ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Մ. Խ. Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի արած այն հայտարարությունը, թե պատրաստ է մեկ անգամ եւս հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի մեկնությամբՙ կառավարությունում մի քանի տեղ վերցնելու իշխանության առաջարկի հետ կապ չունի, քանի որ հանրությունը դեմ է առկա համակարգում եղած խաղի կանոններին: Այնպես որ` մի քանի պորտֆել վերցնելը իշխանափոխության ճանապարհ չէ: Իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը , ժողովրդի քվեն հափշտակելը գողություն որակելով, ասաց, թե ընդդիմադիր գործիչներից մեկը պաշտոնը նախընտրեց եւ հանցակից դարձավ իշխանություններին`: Սա հնչել է երեկ, Ազգային ժողովի ճեպազրույցներում: Ժառանգականներից «Ազգը» հետաքրքրվեց` ասում են, ներկա խորհրդարանը չի արտացոլում քաղաքական իրավիճակը, սակայն բանակցում են այդ խորհրդարանի հետ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու համար (մանավանդ` մեծամասնության ղեկավարը ասում է` կոշտ են ընդդիմության առաջարկները, ու երեւում է, որ չեն ընդունվելու դրանք), ինչ իմաստ ունի, ուրեմն, բանակցելը. «Բանակցում ենք, որ իշխանությունների ներկայացուցիչներին համոզենք, թե խորհրրդարանի խճապատկերը չի արտացոլում խորհրդարանից դուրս իրավիճակը, մենք սպասում ենք, որ իշխանությունը եւս ներկայացնի իր գրավոր առաջարկները, դա սովորական ընթացակարգ է, դրանից հետո միայն պարզ կլինի արտահերթի ճակատագիրը, համենայն դեպս այսօր-վաղն արդեն ամեն ինչ պարզ կլինի», նշեց Ռ. Հակոբյանը: Իսկ թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի անգամ չի պահանջում նախագահ Սարգսյանի հրաժարականը` ժառանգականների կարծիքով այն պահանջվել է ընտրություններով, երբ ժողովուրդն ընտրեց Ր. Հովհաննիսյանին, բացի դրանից` երեք կետով Րաֆֆին գնաց Սերժ Սարգսյանի մոտ բանակցությունների եւ այնտեղ կոմպրոմիսային առաջարկներից էր արտահերթ ընտրությունների գնալը: Իսկ հրաժարական պահանջում են նրանից, ով նախագահ է, ում նախագահությունն ընդունված է, իսկ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ խորհրդարանում տեղի ունեցողը իր հետ կապ չունի, դա հարցրին Ռ. Հակոբյանին. Ր. Հովհաննիսյանին տեղեկացրել են, նա ընդունել է ի գիտություն, միասին պայմանավորվել են, որ մյուս խմբակցությունների հետ նախաձեռնելու են արտահերթ նիստ, պարզաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բանակցությունների եւ դրանց հետ Րաֆֆու կապ չունենալու մասին ասաց հետեւյալը. դա չի կարող առանձին գործընթաց լինել հրապարակի գործընթացից եւ չազդել հասարակական տրամադրությունների վրա. «Դժվարանում եմ դա հասկանալ` որովհետեւ ո՞նց կարող է ՀՅԴ խմբակցությունն անկախ գործի իր ղեկավարությունից, եւ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Մենք խմբակցության մակարդակով կատարում ենք ղեկավարության որոշումը: Դա կուսակցության գործելաոճի հարց է, բայց ինձ համար տարօրինակ է, որովհետեւ չի կարող խմբակցությունը չներկայացնել տվյալ կուսակցությանը: ՀՅԴ-ն չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի վերջը չի տեսնում, որտեղ քայլերի տրամաբանությունը հստակ չի արձանագրված: Հստակ ծրագրի առկայությամբ միայն ՀՅԴ-ն կարող է գնալ մինչեւ վերջ այնքան, որքան ոչ ոք չի պատկերացնում անգամ: Ամեն ինչ պետք է անել, որ ԱԺ-ի նախաձեռնությունը հաջողվի, հստակ օրակարգ, ճանապարհային քարտեզ սահմանվի, եւ այդ օրակարգի իրականացումը ժամանակացույցով կատարվի», ասաց նա` հավելելով, թե գնալով ավելի է համոզվում, որ ով էլ լինի նախագահը, ինչպիսի իշխանություններ էլ գան, եթե օրակարգային խնդիրները չլուծվեն, ոչինչ էլ չի փոխվի: Իսկ ահա Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը ճեպազրույցներին հնչած տեսակետներից մի քանի րոպե անց կրկին նշեց, թե կապ չունի ԱԺ-ի բանակցությունների գործընթացի հետ, ու այն, ինչ տեղի է ունենում, խորհրդարանականների խնդիրն է, չնայած... կապի մեջ է խմբակցության պատգամավորների հետ, եթե հնարավորություն կա այդ հարցը բարձրացնելու ճանապարհով մի բանի հասնելու, ինչու ոչ: Բոլոր դեպքերում Ր. Հովհաննիսյանի երեկվա ասուլիսում նորություն չկար` ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի հնչեցնում, ընտրությունների արդյունքների վիճարկման համար ՍԴ դիմել-չդիմելը եւ անպարզ մնացած մի շարք հարցերի պատասխանն ի վերջո այսօրվա հանրահավաքում նա կտա: Ասաց, որ բոլոր գործողությունները սահմանադրական են լինելու, քաղաքապետի ընտրություններին եւ բոլոր մնացյալ ընտրություններին մասնակցության մասին դեռ կխոսվի եւ որոշումներ կկայացվեն, երբ հաղթահարվի, իր խոսքով, «համազգային այս ճգնաժամը»: Նա զգուշացրեց, թե արտաքին վտանգը պատրվակ անելով ժողովրդի հաղթանակը հեգնողները չեն հաջողելու, ու թող ոչ մեկը ժողովրդավարության դասեր չտա, եթե պատրաստ չենք ճանաչելու ժողովրդի ընտրական իրավունքը: Երեկ Ր. Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները բացօթյա երթով գնացին Մյասնիկյանի արձանի մոտ եւ ծաղիկներ դրեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին: |