RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



Տեղադրվել է` 2013-03-01 23:51:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1724, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 78

«ԽՈՋԱԼՈՒ». ԱՊԱՇԽԱՐԵԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Զերկալո»-ի մեկնաբանը մի «լավաշ» հոդված է նվիրել արտգործնախարար Նալբանդյանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ օրերս կայացած հանդիպմանը (տե՛ս http://www.zerkalo.az/ 2013/nalbandyan-predlagaet-zhit-po-hristianskim-kanonam): Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանցի գրող Այլիսլիի մասին Նալբանդյանի ասածին: «Ճիշտ է արել (Նալբանդյանը): Մեզ երեւի դեռ երկար կհիշեցնեն այդ մասին: Մենք հիմարություն ենք արել, համարյա ինչպես միշտ: Բայց մեծ հաշվով գտնվել է մի ադրբեջանցի խաղաղարար, համերաշխության եւ խաղաղության կողմնակից, ընդ որում` անվանի: Իսկ ո՞ւր են հայ խաղաղարարները: Չէ՞ որ Այլիսլին անձամբ է խնդրել, որպեսզի նրանք հայտնվեն (՞- Վ. Ա.): Նույնիսկ մատնացույց է արել ապաշխարանքի առարկան` Խոջալուն: Ոչ ոք չհայտնվեց»,- գրել է ադրբեջանցի մեկնաբանը:

Կարո՞ղ է Խոջալուն «ապաշխարանքի առարկա» լինել հայերիս համար:

Մենք այդ թեմայով մի շարք հրապարակումներ արել ենք: Օգտագործել ենք բացառապես ադրբեջանական աղբյուրներ: Օրերս modern.az-ը ներկայացրել էր «Խոջալուում երկու ծնողներին կորցրած» Համայիլ Խալիլովայի «հուշերը»: 1992-ի փետրվարին Համայիլը 6 տարեկան է եղել: Նրա անունից պատմվում է, որ իրենց ընտանիքը` հայրը, մայրը, տատը եւ երեք աղջիկ երեխաները Խոջալուից դուրս են եկել անվտանգ, հետո «անտառում մոլորվել, իրար կորցրել են, ինքը եղել է հոր հետ»: Անտառից դուրս են եկել, «քայլել դեպի Աղդամ, բայց երբ քիչ էր մնացել, որ հասնեին, հայրը կրծքավանդակին չորս գնդակ է ստացել»:

Շարունակությունը զուտ «գեղարվեստական» է` ինչպես «հայրը մոտեցած բարեկամներին խնդրել է, որ աղջնակին ողջ-առողջ մորը հասցնեն», ինչպես է ինքը «մի քանի անգամ խմբից փախել-մոտեցել վիրավոր հորը, ուղղել նրա գլխարկը» եւ այլն: «Հետո մեզ դիմավորեցին զինվորական հագուստով երիտասարդ մարդիկ եւ մեզ տարան Աղդամ»,- եզրափակել է Խալիլովան: Մոր մահվան մասին նա լսել է արդեն Աղդամում:

Հավատո՞ւմ է «Զերկալո»-ի մեկնաբանը, որ 6-ամյա աղջնակը կարող էր իմանալ, թե քանի՞ գնդակից է խոցվել հայրը: Եվ ամենակարեւորը` եթե Խոջալուի խաղաղ բնակիչները «ընկել են հայերի փոթորկալի կրակի տակ», եթե «մարդկանց գնդակահարել են դիմահար կրակով` չխնայելով մանուկներին, ծերերին եւ կանանց», ինչպես Խոջալուի մասին պնդում է Ադրբեջանի պետական քարոզչությունը, ապա ինչպե՞ս է փրկվել հոր ձեռքը բռնած, նրա հետ կողք կողքի քայլած Համայիլը, ինչո՞ւ նա հորից բացի մի երկրորդ մարդու մահվան ականատես չի եղել եւ այդ մասին ոչինչ չի պատմել:

«Չկար էլեկտրականություն, գազ»,- Խոջալուի մասին հիշել է գյուղի բնակիչներից մեկը: www.erevangala500.com հղումով «Զերկալո»-ի մեկնաբանին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Խոջալուի դատախազ» Աթաքիշի Աթաքիշիեւի վկայությանը, որ գյուղի էլեկտրականությունն անջատել են իրենք, որպեսզի «Ստեփանակերտի զրահատեխնիկայի վերանորոգման գործարանը չաշխատի»: Խոջալուցի «գերի» Վալեհ Հուսեյնովը վկայում է, որ 1992 փետրվարի 25-ի երեկոյան գյուղում մնացած մարդիկ, «լսելով կրակոցներ, հրճվել են` ենթադրելով, որ Աղդամից հարձակվել են Ասկերանի վրա» (տես` http://www.contact.az/docs/2012/Want%20to%20Say):

Այսպես կարելի է երկար շարունակել: Բայց` եւս մեկ հղում. obyektiv.tv-ի արխիվում «Զերկալո»-ի մեկնաբանը կարող է գտնել ԱԺՃ նախկին առանցքային դեմքերից մեկի, ներկայումս «Ազգային անկախություն» կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովի վկայությունը, որ «դեռեւս 1991-ի աշնանը արտասահմանից Նախիջեւան է հասցվել 1500 ավտոմատ, որից 500-ը անձամբ իր կողմից հատկացվել է Խոջալուին»: Կրկնենք, 500 ավտոմատ Խոջալուին է հանձնվել 1991-ի աշնանը: Իսկ ադրբեջանական քարոզչությունը խոսում է «լիովին անպաշտպան» բնակավայրի մասին:

Վերջապես, նույն մեկնաբանը նախորդ հրապարակման մեջ արդարացիորեն գրել է, որ «Մութալիբովը չէր կարող էվակուացնել Խոջալուի խաղաղ բնակիչներին, նրան իսկույն կմեղադրեին «քաղաքը» (չակերտները մերն-Վ. Ա.» հանձնելու մեջ: Ինչ-որ մեկին, հետեւաբար, պետք է եղել, որպեսզի Խոջալուում խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ լինեն: Եվ երբ փետրվարի 25-ին դա տեղի չի ունեցել, այդ ինչ-որ մեկը Խոջալուից 15 կմ. հեռավորության վրա վայրագություններ է գործել: Այդ ինչ-որ մեկի ինքնությունը պարզելու մեջ է խնդիրը, ոչ թե նրանում, թե ով ավելի բարձր կգոռա «մանկասպանության» մասին:

Դա նաեւ «Զերկալո»-ի մեկնաբանի խնդիրն է` պահանջել, որպեսզի իր երկրում բացվեն արխիվները: Մասնավորապես` եթե Ադրբեջանի գլխավոր դատաբժիշկը ստորագրել է 181 դիակի փորձաքննության փաստաթուղթ, ապա ո՞րն է Խոջալուի «613 զոհերի» մասին տեղեկատվության հիմքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ