RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3808, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՊՈՒՏԻՆԸ ԿՋԱՆԱ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

Պ. Ք.

Դիվանագիտական շրջանակների աղբյուր վկայակոչելովՙ «Իզվեստիա» թերթը հաղորդում է, որ Ռուսաստանը եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը «ակտիվորեն կնպաստեն Լեռնային Ղարաբաղին նվիրված բանակցություններում փոխզիջման հասնելուն»: Բանակցությունները պետք է սկսվեն «մոտ օրերս»: Հիշյալ աղբյուրի խոսքերովՙ ՌԴ ղեկավարը մասնավորապես պատրաստ է երկու կողմերի քաղաքական գործիչներին անձամբ համոզել փոխզիջման անհրաժեշտությանը:

Ըստ որում, երբ խոսք է բացվում շփման գծի վրա լարվածության թուլացման մասին, կողմերից ոչ մեկը զիջման պատրաստակամություն չի դրսեւորում:

«Հենց որ խոսք է բացվում մարտական գործողությունները դադարեցնելու մասին, երկու կողմերը պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն անմիջապես էլ հիշում են փոխադարձ պահանջները, եւ տարածքային հարցը դառնում է անլուծելի: Սպասվում են ծանր բանակցություններ, եւ այստեղ առանց Ռուսաստանի անհնար է», ասել է թերթի աղբյուրը:

Վերջինիս խոսքերովՙ կարգավորման ռուսական ծրագիրը հետեւյալն է. Ադրբեջանին վերադարձնել տարածքի մի մասը, հակամարտության գոտի բերել խաղաղարարներ, վերադարձնել փախստականներին եւ օրինականացնել Ղարաբաղը (այսինքն ապահովել սահմանների բացումը եւ տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել հանրաքվե տարածաշրջանի պատկանելության վերաբերյալ: Սակայն կողմերից ոչ մեկը չի ուզում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին:

Փորձագետների կարծիքովՙ ներկա իրավիճակում դժվար է ակնկալել որեւէ ճեղքում. ավելի շուտ կարող է խոսք լինել Ղարաբաղում լարվածության մակարդակն իջեցնելու եւ ապագա երկխոսության կառուցողական հիմք ստեղծելու մասին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Դմիտրի Մեդոեւը կարծում է, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում, բայց բանակցություններն էլ չափազանց դժվար են լինելու: «Ներկայումս չարժե ակնկալել վճռական ճեղքում եւ առավել եւս հեշտ լուծումներ,- ասում է փորձագետը: Սակայն հույս ունենանք, որ «ինտենսիվ դիվանագիտությունը» կտա դրական արդյունքներ: Կողմերը հոգնել են անորոշությունից, իսկ մարտական գործողությունների վերսկսման վտանգը ստեղծում է ավելորդ լարվածություն»:

Հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին անդրադառնալովՙ Մեդոեւը նշել է, որ իր երկրի միջնորդությունը կարող է արդյունավետ լինել, քանի որ թե՛ Բաքուն եւ թե՛ Երեւանը շահագրգռված են Մոսկվայի հետ լավ հարաբերություններով, իսկ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հեղինակություն է վայելում տարածաշրջանում:

«Թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են Ռուսաստանի համար, որը կարգավորման բոլոր փուլերում իր կարելին է արել կողմերին խաղաղ երկխոսության տրամադրելու եւ առճակատումը բացառելու համար: Դժվար է կանխատեսումներ անել, բայց թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը եւ, որ գլխավորն է, բանակցային գործընթացը տեղից շարժելու կողմերի ցանկությունը արդեն իսկ կլինեն շոշափելի առաջընթաց», ավելացրել է «Իզվեստիայի» զրուցակիցը:

Ավելի վաղ, հեռուստատեսային ուղիղ եթերում ռուսաստանցիների հարցերին պատասխանելիս Վլադիմիր Պուտինը խոստացել էր, որ Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի խնդիրը լուծելու ինչպես միջազգային կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ կարգով: «Անկախ որեւէ մեկի ասածից, Ռուսաստանը շահագրգռված է այդ հարցի լուծմամբ, քանի որ մենք ուզում ենք լիարժեքորեն աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», ասել էր ՌԴ նախագահը:

Ինչ վերաբերում է բուն Լեռնային Ղարաբաղին, ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո իրադրությունը տարածաշրջանում մնում է լարված, հրադադարի խախտումները շարունակվում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ