RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5102, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 596

ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԸՙ ԲԱՆԱԿԻՆ

21-րդ դարի պատերազմների բնույթն է անգամ փոխվելՙ տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Արցախյան քառօրյա պատերազմում առավել քան ակնառու դա երեւաց: Ու ցավոք, ոչ թե մտավոր ավելի բարձր ներուժ ունեցող հայկական կողմը կիրառեց նոր տեխնոլոգիաներ, այլ ադրբեջանական կողմըՙ իսրայելական արտադրության խոցող անօդաչու սարքեր (ԱԹՍ): Ադրբեջանը թաքցրել էր իր զինանոցում նման սարքավորումների առկայությունը եւ դրանց կիրառումը բավականին տհաճ անկնկալ էր մեր բանակի համար: Ճիշտ է, հայկական կողմը ոչնչացրեց 14 այդպիսի ԱԹՍ, բայց բոլորին պարզ դարձավ, որ այդ զենքի դեմ պետք է պայքարել ոչ սովորական եղանակով: Առավել եւս, որ ադրբեջանական բանակում դրանց թիվը հայտնի չէ եւ կարող է շատ լինել: Հետեւաբար, դրանց դեմ ժամանակակից գիտության նվաճումներով պայքարելու հրատապ անհրաժեշտություն կա: Ունի՞ այդ հնարավորությունը Հայաստանը:

Եթե հարցը դիտարկենք մտավոր ներուժի տեսանկյունիցՙ միանշանակ ունի: Այսինքն, ունենք մասնագետներ, որոնք կարող են գտնել անօդաչու սարքերի վաղ հայտնաբերման, խափանման կամ ոչնչացման լուծումները: Մասնագետները նշում են, որ լինելով հեռակառավարվող սարք, կարելի է դրա կառավարումը կտրել այն կենտրոնից, որտեղից ուղարկվում է եւ կառավարվում, կարելի է խափանել ռադիոկապը եւ անկառավելի դարձնել անօդաչու սարքը: Ընդ որում, կան նման հետախուզական կայաններ, որոնք իրականացնում են նման գործողություններ:

Հայ մասնագետները բանակաշինության մեջ իրենց դերն են ունեցել անցած տարիների ընթացքում, ստեղծելով սեփական արտադրության ինչ-որ զինատեսակներ: Գլխավոր խնդիրը մնում է ֆինանսավորումը եւ դրա մեխանիզմները, այսինքն միջոցների արդյունավետ օգտագործումը:

Հայտնի է, որ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման համար գումար է հատկացվում, տարեկան մոտ 12 մլրդ դրամ: Դրա զգալի մասը գիտական հիմնարկների պահպանմանն ու աշխատավարձերին է ուղղվում: Սակայն մոտ 1 մլրդ դրամ, սկսած 2011 թվականից, հատկացվում է կիրառական արդյունք ստանալու կոչված ծրագրերին: Դրանք այն ծրագրերն են, որոնք պետք է ներդրվեն եւ կիրառվեն տնտեսության մեջ: Առիթ ունեցել ենք նշելու, որ դա տեղի չի ունենում եւ այդ գումարը, ըստ էության, փոշիացվում է առանց որեւէ առարկայական օգուտի: Ընդ որում, դա ոչ թե մեր եզրակացությունն է, այլ էկոնոմիկայի նախարարության, որին փոխանցվում են այդ ծրագրերը ավարտուն տեսք ստանալուց հետո: էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ, 2011-2012-ին գիտպետկոմի կողմից իրենց փոխանցված 9 ծրագրերից առեւտրայնացման ենթակա են համարվել ընդամենը 3-ը: Սակայն, անգամ այդ 3-ի արդյունքների վերաբերյալ բացակայել են նույն գիտության պետական կոմիտեի եզրակացությունները:

Հիշեցնենք, որ 2011-2012 թվականներին ֆինանսավորվել են գիտության տարբեր բնագավառներին վերաբերող 17 ծրագրեր: Դրանց անարդյունավետ լինելը ժամանակին անուղղակի խոստովանել էր նաեւ նույն գիտության պետական կոմիտեն, ի պատասխան մեր հարցման նշելով, որ «դրանք գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ են, որոնք անմիջական տնտեսական էֆեկտ չեն ենթադրում»: Ընդ որում, թե՛ մրցույթների հայտարարությունը, թե՛ հաղթողների որոշումը, թե՛ ֆինանսավորումը արվում է նույն կառույցիՙ գիտության պետական կոմիտեի միջոցով: Ինչն ակհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում իր մեջ: Ցավալի է, որ երկու անգամ անդրադարձել ենք այս թեմային («Խոստումնալից» եւ «լավ արդյունքներով», թե՞ անարդյունավետ եւ կոռուպցիոն ռիսկերով», 11.09.2015 թ., «Ազգ», «Գիտությունն ու գիտելիքահենք տնտեսությունն` իրարից անտեղյակ», 28.03.2014 թ., «Ազգ»), բայց ոչինչ չի փոխվելՙ պետական միջոցները շարունակում են փոշիանալ առանց որեւէ արդյունքի:

Այժմ, երբ խոսում ենք բանակի հզորացման մասին եւ որպես տարբերակ դիտարկում առնվազն անլուրջՙ «թող ավտոմեքենաները ծախենՙ զենք առնեն»-ը, գոյություն ունի կոնկրետ ոլորտ, որին տրամադրվող միջոցները կարելի է ուղղել հենց այսՙ բանակի հզորացմանը եւ մասնավորապես տեխնոլոգիական խնդիրների լուծումներ գտնելուն: Հայտնի չէ, թե ում գրպաններում առանց արդյունքի հայտնվող տարեկան մոտ 1 մլրդ դրամը գուցե այդքան էլ շատ չէ, բայց քիչ էլ չէ: Այդ գումարը կարելի է ուղղել թեկուզ անօդաչուների դեմ հակազդման լուծումներ մշակելուն կամ եղածը կատարելագործելուն: Կարեւոր չէ, թե որ կառույցի կողմից դա կարվի: Կարեւորը, որ արդյունավետ լինի: Բոլշեւիկյան մեթոդներով սրանից կամ նրանից գումարներ խլելու հայտարարությունների փոխարեն, եկեք պետական բյուջեից ուղղորդվող կոնկրետ գումարը հատկացնենք կոնկրետ նպատակի իրականացմանը: Այս կամ այն պետությունից նեղանալու փոխարեն, պետք է նախ մենք մեր միջոցները ավելի նպատակային ծախսենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ