ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԲԱՆԻՑ ԱՌԱՋ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Չեմ ուզում անդրադառնալ նախորդ օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մեր տաղանդավոր երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանի արտասանած տխմար մտքերին: Սոցիալական ցանցերով թե այլապես նախորդ գիշերվանից ի վեր նրա ապազգային զառանցանքները քննարկվում-քննադատվում են բազմակողմանիորեն, հետեւաբար ավելացնելու քիչ բան է մնում ինձ: Բայց, կարծում եմ, անհրաժեշտ է անդրադառնալ հանրահավաքը հրավիրածների եւ առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի վարմունքին: Քաղաքական եւ ոչ միայն քաղաքական պրակտիկայում ընդունված անխախտելի կանոն էՙ քո կազմակերպած հավաքներում ամբիոնն ու բարձրախոսը չի կարելի զիջել որեւէ մեկին, որի ասելիքին ու անելիքին վստահ չես 100 տոկոսով: Մանավանդ բազմահազարանոց հավաքներում անպատասխանատու կեցվածքն ու դրսեւորումները անթույլատրելի են ու վտանգավոր, անշուշտ, եթե կազմակերպիչների նպատակն էլ հենց մթնոլորտի ապակայունացումը չէ... Որեւէ հիմք չկա Րաֆֆի Հովհաննիսյանին դիտավորյալ անպատասխանատվության մեջ մեղադրելու, մանավանդ որ նա հաջորդՙ երեկվա հանրահավաքային «ասուլիսում» իրեն տարանջատեց Հախվերդյանի տխմարություններից, թեեւ ակնկալելի էր, որ նաեւ դատապարտեր նրա արտահայտությունները, որոնք ժխտումն են վերջին 25 տարիների մեր կարեւոր նվաճումներից մեկիՙ ներազգային մեկության ու միության: Իրավունք չէինք ունենա վերջին այս շեշտադրումը եւս անելու, եթե «Ժառանգության» ղեկավարը վերոհիշյալ եւ մյուս հավաքներում ամբիոն ու բարձրախոս չտրամադրեր նաեւ որոշ այլ մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հաճախ են փաստել իրենց անպատասխանատու լինելը: Առաջին հերթին նկատի ունեմ «Բարեւի» շարժման վաղորդայնին հանկարծ «դարձի եկած» հին-նոր հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, որը 5 տարի առաջ, հենց այս օրերին, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ջղագրգիռ միտինգավորներին հրահրում էրՙ հենց նման առիթի սպասող ոստիկանության հետ բախումների: Տեսնես ո՛ր պաշտոնում է իրեն տեսնում Նիկոլը հիշյալՙ հինգշաբթի օրվա հանրահավաքում իր իսկ առաջարկած եւ Րաֆֆու կողմից ձեռաց «հանրաքվեի» դրված «ապագա կառավարության» կազմում: Երեւի գլխավոր դատախազի: Պաշտոնՙ որի գործառույթները նա իր վրա վերցրել էր դեռեւս 2008 թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ իր խմբագրած թերթի առաջին էջում բացել էր ամենօրյա հատուկ անկյունՙ «Փետրվարի 19-ին նստելու են» վերնագրով: Նրա ներկայությունը հանրահավաքային պոդյումի վրաՙ վտանգավոր է ըստ ամենայնի, հղիՙ Լինչի դատաստանի հեռանկարով: Ըստ երեւույթին, Րաֆֆի Հովհաննիսյանը չի գիտակցում այս բոլորի վտանգավորության աստիճանը: Նրա ուղեղում դեռեւս մշուշ է ու մլար: Այլապես իր տարբեր ելույթներում մեր երկրի առաջին արտգործնախարարը հանդես չէր գա հախուռն, ոչ պետական մարդու սպառնալիքներով ու հոխորտանքներով, հանդես չէր գա ընտրություններում հօգուտ իրեն չաշխատած բոլոր մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին պատժելու սպառնալիքով, կամովին հրաժարական տալու պահանջով: Այլապես նա հաթաթա չէր տա օտար երկրների պետերին ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եւ ի թիվս դրանցՙ Պուտինին, Օլանդին, Ջոն Քերիին, Բառոզուին, խրատելով նրանց, նաեւ մեր զույգ կաթողիկոսներին, ինքնաբացարկ տալու, այլապեսՙ ինքը այլեւս չի՛ հանդուրժելու... Ըստ երեւույթին, հրձիգների եւ սադրիչների ընկերակցությունը վարակիչ է: Բայց նաեւՙ շա՛տ վտանգավոր: Պրն Ր. Հովհաննիսյանը պետք չէ մոռանա, որ մեր ժողովուրդը, թե՛ իր եւ թե՛ Սերժ Սարգսյանի օգտին բոլոր ձայն տվողները, գրեթե առանց բացառության, ե՛ւ իշխանություններից ե՛ւ ընդդիմությունից պահանջում են իսկական, խորքային բարեփոխումներ: Պետք չէ մսխել, պետք չէ վտանգել այս պահը: |