ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸՙ ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9939 գործարք, ինչը 45,3 տոկոսով ցածր է 2012-ի դեկտեմբերի եւ 2 տոկոսով ավելի 2012-ի հունվարի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 35,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատՙ 17,9 տոկոսով: 3095 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 77,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 35,5 տոկոսն արձանագրվել է Երեւանում: Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 58,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի դեկտեմբերի համեմատ, 2013-ի հունվարին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 37,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` 29,9 տոկոսով: Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել. Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հունվար 2012 թ. | Միջին գները (դրամ) հունվար 2013 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2012 թ. | Կենտրոն | 400790 | 422050 | 421000 | Արաբկիր | 335300 | 350000 | 349500 | Քանաքեռ-Զեյթուն | 260800 | 279100 | 278000 | Նոր Նորք | 226908 | 243050 | 242850 | Ավան | 236248 | 255000 | 250000 | Էրեբունի | 234930 | 243500 | 242600 | Շենգավիթ | 230464 | 249100 | 248200 | Դավթաշեն | 255952 | 269100 | 268500 | Աջափնյակ | 221586 | 240500 | 239000 | Մալաթիա-Սեբաստիա | 220700 | 235000 | 234100 | Նուբարաշեն | 140100 | 145100 | 145000 | Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 251250 | 266400 | 265300 |
Մարզերում հունվարին վաճառվել են 302 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատՙ 23,7 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Արմավիրըՙ 119 հազար դրամ, Գորիսըՙ 117 հազար դրամ, Իջեւանըՙ 116 հազար դրամ, Աշտարակըՙ 114 հազար դրամ, Մասիսըՙ 112 հազար դրամ, Ջերմուկը` 110 հազար դրամ, Եղվարդը, Գյումրին, Դիլիջանը` 109 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: 2013-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 312 գործարք, որից 85-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 46,9 տոկոսով, իսկ մարզերում` 41,5 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ի հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել. Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հունվար 2012 թ. | Միջին գները (դրամ) հունվար 2013 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2012 թ. | Կենտրոն | 459800 | 471100 | 470700 | Արաբկիր | 370100 | 378100 | 377400 | Քանաքեռ-Զեյթուն | 275000 | 291100 | 290000 | Նորք-Մարաշ | 302000 | 314000 | 313700 | Ավան | 249100 | 267050 | 266800 | Էրեբունի | 219800 | 235000 | 234400 | Շենգավիթ | 239500 | 251000 | 250600 | Դավթաշեն | 258000 | 271700 | 271100 | Աջափնյակ | 236800 | 244100 | 243800 | Մալաթիա Սեբաստիա | 220500 | 234300 | 234300 | Նուբարաշեն | 144800 | 147600 | 147300 | Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 270500 | 282300 | 281800 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 154 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 135 հազար դրամ, Նոր Հաճընը, Գորիսը ՙ 129 հազար դրամ, Իջեւանըՙ 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրինՙ 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հունվարին 2012-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը աճել 2,6 անգամ, Երեւանում` 8 տոկոսով: 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 29,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 19,7 տոկոսով: Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 69 գործարքներ, որից 42-ը` Երեւանում: 2012-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 66,7 տոկոսով, այդ թվում Երեւանում` 70,2 տոկոսով, իսկ մարզերում` 59,1 տոկոսով: 2012-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 3,2 անգամ, իսկ մարզերում` 3,9 անգամ: Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները մնացել են առանց էական փոփոխությունների, իսկ գործարքների քանակը նվազել է, ինչը բնորոշ է տնտեսական ցածր ակտիվություն ունեցող հունվար ամսվա համար: |