RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-01 23:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2748, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 131

«Budapester Zeitung». «ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունգարիայի մայրաքաղաքում լույս տեսնող գերմանալեզու «Բուդապեշտեր ցայթունգ» («Budapester Zeitung») շաբաթաթերթի փետրվարի 24-ի համարից տեղեկանում ենք, որ տեղի հայ համայնքը փետրվարի 12-ին հիշատակել է 2004-ին Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցըՙ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի առջեւ տեղադրված նրա լուսանկարի առջեւ մոմեր վառելով, աղոթելով: Միջոցառումից հետո համայնքի անդամները հավաքվել են հայ մշակույթի կենտրոնումՙ հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների արդի վիճակի մասին բանավիճելու: Թերթը հիշեցնում է, թե հայ սպային կացնահարած Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո խիստ քննադատության թիրախ է դարձել ոչ միայն մարդասպանին հերոսացնող Ադրբեջանը, այլեւՙ Հունգարիան: Հայ համայնքի փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը շաբաթաթերթին հայտնել է, թե Հունգարիան ցանկություն չի արտահայտում դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու առաջարկի հանդեպ, ինչը փաստում է նաեւ խորհրդարանի անտարբերությունըՙ իրենց միջոցառման հրավերին չեն արձագանքել: «Եվրոպացին Արեւելքն ու նրաՙ պատմությունը հաճախ խեղաթյուրող բնակչին չի ճանաչում», ասել է Ավանեսյանըՙ դրական նկատելով, սակայն, հունգարական որոշ համայնքներիՙ Հայաստանի քաղաքների հետ գործընկերային կամուրջներ կառուցելու ցանկությունը:

«Այն, ինչ Հունգարիան է անում, քաղաքական ցինիզմ է», ասել է հայ համայնքի փոխնախագահ Նիկողոս Հակոբյանըՙ մանրամասնելովՙ ադրբեջանցի ուսանողներին կրթաթոշակի միջոցով Հունգարիա են բերելու:Դրա դեմ բողոքելու ենք»: Իսկ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլ հետաքննություն է անցկացվելու: «Սաֆարովի արտահանձման ժամանակ ամեն ինչ չէ, որ համապատասխանել է պայմանավորվածություններին, Օրբանը դե ֆակտո ներում է շնորհել Սաֆարովին միայն այն բանի համար, որ Ադրբեջանը նրան ու ողջ աշխարհին նավթ է խոստացել: Այդքան նավթ Ադրբեջանը չունի», նկատել է տվել Հակոբյանը: Հայ համայնքի նախագահ Սեւան Սարգսյանն էլ շաբաթաթերթին հայտնել է, թե «շատ տխուր է տեսնել այն հանգամանքը, որ Հունգարիան գործը փակված է համարում»: Հունգարական արդարադատությունը սխալ է գործել, թերթին կարծիք է հայտնել հունգարահայ համայնքի իրավաբան նախագահը, քանի որ Սաֆարովն իր արարքի համար չի զղջացել: Ադրբեջանում կմտածեն, թե կարող են Հունգարիայում հայ սպանել ու գրեթե ոչինչ չի լինի: Քննադատական կեցվածք ունենք նաեւ Հունգարիայի ադրբեջանական համայնքի հանդեպ, որ հետապնդում է հակահայկական այս քարոզչությունը: Իսկ Հունգարիան նախընտրում է լռության մատնել այն ամենը, ինչ Հայաստանին է առնչվում», Սեւան Սարգսյանի բառերով է եզրափակել իր հրապարակումը «Բուդապեշտեր ցայթունգը»ՙ իր «Վերականգնման ցանկություն չի նկատվում» վերնագրյալ հրապարակման մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ