RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6649, Տպվել է` 619, Ուղարկվել է էլ.փոստով` 610

ՆԱՎԹԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դոհայի հանդիպումն ու մենք

Անցած կիրակի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որին սպասում էին ամբողջ աշխարհում, որի արդյունքները թեկուզ անուղղակիորեն, բայց առնչվում են նաեւ Հայաստանին, բայց որին հայկական լրատվամիջոցները գրեթե չանդրադարձան: Խոսքը նավթ արդյունահանող երկրներիՙ (OPEC) ներկայացուցիչների հանդիպման մասին է, որոնք պետք է պայմանավորվեին նավթի արդյունահանման ծավալները հունվարին առկա ծավալների մակարդակին սառեցնելու մասին: Սակայն հանրություն կոչվածը Հայաստանում սովորականի պես չի հետաքրքրվում աշխարհում կատարվող գոնե այն իրադարձություններով, որոնք այս կամ այն կերպ առնչվում կամ կարող են առնչվել մեզ: Թե ո՞վ է մեղավոր դրանումՙ հայկական լրատվամիջոցնե՞րը, որոնք չեն անդրադառնում նման իրադարձություններին, թե հանրությո՞ւնը, որին թվում է, թե աշխարհում կատարվողը կապ չունի մեզ հետ եւ մենք այլ մոլորակից ենք, դժվար է հստակ ասել:

Դոհայի հանդիպումից առաջ եւ հետո

Ամեն դեպքում, Դոհայի հանդիպումը կայացավ, տեւեց ժամեր, եղան երկարատեւ քննարկումներ: Հակառակ մասնակիցների լավատեսական տրամադրություններին, վերջին պահին խոշորագույն նավթարդյունահանող երկրներից Սաուդյան Արաբիան հրաժարվեց իր արդյունահանման ծավալները սառեցնել: Ինչպե՞ս դա կարող է ազդել նավթի միջազգային գների վրա եւ ի՞նչ անդրադարձ կունենա մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի վրա:

Մինչ Դոհայի հանդիպումը, նավթարդյունահանող երկրները հուսով էին, որ կկարողանային ինչ-որ պայմանավորվածության հասնելՙ նավթի գների անկումը կանխելու համար, չնայած դրան մասնակցելուց հրաժարվել էր աշխարհի մեկ այլ խոշորագույն նավթարդյունահնող երկիր Իրանը: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը հայտարարել էր, որ մտադրություն չունի սառեցնել նավթի արդյունահանման ծավալներըՙ մինչ դրանք չհասնեն նախապատժամիջոցյան մակարդակին: Այսինքն, Իրանը շարունակելու էր ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, ինչն անպայման ազդելու էր նավթի գնի վրաՙ դրա նվազման ուղղությամբ: Այս իրավիճակում, եթե նույնիսկ Դոհայում պայմանավորվածություն ձեռք բերվեր առանց Իրանի, ապա դա չէր կարող երաշխավորել նավթի գների կայունացումը: Հիմնական պատճառն այն է, որ արտադրվող նավթի ծավալները գերազանցում են պահանջարկը:

Զանազան կանխատեսումներ կան, թե ինչպիսի՞ վարքագիծ կդրսեւորեն նավթի գները հետայսու: Ռուսաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դրանք կլինեն 30 դոլար 1 բարելի դիմաց գնի սահմաններում, կառավարության գնահատականներովՙ 40 դոլար 1 բարելի դիմաց: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների, վարկանիշային, խորհրդատվական կազմակերպությունների գնահատականները նույնպես տարբեր ենՙ սկսած ամենահոռետեսականիցՙ 1 բարելի դիմաց 25 դոլար, մինչեւ լավատեսականՙ 1 բարելի դիմաց 50 դոլար առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում: Դոհայում բանակցությունների անհաջող ավարտից հետո նավթի գները միանգամից անկում ապրեցին 6-7 տոկոսովՙ 43-44 դոլարից իջնելով մինչեւ 41-42 դոլար: Հետագա օրերին նավթի գները վերադարձան 1 դոլարի դիմաց 43-45 դոլար միջակայքին:

Ընդ որում, միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ, պայմանավորվածությունների տապալման հեղինակ Սաուդյան Արաբիան ի սկզբանե չի ցանկացել սառեցնել իր նավթի արդյունահանումը: Այդ երկրի նավթի նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ նավթի արդյունահանման կրճատման մասին հարկ է ընդհանրապես մոռանալ, իսկ հանդիպումից հետոՙ որ նավթի ցանկացած գնի դեպքում երկրի տնտեսությունը կարող է գործել: Ակնհայտ է, որ վերոնշյալ պայմաններում, ինչպես նշվեց վերեւում հիշատակված կանխատեսումներում, նավթի գների էական բարձրացումն անհնար է:

Ինչպե՞ս դա կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, նկատի ունենալով, որ նավթ արդյունահանող երկիր է ինչպես մեր թշնամի Ադրբեջանը, որի ռազմական ծախսերն ուղղակիորեն կախված են նավթի գներից, այնպես էլ մեր դաշնակից Ռուսաստանը, որի տնտեսության տատանումներն անմիջական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա:

Նավթի գներն անուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին

Ադրբեջանի վրա այդ ազդեցությունն արդեն իսկ նկատելի է, ինչի մասին հաճախակի ենք մանրամասներ ներկայացնում մեր թերթում: Նոր հրապարակված պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական անկումը խորացել էՙ հասնելով 3,5 տոկոսի: Նավթարդյունաբերությունը կազմել է այդ երկրի համախառն ներքին արդյունքի 65,5 տոկոսը: Նավթի արդյունահանումը շարունակում է նվազելՙ առաջին եռամսյակում 5,7 տոկոսով, իսկ արտահանումը նվազել է մոտ 40 տոկոսով: Ի դեպ, առաջին անգամը լինելով, Ադրբեջանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը դարձել է բացասական: Ակնհայտ է, որ Դոհայում ձախողված հանդիպումը բացասական ազդեցություն է թողնելու նաեւ Ադրբեջանի վրա, որի կախվածությունը նավթային հատվածից անհամեմատ մեծ է, քան Ռուսաստանինը: Փորձագետների կարծիքով, եթե Ռուսաստանի տնտեսությունն այս տարի է անցնելու նավթի գների անկմամբ պայմանավորված տնտեսական վատթարացման «հատակը», ապա Ադրբեջանըՙ եկող տարի:

Միաժամանակ, հարկ է նշել, որ վերջին 10-15 տարիներին, շնորհիվ արեւմտյան եւ հատկապես բրիտանական ներդրումների, Ադրբեջանը միլիարդավոր դոլարների ռազմական գնումներ է կատարել, եւ տնտեսական կացության վատթարացումը կարող է մղել նրա առաջնորդին դիմել հերթական ռազմական արկածախնդրության: Հատկապես դա առավել հավանական է առաջիկա մեկ-երկու տարիներին: Բանն այն է, որ առաջիկա տարիներին նման ծավալով գնումներ այդ երկիրն այլեւս ի վիճակի չի լինելու կատարել, իսկ եղածն էլ պահպանելու եւ շահագործելու խնդիրներ է ունենալու: Ուստի, ունեցածն օգտագործելով ռազմական լուծման նոր փորձը հավական է նաեւ բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ, որից ուշադրություն շեղելու ճանապարհը դարձյալ հայերի հետ պատերազմն է: Բացառված չէ սակայն, որ բնակչության զանգվածային դժգոհություններն ավելի շուտ վտանգի ենթարկեն Ալիեւի իշխանությունը, քան հնարավոր է սպասել: Ի վերջո, շատ ուրիշ բռնապետներ են տխուր վախճան ունեցել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա տարվա առաջին երկու ամիսների արդյունքով տնտեսական անկումը կազմել է 1,6 տոկոս, երեք ամիսների տվյալները դեռ հայտնի չեն, բայց սպասվում է, որ կլինի մոտ 2 տոկոս: Դոհայի հանդիպումը նախաձեռնած Ռուաստանը հույս ուներ նավթի գների որոշակի կայունացման: Սակայն, անկախ դրանից, այդ երկրի կառավարությունը իրականացնում է հակաճգնաժամային ծրագիր, որի արդյունավետության մասին կարելի է դատողություններ անել միայն տարեվերջին: Այդ ծրագրով ակնկալվում է երրորդ եռամսյակում տնտեսական անկումից անցնել աճի: Նկատի ունենալով մեր տնտեսության շաղկապվածությունը Ռուսաստանի տնտեսության հետ, դա դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի համար:

Տեղեկացնենք, որ նախորդ տարվա համեմատությամբ դեպի Ռուսաստան մեր արտահանման ծավալներն արդեն իսկ կրկնապատկվել են (2016 հունվար-փետրվարի տվյալներով): Ինչից կարելի է ենթադրել, որ այդ երկրի տնտեսությունը կայունանում է, իսկ մեր արտահանողներն էլ հարմարվում են Ռուսաստանի նոր տնտեսական իրողություններին: Այսինքն, արդեն հիմա կարելի է եզրակացնել, որ նավթի ներկայիս գները այլեւս բացասաբար չեն ազդի դեպի Ռուսաստան մեր արտահանման ծավալների վրա: Փոխարենը, Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը շարունակում է նվազել :

Այսպիսով, նավթի գների ներկա կացությունը, երբ այն գտնվում է 45 դոլարի շրջակայքում եւ անգամ նրա նվազումը մինչեւ 40 դոլար, ավելի շուտ դրական կլինի Հայաստանի համար, քան բացասական: Դրական, քանի որ Ռուաստանն արդեն իսկ հարմարվում է նոր կացությանը եւ մենք կարողանում ենք կրկին մեր արտադրանքն արտահանել այդ երկիր, եւ կրկին դրականՙ քանի որ մեր հարեւան Ադրբեջանում էլ տնտեսական անկումը շարունակվում է, իսկ կախվածությունը նավթային հատվածիցՙ մնում անփոփոխ: Նավթի ցածր գները դրական են մեզ համար նաեւ որովհետեւ նավթամթերք ներկրող երկիր ենք եւ ավելի քիչ ենք վճարում դրա համար: Դա էլ նպաստում է ցածր գնաճին, որն այս պահին գնանկում է: Բացասական է Ռուսաստանում աշխատող հազարավոր հայրենակիցների եկամուտների որոշակի նվազման առումով, ինչն էլ նաեւ վերեւում նշված մասնավոր փոխանցումների նվազման պատճառն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ