ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ Վ. Ա. Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Սելջուկ Չաղլաիան անունով մեկին: Ձերբակալությունը կատարվել է նրա բնակարանում, վաղ առավոտյան: Սա այն անձնավորությունն է, որը Ստամբուլում դիմավորել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի մտերմուհուն` Սեինջ Բաբաեւային: Անցյալ տարեվերջին Բաբաեւան Ստամբուլի կլինիկաներից մեկում «մահացել է սրտային անբավարարությունից»: Նրա մահվան փաստով Ստամբուլ մեկնած ադրբեջանցի իրավապահներին թուրքական կողմը թույլ չի տվել խուզարկել հանգուցյալի բնակարանը: Թուրքական ոստիկանությունը հիմք է ընդունել հանգամանքը, որ մահացածը Թուրքիայի քաղաքացու անձնագիր է ունեցել եւ իրավաբանորեն հանդիսացել Մերիեմ Սոլմազ: Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները չեն արգելել, որ «Թուրքիայի քաղաքացի Մերիեմ Սոլմազի» դիակը տեղափոխվի եւ հողին հանձնվի Բաքվում, որտեղ, ինչպես իրազեկ աղբյուրներն են նշում, քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում մահը ձեւակերպվել է Սեինջ Բաբաեւայի անունով: Սելջուկ Չաղլաիանի ձերբակալությունը, վստահաբար կարելի է ասել, կապված է Մերիեմ Սոլմազ- Սեւինջ Բաբաեւայի առեղծվածային մահվան հետ: Իսկ եթե ավելացնենք, որ Գյուլար Ահմեդովան երկամսյա կալանքի է վերցվել, ապա թերեւս հնարավոր է ինչ-որ կապ տեսնել նրա եւ Չաղլաիանի միջեւ: Ավելի պարզ ասած, կասկածվում է, որ Սեւինջ Բաբաեւան թունավորվել է: Եվ դա տեղի է ունեցել Գյուլար Ահմեդովայի հրահանգով, իրականացնողն էլ եղել է Սելջուկ Չաղլաիանը: Ինտրիգը նրանում է, թե արդյո՞ք թուրքական կողմը գործում է ադրբեջանական իրավապահների հետ համաձայնությամբ, թե՞ ինքնուրույն: Եթե կողմերի միջեւ ամեն ինչ համաձայնեցված է, եւ Գյուլար Ահմեդովան պետք է դառնա քավության նոխազ, ապա Սելջուկ Չաղլաիանի ձերբակալությունը պաշտոնական Բաքվին որեւէ անհանգստություն չպետք է պատճառի: Բացառված չէ, սակայն, որ թուրքական ոստիկանությունը Չաղլաիանին ձերբակալել է, որպեսզի «գյուլագեյթը» կոծկելու շանսից զրկի Իլհամ Ալիեւին: Չէ՞ որ եթե ապացուցվի, որ Սեւինջ Բաբաեւան «սպանվել է», եւ կազմակերպիչն է եղել Գյուլար Ահմեդովան, ապա շղթան կարող է ձգվել դեպի իշխանական բուրգի գագաթ: Իսկ այնտեղ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է, որին Բաքվի նախկին միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Աբդուլլաեւը մեղադրում է «մահվան էսկադրոն»-ներ ստեղծելու եւ ղեկավարելու մեջ: Երեկ Աբդուլլաեւը տարածել է հերթական տեսահոլովակը, որի հերոսը Իլհամ Ալիեւի անվտանգության ծառայության աշխատակից է: Նա Աբդուլլաեւի առեւանգված եղբորից «մի լուր բերելու» դիմաց 3000 դոլար է շորթում եւ տեղեկացնում, որ նա «գտնվում է Չեչնիայում»: Նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի անվտանգության ծառայություն, Միլլի մեջլիսի պատգամավոր` բոլորը խառնված են կոռուպցիոն «պրոեկտ»-ներում: Եվ անսպասելիորեն գործին խառնվում է երկրորդ երկիրը: Որքան էլ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական են, Անկարան կուզենար Բաքվի դեմ ունենալ կոմպրոմատ: Սելջուկ Չաղլաիանի ձերբակալությամբ կարծես հնարավորությունը որոշակիանում է: |