակարգին եւս մեկՙ վերջին ընտրության շանսն է տրված.

կա՛մ անցնել Մոսկվայի կողմը եւ մոռանալ Արցախյան հարցի մասին,

կա՛մ մնալ Անկարայի կողմում եւ պատրաստ լինել ջախջախվելու եւ քարտեզի վրայից ընդհանրապես ջնջվելու... «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»... ասում է Մոսկվան Բաքվի թուրքական պետությանը... Մնացյալը դիվանագիտական խաղեր են...

Ի դեպ, Կասպյան տորմիղը զսպված է պահում նաեւ թուրքամետ խաղերի հակված Ղազախստանին եւ Թուրքմենստանին...

Կասպից ծովի ափին գտնվում է Ադրբեջանի տնտեսական եւ ժողովրդագրական հիմնական ներուժը: Ուստի ռուսական Կասպյան տորմիղի հարվածը կարող է պարզապես կաթվածահար անել Կովկասյան թուրքերի պետությանը...

Այս կերպ ի՞նչ խնդիրներ կարող է լուծել պաշտոնական Մոսկվան.

- կապահովի ուղղակի ցամաքային կապը ՌԴ եւ Իրանի միջեւ,

- կապահովի ուղղակի ցամաքային կապը ՌԴ եւ մերձռազմաճակատային ՀՀ-ի միջեւ,

- դուրս կգա Թուրքիայի հետ ուղղակի շփմանՙ ՀՀ-ին վերադարձված Նախիջեւանում տեղակայելիք ռուսական զորախմբի եւ մեկուսացված դիրքից դուրս եկած Գյումրիի ռուսական ռազմաբազայի միջոցով...

- մեկընդմիշտ կլուծի 1920-ականներին Ռուսաստանի ոչ ռուս պետական ղեկավարների սխալ քաղաքականությամբ ստեղծած եւ Ռուսաստանի համար ավելորդ լարվածություն ու Կովկասի ներսում, հատկապես` Հարավային Կովկասում թուրքական ռազմական սպառնալիք ստեղծող Արցախյան հարցը...

- իր դաշնակից ՀՀ-ին կազատի երկու ռազմաճակատովՙ թուրքական եւ ադրբեջանական, մարտնչելու սպառնալիքից եւ հնարավորություն կտա ՀՀ բանակի ուժերի մեծագույն մասն ուղղելու Թուրքիայի դեմ, ազատագրված արեւելահայկական տարածքներում պահելով փոքր ռազմական եւ անվտանգության ուժեր... (Ռուսաստանին իր դաշնակից Հայաստանի բանակի մեծ մասը պետք է Ախուրյան-Արաքս սահմանների ուղղությամբ` դեպի Արեւմտյան Հայաստան)...

- ավելի գործուն կմասնակցի անկախ եւ անհասկանալի Քրդստանի ստեղծման վտանգավոր գործին...

Գուցե նաեւ այստե՞ղ է Պուտինի հայտնի սպառնալիքի կենսագործումներից մեկը: Չէ՞ որ թուրքական Ֆ-16-ի կողմից ռուսական Սու-24-ի ոչնչացումից հետո նա ասաց Անկարային, թե «միայն պոմիդորներով չեք պրծնի»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ