RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6819, Տպվել է` 644, Ուղարկվել է էլ.փոստով` 618

ՌԱԿ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հայկական ավանդական կուսակցություններն արդի մարտահրավերների առկայությամբ դեռեւս շատ անելիք ունեն Հայաստանում եւ Սփյուռքում, մանավանդ հիմա, երբ նոր մարտահրավերներ կան Հայաստանի եւ Արցախի համար: Երեւանում ապրիլի 19-21-ը տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուս ակցության Սփյուռքի եւ Հայաստանի կառույցների եռօրյա խորհրդակցական համաժողովը, կուսակցական ներքին խնդիրներին զուգահեռ, քննարկում էր նաեւ նոր իրավիճակը Հայաստանի եւ Արցախի շուրջ`շեշտը դնելով համայն հայության ուժերը համախմբելու, բոլոր ուժերով հայրենիքին զորակցելու վրա: Ներկա էին ռամկավարական 12 շրջանակների 63 ներկայացուցիչներ, իսկ բացակա 4 շրջանակներից քաջալերական ու համախոհական ուղերձներ էին ստացվել: Հավաքին ներկա էին նաեւ Արցախի լիբերալ-դեմոկրատական հասարակական կազմակերպության 5 ներկայացուցիչներՙ գլխավորությամբ ատենապետի: Նույն` համախմբման նպատակ հետապնդող թվով երկրորդ երեւանյան այս հավաքի (առաջինն անցած տարվա նոյեմբերին էր) գլխավոր հարցադրումը վերջին տարիների ՌԱԿ երկփեղկումը, ներքին անհամաձայնությունների հաղթահարումն ու վերստին միավորումն էր, որ արտացոլված էր անգամ համաժողովի խորագրում: Այն կոչվում էր ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժումի համագումար: Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակում ՌԱԿ կառույցներում առկա էին որոշակի տարաձայնություններ ու նույնիսկ պառակտում, նախկին Կենտրոնական վարչությունը բոլորովին կորցրել էր իր ազդեցությունը սփյուռքատարած կառույցների վրա, որը թուլացնում էր ՌԱԿ-ի ավելի նպատակային գործունեությունը, մտահոգում նրա երկարամյա եւ նվիրյալ անդամներին, ովքեր վերջին մի քանի տարին անընդհատ նախաձեռնում էին վիճակից դուրս գալու քայլեր:

Համագումարը համակարգող Վարդան Նազիրյանը հավաքի առաջին օրը Թեքեյան կենտրոնում ազդարարեց.«Վերջին տասնամյակի անփառունակ վիճակը մեզ մատնած է անգործության, եւ այսօր կսկսվի վերականգնումի շարժումը»:

ՌԱԿ հայաստանյան կառույցի ատենապետ Հակոբ Ավետիքյանը ժողովն անվանեց պատմական: Նա վստահ է, որ տարակարծությունները հաղթահարելուն զուգահեռ` պետք է արդի պահանջներին համապատասխան փոփոխություններ արվեն կուսակցության վարիչ կառույցներում, դրանք համապատասխանեցվեն այսօրվա հայակենտրոն նպատակներին, ընդհանրապես` արդիականացվեն կառույցները: Նպատակ կա ՌԱԿ կենտրոնը Հայաստան տեղափոխել` ՌԱԿ-ը կդառնա հայաստանակենտրոն ուժ: Համաշխարհային կառույցներ ունեցող ՌԱԿ-ը պետք է ծառայեցնել հայրենիքի նյութական, քաղաքական, լոբբիստական կարիքներին. «Մարտահրավերը նետված է մեզ, եւ մենք պետք է վերցնենք այդ ձեռնոցը` խոհեմությամբ, միասնությամբ եւ գիտելիքներով քայլ առաջ անենք»:

Կուսակցության հնագույն նվիրյալ Երվանդ Ազատյանը կուսակիցներին կոչ արեց. «Մենք պետք է արժանի լինենք մեր փառավոր անցյալին, ծառայեցնենք դա Հայաստանին եւ Արցախին: Այսօրվանից ՌԱԿ-ը միավորված է Հայաստանում, հայրենի հողի վրա»:

ՌԱԿ-ի մամուլի մասին առանձին ելույթով հանդես եկավ ՌԱԿ մամլո դիվանի պատասխանատու Հակոբ Վարդիվառյանը , որն անդրադառնալով ռամկավարական ԶԼՄ-ների կատարած հսկայական աշխատանքին, նշեց, որ նպատակ ունեն վերակենդանացնել պաշտոնաթերթ «Պայքարը»:

Այս շարժումը ոչ մեկի դեմ ուղված չէ, այլ ազգային-քաղաքական միասնական մոտեցում ունենալու համար է, ու այս շարժումը պետք է տանի կուսակցության վերականգնումին եւ վերամիավորմանը, վերջ դնելով որոշ շրջանակների կողմից հրահրված վերջին տարիների ուղեկորույս վիճակին, նշում էին բանախոսները:

Տարակարծությունների արիալը արտացոլվեց Կալիֆորնիայի շրջանակի ներկայացուցիչ Վարդգես Գուրույանի ելույթում: Նա խոսում էր գլխավոր կողմերի հաշտության անհրաժեշտության մասին, քանի որ պառակտումի պատճառով շատ համակիրներ հեռու են մնում կուսակցությունից: Թեեւ` նախկինում եղած բանակցություններն, այնուամենայնիվ, արդյունքի չէին բերել մինչեւ օրս:

ՌԱԿ-ի առջեւ ծագած պրոբլեմների մեջ նշվում էին ակումբների օտարված կյանքը, բազմակարծության բացակայությունը, հանդուրժողականության պակասը, տեսլականի անհստակությունը, անհամերաշխ ղեկավարությունը: Այն, ինչը հաղթահարելու համար գումարվել էր վերականգնումի ժողովը, այսինքն` եղած պրոբլեմների կույտը, առավել լավ երեւաց Լոնդոնի շրջակա միջավայրի հարցերի հայտնի մասնագետ Հրաչ Գույումճյանի ելույթի կամ աշխատանքային բանաձեւի ներկայացման մեջ. հաղորդակցության եւ նյութականի պակաս, անկազմակերպ վիճակ, երիտասարդության եւ կանանց նվազ ներգրավվածություն, անհոգություն ու անտարբերություն, Հայ դատի մարտահրավերները նորովի իմաստավորելու անհրաժեշտություն: Խոսք հնչեց այն մասին, որ պետք է կոտրել իշխանահաճո կուսակցություն լինելու մտայնությունը, քանի որ ՌԱԿ-ը ոչ թե իշխանահաճո, այլ` պետականամետ կուսակցություն է: Երվանդ Ազատյանն ասում էր, որ կառույցների ապակենտրոնացում պիտի անել, որպեսզի այսուայն անձի հրահանգով կամ ցանկությամբ պատիժներ չկիրառվեն: Մասնավորապես` նրան զարմացնում էր պատժամիջոցների կիրառման թեթեւությունը` անձերի քմահաճ ցանկությամբ: Ծրագիր եւ մի վարչական մարմին պետք է լինի, որ այդ որոշումները կայացնի, կուսակցական լինելը պետք է քաղաքական իմաստ ունենա, ինչպես եւ` կուսակցականի հանդեպ պատժամիջոցի կիրառումը: Թե չէ` «կուսակցական դատական ատյանը քուրջի վերածված է», կուսակցությունից հեռացնել-չհեռացնելը, պատժել-չպատժելն էլ` փողոցային քաշքշուկի:

Ելույթներում առանձնացվում էին նաեւ ՌԱԿ զորավոր կողմերը` փառավոր անցյալը, ազատական գաղափարախոսությունը, աշխարհասփյուռ տարածքային կառույցների տիրապետումը, լոբբիստական միջոցներ ունենալը, մտավորականների անդամակցությունը ՌԱԿ-ին, Հայաստանյան կառույցի առկայությունը, ՌԱԿ ԶԼՄ-ները: Մի խոսքովՙ համաժողովն օրակարգով բոլոր հարցերը քննարկեց ու ավարտին էլ կոմյունիկե ու հայտարարություն ընդունեց: Հայտարարության մեջ նշելով, որ Վերականգնումի շարժման եւ ՌԱԿ շրջանավարտ Կենտրոնական վարչության բանակցություններն արդյունք չեն տվել, եւ սպառված են բանակցության ու գործակցելու հնարավորությունները, Շարժումի համադրող մարմինը ստիպված է առանձին ստանձնել կուսակցության վերականգնումի եւ միացման սրբազան գործը: Երկու տարում պետք է համախմբման գործընթացն ավարտին հասցվի, օրինական ընդհանուր պատգամավորական ժողով գումարվի` համապարփակ եւ հայաստանակենտրոն վարչություն ընտրելով, որը բովանդակ կուսակցության դիմագիծը կլինի եւ բոլոր շրջանակների վրա ազդեցություն կունենա:

ՌԱԿ պատասխանատուները նաեւ ասուլիսով ամփոփեցին իրենց աշխատանքը:

ՌԱԿ մամլո դիվանի պատասխանատու Հ. Վարդիվառյանը, անցյալի գործերը հիշելով` դեպի ապագա հայացքն ուղղելու համար լավ քայլ համարեց ՌԱԿ պառակտված երկու թեւերի միավորմանը միտված այս քայլը, ուղղված Սփյուռքի պահպանմանը, Հայրենիքի ու Արցախի օժանդակմանը: Շատ կարեւոր համարեց այս հանգրվանին ՌԱԿ կենտրոնը հայրենիք բերելու մտադրությունը:

Հ. Ավետիքյանի կողմից Վերականգնումի համաժողովի գլխավոր կերտիչ անվանված Երվանդ Ազատյանը նշեց, թե ռամկավար շրջանակների 2/3-ն էր մասնակցում համագումարին, իսկ ՌԱԿ կանոնադրությամբ 2/3-ով կարելի է արտահերթ պատգամավորական ժողով հրավիրել եւ օրինավոր վարչություն ընտրել: Սա պետք է արագ արվի, քանի որ Արցախի սահմանների շուրջ կացությունը թելադրում է արագ օժանդակություն, որ հետո ուշ չլինի, պետք է ՌԱԿ բոլոր կառույցներն աշխատեն ու օժանդակեն Հայրենիքին ու Արցախին:` ավելի իմաստավորելով շարժումը Արցախի շուրջ: Ընդ որում` սփյուռքի նախարարի հետ հանդիպման ընթացքում ՌԱԿ ներկայացուցիչները խոստացել են աշխատել նաեւ Հայաստանում եւ Արցախում ներդրումներ անելու ուղղությամբ:

Լրագրողի հարցին պատասխանելով` Հ. Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ հայաստանյան կառույցը սեպտեմբերին մասնակցելու է տեղական մարմինների ընտություններին, որից հետո կպատրաստվեն արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու:

Մոտակա տասն օրերին ՌԱԿ տնօրեն խորհուրդը կքննարկի եւ կհայտարարի Արցախում վիրավորված մեր զինվորներին ու զոհվածների ընտանիքներին օժանդակելու ձեւաչափը, որից հետո ՌԱԿ-ը կսկսի հանգանակությունների շարք այդ նպատակով, գործունեություն կծավալի այս գործով զբաղվող բոլոր այն համակարգող մարմիններում, ուր ներկայացված է:

Երեկ հետմիջօրեին ՌԱԿ վերականգնման համաժողովի մասնակիցներին Մայր աթոռի նորակառույց Մատենադարանում ընդունեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը: Վեհափառը ՌԱԿ պատվիրակներին հորդորեց միավորել բոլոր ռամկավարներին, վերականգնել կուսակցության երբեմնի կուռ միասնությունըՙ ի խնդիր մայր հայրենիքի հզորացման եւ հայ ժողովրդի բարգավաճմանՙ Հայաստանում թե Սփյուռքում: Վեհափառը պատմեց օրերս Արամ Ա կաթողիկոսի հետ Արցախ կատարած իրենց այցից, հայտնեց իր տպավորությունները եւ հորդորեց ներկա պահին նվիրատվություններն ու հանգանականություններն ուղղել Արցախի ավերված բնակավայրերի ու շեների վերակառուցմանը:

Որպես երախտագիտության նշանՙ Վերականգնման շարժման համադրող Վարդան Նազիրյանը Վեհափառին հանձնեց ամբողջական Հայաստանի հնատիպ մի քարտեզ, որը համալրելու է Մայր աթոռի Մատենադարանի հավաքածուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ