ՈԳԵԿՈՉՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Խաչքարՙ Բեռլինի կենտրոնում, Մանսուրյանի «Ռեքվիեմը»ՙ Շտուտգարդում Ապրիլի 23-ին ժամը 14-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ արքեպիսկոպոսանիստ տաճարի հարեւանությամբ կկանգնեցվի խաչքարՙ ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարը օծելու են կաթոլիկ եկեղեցու Բեռլինի արքեպիսկոպոսարանի փոխանորդը, Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական երկրամասային եկեղեցու առաջնորդական փոխանորդը եւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Բեռլինի կենտրոնում կանգնեցվող առաջին այս հուշակոթողը Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հինգերորդ խաչքարն էՙ մեկ շաբաթ առաջ Յենայում օծված խաչքարից հետո: Վայրը պատահական չէՙ 1919 թվականի մայիսի 14-ին Գերմանահայկական ընկերության ջանքերի շնորհիվ հենց Բեռլինի Հեդվիգ տաճարում է կայացել «Սպանված հայերի ոգեկոչման» արարողությունը, որին Վիեննայից հրավիրված հայ հոգեւորականը հայոց լեզվով է հնչեցրել իր խոսքը, իսկ ունկնդիրների թվում եղել են կայզերական Գերմանիայի պաշտոնատարներ, բարձրաստիճան դիվանագետներ, մեզ հետ հեռախոսազրույցում ծանուցեց Գերմանահայոց թեմի ներկայացուցիչ Սերովբե վարդապետ Իսախանյանը: Նույն օրը ժամը 15.30-6.30-ին ՀՀ դեսպանությունն իր զբաղեցրած Նուսբաումալլե 4 հասցեում հրավիրել է ընդունելության: Ապրիլի 24-ին ժամը 18.15-ին Բեռլինի կենտրոնումՙ Ունթեր դեն Լիդեն 2 հասցեում գտնվող Գերմանիայի պատմության թանգարանի ապակեծածկ սրահում տեղի կունենա Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանահայոց առաջնորդարանի, ՀՀ դեսպանության հրավիրած հուշահանդեսը: Ողջույնի խոսքով ներկաներին կդիմի Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ժակլին Խաչատրյանը, ելույթ կունենան ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Բունդեսթագի պատգամավոր, մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնաժողովի նախագահ Միշայել Բրանդը: Հուշաճառով հանդես գալու պատիվը տրված է Բունդեսթագի պատգամավոր, Դաշինք 90/ Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ էօզդեմիրին: Երաժշտական կատարումներով հագեցած հանդիսավոր երեկոն կեզրափակվի Գարեգին արք. Բեկչյանի աղոթքով: Ինչպես ամեն տարի, 2016-ին էլ Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Դրանց մեջ ամենաբարձրարվեստը Շտուտգարդում ապրիլի 24-ին ժամը 18-ին Բադ Կանտշտատ լութերական եկեղեցում հնչեցվելիք Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» է: Իսկական, մեծ իրադարձություն է լինելու, քանի որ իր ներկայությամբ մաեստրոն հաստատելու էՙ վերապրողի հաղթանակը: «Ռեքվիեմը» կատարելու են Բադ Ֆիլբելի կամերային նվագախումբն ու երգչախումբը, մենակատարները Անի Յորենցն ու Գուրգեն Բավեյանն են, ղեկավարելու է Քլաուս Ալբերտ Բաուերը: 2011-ին համաշխարհային պրեմիերան Բեռլինից մեկնարկած «Ռեքվիեմը» հնչել էր նաեւ 2015-ի նոյեմբերի 26-ին Հեսսենի երկրամասումՙ վառ տպավորելով նաեւ տեղի մամուլին: Առաջին անգամ չէ, որ Մանսուրյանը հենց ապրիլի 24 - ին գերմանական բեմից հնչեցվող իր ստեղծագործությամբ « ստիպում » է ուրիշ զուգահեռներ տեսնել: 2010-ի ապրիլի 24 - ին Մանսուրյանը Քյոլնի ֆիլհարմոնիայի դահլիճում ունկնդրում էր իրՙ թավջութակի ու նվագախմբի համար գրված «Ubi est Abel frater tuus?» «Ո՞ւր է Աբել եղբայր քո» կոնցերտի առաջին կատարումը: Հիշում եմՙ վերապրող Մանսուրյանին ապրիլի 24-ին ծափահարող գերմանական լսարանը ուրիշ շեշտով էր հաստատում նրա մեծությունը, մեր հաղթանակը: Նրա ներկայությունը 101- ամյա անարդարության համար պայքարելու, արարելու համար ապրելու հզոր լիցք է: |