ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱՑԱՆՑԻ «ՎԵՐՆԱԽԱՒԸ» ՂՐԻՄՈՒՄ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ռազմական պատմաբան 2016թ. ապրիլի 17-ին ռուսաստանեան լրատուադաշտում տեղեկատւութիւն է յայտնուել Ղրիմում թուրքական հետախուզութեան գործակալական ցանցի մասին: Վերջինիս վերնախաւը հիմնականում կազմուած է եղել «Ղրիմի թաթարների Մեջլիսի» առաջնորդներից եւ Ղրիմի թաթարների ԶԼՄ-ների ղեկավարներից: Նրանք զբաղւում էին տեղեկատւութեան հաւաքմամբ եւ կատարում խնդիրներ` թուրքական հետախուզութեան աշխատակիցներից ստացուած հրահանգների համաձայն: Ըստ երեւոյթին, ռուսական յատուկ ծառայութիւնները բացայայտել եւ հիմնականում վնասազերծել են այդ ցանցը: Ակնյայտ է, որ Թուրքիան չի դադարում փայփայել Սեւ ծովը դարձեալ «օսմանեան լճակի» վերածելու իր վաղեմի եւ ցնորամիտ երազանքները: Հենց այդ նպատակով, ինչպէս հաղորդել ենք դեռ «Ազգի» 2015թ. դեկտեմբերի 11-ի համարում, Ռուսաստանի դէմ 2015թ. դեկտեմբերի 7-ի դրութեամբ փաստականօրէն Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմաքաղաքական դաշինք էր կազմուել: Դրա արտայայտութիւններից էին վերջին ամիսներին թուրք-ուկրաինական համատեղ ծովային զօրավարժութիւնները եւ Ղրիմի մօտակայքում թուրք «գորշ գայլերի» յատուկ ջոկատների յայտնուելը: Բացի այդ, պաշտօնական Կիեւը անհեռատեսաբար ծայրայեղական թուրքական ջոկատներով է սկսել լցնել Ուկրաինայի սեւծովեան նահանգներից մէկը` Խերսոնեսը, որը ժամանակին Ղրիմի խանութեան մասն էր կազմում... Յիշեցնենք, որ ռուսները Ղրիմը վերամիաւորեցին Ռուսաստանին 2014թ. մարտին: Ի դեպ, ռուսական այդ գործողութիւնից գրեթէ մէկ տարի առաջ հանրայայտ «Վիքիլիքսը» գաղտնի փաստաթղթեր էր բացայայտել, ըստ որոնց Թուրքիան ցանկանում էր գլխաւոր հիւպատոսութիւն բացել այն ժամանակ դեռ Ուկրաինային պատկանող Ղրիմի ինքնավար հանրապետութիւնում... Գուցէ նաեւ այդ թուրքական նկրտումնե՞րը դրդեցին Կրեմլին` իրականացնելու Ղրիմի վերամիաւորման վաղուց երազուած ռազմաքաղաքական գործողութիւնը: Այժմ Ռուսաստանը հսկայական ռազմական ուժ է կենտրոնացնել Ղրիմում` պատրաստուելով հետ մղելու հարաւից` թուրք-նատօ-վրացա-ուկրաինական միացեալ ռազմածովային ուժերի, իսկ հիւսիսից`ուկրաինա-թուրքական միացեալ ցամաքային ուժերի հաւանական գրոհը... Եվ այդ գործում Ռուսաստանի դաշնակիցներն են ո՛չ միայն Նովոռոսիայի աշխարհազօրային բանակները, այլեւ` փաստացի` Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բոլոր հակաթուրքական ուժերը... |