«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 70 ՀԱԶԱՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է ՄՆԱՑԵԼ» Հ. ՉԱՔՐՅԱՆ «Մինչդեռ 1915-ից առաջ յուրաքանչյուր 9-րդ բնակիչ քրիստոնյա էր» «Ազգի» փետրվարի 28-ի համարում «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպում Անկարայում» վերնագրով հրապարակման մեջ նշել էինք, որ դա անցկացվել է փետրվարի 25-ին վարչապետ Էրդողանի գրասենյակում, ներկայությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Հանդիպմանը մասնակցել են Անկարայի մուֆթին, Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքը, Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը, Թուրքիայում հրեաների գլխավոր ռաբբին, ասորական Մար Գաբրիել վանքի մետրոպոլիտը, Թուրքիայի կաթոլիկ ասորիների պատրիարքի փոխանորդը, Թուրքիայի բողոքական եկեղեցիների միության խորհրդի ներկայացուցիչը: Հանդիպմանը ներկա չեն եղել ալավիները: Քանի որ Անկարայի մուֆթին սուննի է, իսկ ալավիներըՙ շիա, ուստի մահմեդականներն այստեղ կիսատ են ներկայացել: Այլ կերպ, Թուրքիան առ այսօր համառում է որպես կրոնական խմբավորում ճանաչել ալավիներին, որքան էլ նրանք շուրջ 20 միլիոնի հասնող բնակչությամբ լինեն երկրի խոշորագույն համայնքը այդ խմբավորումների մեջ: «Հայթերթում» ինչպես հանդիպմանն ու ալավիների բացակայությանը, այնպես էլ Եվրոմիության գծով նախարար Էգեմեն Բաղըշի վերջին ամբարտավանություններին է անդրադարձել Զեյնեփ Թոզդումանը: Ահա թե ինչ է գրել հեղինակը. «Թուրաբդինը առյուծների օրրանն է, աղվեսներն այնտեղ մտնել չեն կարող» վերնագրով հոդվածում. «Այս հոդվածում ուզում եմ անդրադառնալ ասորի ժողովրդին վշտացնող երկու դեպքին: Եթե հիշում եք, հունվարի 16-ին ԵՄ-ի գծով նախարար Էգեմեն Բաղըշը Ստոկհոլմի թուրքական հյուպատոսարանում հանդիպել եւ անարգել էր ասորի ժողովրդի ներկայացուցիչներին: Ակնարկելով Շվեյցարիայի խորհրդարանում 1915-ի ասորիների ցեղասպանության ճանաչման մասին, նախարար Բաղըշն ասել էր. «Եվրոպայում եւ Շվեդիայում զբաղվում եք Սեյֆոյի (1915-ի ասորական ցեղասպանություն) ճանաչման երազախաբությամբ: Շվեդիան, որ ճանաչեց, մի բանի հասա՞ք»: Իրականում, պարոնայք, երազախաբությամբ դուք եք զբաղվում, ժխտելով ասորիների ջարդը: Էլ ինչպես անվանել շվեդական խորհրդարանի անդամ, ասորի Յըլմազ Քերիմոյին այլ երկրում հայրենիքից կիլոմետրերով հեռու սաստելու արարքը: Թե նախարարը հասկացնում էր. «Արտերկրում խելոք կմնաք, այլապես հայրենի երկրի երեսը չեք տեսնի եւ ես ձեր գլխին կփլեմ ասորական բոլոր վանքերը»: Նախարարին անվայել, անամոթության դրսեւորում հանդիսացող այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան մեր երկրում թվաքանակը 18 հազարի կրճատված ասորիներին իրենց 6-հազարամյա հայրենիքից վտարելու նկրտում: Երկրորդ դեպքը, որ ուզում եմ ուշադրության ներկայացնելՙ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելիՙ վարչապետ Էրդողանի ուղեկցությամբ դռնփակ հանդիպումն էր Թուրքիայի կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ, որի վրա իր կնիքն է թողել Մար Գաբրիել վանքի մետրոպոլիտը: Ալավիներինՙ 20-միլիոնանոց համայնքին, հանդիպմանը գիտակցաբար չէին հրավիրել: Մետրոպոլիտ Սամուել Աքթաշը, հրավիրելով այնտեղ երկու վարչապետների ուշադրությունը Մար Գաբրիել վանքի վրա, պահանջել է լուծել առգրավված վանքապատկան կալվածքի հարցը: Նա այս երկրում անընդհատ հալածվող քրիստոնյա հոգեւորականներից մեկն է միայն: Այնքան է զզվել հալածանքներից, որ իր 80 տարվա կյանքն այս վանքում անցկացրած մետրոպոլիտն ընդվզել է վերջապես: Գուցե ցանկացել է իրազեկել Գերմանիայի կանցլերին այն հալածանքների մասին, որը շարունակում է կրել ասորի ժողովուրդը: Չէ՞ որ 1600 տարվա պատմություն ունեցող այդ վանքն ասորական է, դրա վերադարձը բուն տերերինՙ ավելին քան բնական: Ցավոք, այս երկրում ասորիներին, ինչպես հայերին ու եզդիներին, բաժին է հասել նռնենին, եւ նրանք նռան հատիկի պես սփռվել են աշխարհով մեկ: Անընդհատ հարված են ստանում: Մի օր Սամաթիայում հայերին, հաջորդ օրը Մար Գաբրիել վանքի միջոցով ասորիներին, հետո ալավիներին, իսկ վերջին 30 տարիներին էլ քրդերին են հարվածում: Միեւնույն է, դուք ոչնչանալու եք հարվածելով, իսկ մենք հարվածների տակ աճելու ենք: Մշտական կոտորածների, հալածանքների, ճնշումների հետեւանքով քրիստոնյաների թիվը այս երկրում կրճատվել է 70 հազարի: Մինչդեռ, 1915-ից առաջ յուրաքանչյուր 9-րդ բնակիչ քրիստոնյա էր: Մենքՙ ասորի ժողովրդի բարեկամներս, պայքարելու ենք, որ Մար Գաբրիել վանքը հանձնվի բուն տերերին եւ թույլ չենք տալու աղվեսներին ներթափանցել առյուծների օրրանը»: |