ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԱՄՓՈՓԵՑ 2012Թ. ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 2012-ը Ազգային կինոկենտրոնի համար շատ բարեհաջող էր, «Ազգին» տեղեկացրեց կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը : «Բացի մեր պետական գործառույթից, որն է իրականացնել պետական աջակցությամբ իրականացվող ֆիլմերի արտադրությունը, մենք ոչ պետական միջոցներով մի շարք ծրագրեր իրականացրեցինք: Նշեմ, պետական աջակցությամբ նախատեսված բոլոր ֆիլմերը ժամանակին նկարահանվեցին»: Գ. Գեւորգյանն ասաց, որ անցյալ տարի նկարահանել են գեղարվեստական, լիամետրաժ, կարճամետրաժ, մանկական, անիմացիոն ֆիլմեր, մոտավորապես 15-16, եւ այդքանն էլ ընթացքի մեջ են: Անդրադառնալով այս տարվան, պրն Գեւորգյանն ասաց, որ ֆիլմ նկարահանելու համար ներկայացված հայտերը շատ-շատ են եղել` 50-ից ավելի. «Ուրախալի է, որ այսքան շատ հայտ են ներկայացնում, սակայն քանակի հետ խոտանն ավելանում է: Այժմ մեր անվանի ռեժիսորների հետ միասին երիտասարդ ռեժիսորներներն էլ են ֆիլմեր նկարահանում, որն ուրախալի է»: Այս տարվա ներկայացված 50 փաթեթներից պետական աջակցություն կստանա 19, որոնցից 7 կնկարահանվի այս տարի, մյուսները` հաջորդ: Եվս 11 փաթեթ, նվիրված Ցեղասպանությանը, առանձին փաթեթով ուղարկվել է մշակույթի նախարարություն, որպեսզի իրենց աջակցությամբ նկարահանվեն, նշեց Գեւորգյանը: Կինոկենտրոնի տնօրենը վրդովված ասաց. «Շատերը կինոկենտրոն են ներկայացնում գեղարվեստական գիրք, կամ ով եղել չի եղել Արցախում, պատերազմի մասին հուշեր է գրում եւ ցանկանում է ֆիլմ նկարահանել»: Անդրադառնալով միջազգային կինոփառատոների ազդեցությանը, Գ. Գեւորգյանն ընդգծեց, որ Կաննի կինոփառատոնն օգնում է, որպեսզի համատեղ արտադրությամբ ֆիլմեր նկարահանվեն, քանի որ պետական աջակցությունը շատ քիչ է: Ի դեպ, Կաննում անցյալ տարի հայկական տաղավարը շատ աշխույժ եւ մարդաշատ է եղել: Տասը օրերի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարեւոր եւ լուրջ հանդիպումներ, քննարկումներ միջազգային ճանաչում ունեցող դիստրիբյուտորական եւ պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ: Գ. Գեւորգյանն ուրախությամբ ընդգծեց, որ այսօր մենք արդեն մուլտֆիլմեր ենք նկարահանում. «Ունենք համատեղ մուլտարտադրության մի շարք օրինակներ»: Ընդգծենք, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի կինոկենտրոնների միջեւ կնքվեց համագործակցության ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի հայկական կինոնախագծերի համար համաֆինանսավորման աղբյուրներ գտնելու, որոշ կինոմասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու: Հայաստանը դարձել է նաեւ Եվրոմիության տեսալսողական օբսերվատորիայի անդամ: Եվրոպական այս կարեւոր կառույցին Հայաստանի անդամակցության մասին հայտարարվել է Ստրասբուրգում: Մեր կինոարտադրության համար շատ կարեւոր է «Եվրո-Մաժ»-ի անդամ դառնալը, որի առթիվ Գ. Գեւորգյանը «Ազգին» տեղեկացրեց. «Եվրո-Մաժ»-ի անդամակցությունը շատ մեծ հնարավորություններ է տալիս: Բարդությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն պետք է անդամակցության համար 150 հազար եվրո անդամավճար մուծի: Բայց ես բանակցություններ եմ վարել, որ առայժմ Հայաստանը կես գնով ընդգրկվի այդ կառույցում»: 2012թ. կինոկենտրոնի «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրով վերականգնվել է երկու ֆիլմ` «Երեւանյան օրերի խրոնիկան» եւ «Ապրեցեք երկար» ֆիլմերը: Կինոկենտրոնն անցյալ տարի մասնակցել է հետեւյալ փառատոներին` Մինսկի միջազգային, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Աուստրին քաղաքում «Քրիստոնեական», Սիեթլի միջազգային, Ֆրանսիայի Աննեսի քաղաքում կայացած միջազգային անիմացիոն, Մոսկվայի 34-րդ միջազգային եւ էլի մի շարք փառատոների: 2012թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ հանրահայտ RUSCICO դիստրիբյուտորական ընկերության միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր, որով արդեն սկսվել են հայկական դասական ֆիլմերի վերականգնման, գունավորման եւ համաշխարհային տարածաբաշխման աշխատանքները: Կինոկենտրոնի կարեւոր նախաձեռնություններից էր նոր պարբերականի` «Կինոաշխարհ» ամսաթերթի հրատարակումը, որը հնարավորություն է տալիս ընթերցողին ծանոթանալու ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կինոաշխարհում կատարվող իրադարձություններին: Շուտով թերթը կունենա նաեւ պաշտոնական կայք: |