ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ... ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-2008 թթ. ՀՀ գյուղնախարարի խորհրդական ՀՀ բարձրագույն ղեկավարության մեջ ամրագրված մի մոտեցում կա. պաշտոն ստացող յուրաքանչյուր ոք հարկ է համարում ընդգծել, որ իր ստանձնած կառույցում մասնագիտական գերազանց ներուժ կա եւ իր նպատակն է լավագույնս ուղղորդել այն պետական խնդիրների կատարմանը: Բայց արի ու տես, ասենք, հանրության հիմնական ուշադրության կենտրոնում գտնվող ՀՀ նախարարությունների պարագայում, տարիներն անցնում են, դրանց աշխատակազմերի պայմանները բարելավվում, արտերկրներ ուղեւորություններն ավելանում, իսկ ցանկալի արդյունք կամ դրան մոտեցող վիճակ չի ապահովվում: Եվ մեր մարդիկ, որոնք հույսի էին տրվել, չխոսելով լավատեսության մասին, հուսալքություն են ապրում, նեղսրտում ու անտարբեր դառնում, մի մասն էլ երկրից թողնում հեռանում: Մոտեցումս խիստ գնահատողների համար փորձեմ հետագա ասելիքս հիմնավորել մերօրյա փաստարկումներով: Մեզանում մտայնություն կա, որ մեր երկիրը պարենային ապահովության ու անվտանգության առումով խնդրահարույց է, կապված հողային կարողունակության հետ, որը մեր պաշտոնական եւ մասնագիտական միտքը ամփոփում է Հայաստան երկիրը սակավահող հռչակելով: Նման մոտեցման հեղինակներն իրենց նեղություն չեն տալիս պարզելու, թե ինչպես են այսօրինակ պարագայում գործում Հայաստանից շատ առավել անբարենպաստ, սակայն բարեկեցիկության առավելագույն մակարդակում ապրող երկրները, ասենքՙ Բելգիան, որը մեր տարածքն ունի, փոխարենըՙ 10 մլն լավագույնս սնվող բնակչություն: Տողերիս հեղինակը այլեւայլ տեղեկատվությանը զուգահեռ ծանոթացավ «Հայկական սովետական հանրագիտարանի» 2-րդ հատորում տեղադրված Բելգիային նվիրված նյութին: Առաջին իսկ վայրկյանից տարօրինակ մի փաստ է նշված. երկրի գյուղատնտեսական հողատարածության 2/3-ը հատկացվում է կերային կուլտուրաների մշակմանը, պարզ ասածՙ անասնակերին: Իսկ ո՞ւր մնաց պարենային ցորենը, Բելգիայի հարգելի կառավարիչներ. չէ՞ որ ինչքան էլ հացի սպառումը քիչ լինի, այդուհանդերձ կա, գումարած մակարոնեղենի ու հրուշակեղենի համար պահանջվող ալյուրի քանակը: Կատակ բան չէ 10 մլն մարդկանց անգամ նվազագույն պահանջները բավարարելը, որի համար մի քանի մլն տոննա հացահատիկի արտադրություն է անհրաժեշտ, որը դուք անասնակերով եք փոխարինել: Համաշխարհային այսօրինակ տեղեկատվությանը ծանոթանալով պարզվում է, որ այս ուղղությամբ առաջնորդվել են տասնամյակներ առաջ Բելգիայում եւ մինչեւ մեր օրերն իրենց պարենային ապահովությունը առավելագույնս կարգավորած տասնյակ երկրներում, որոնց շարքում է, ասենք, մերոնց որակմամբ սակավահող, երբեմնի խնդրահարույց Չինաստանը: Հարցն այն է, որ ամենուր, երկիրը հողազուրկ լինի թե ցրտաշունչ, փոքր թե մեծ, խնդիր է համարվում կենդանական ծագման սննդամթերքների ու դրանց հումքի արտադրությունը, ուր որոշիչ պայման է գործընթացը երաշխավորող խոշոր կաթնամսատու անասնատեսակների որոշակի գլխաքանակի լիարժեք կերակրումը: Այս պարզ գործընթացի իրականացումը հանրությանն ապահովում է առաջնահերթ համարվող կաթնամսամթերքներով, որոնց բավարար քանակի ու որակի սպառումն էլ բարերար հանրային միջավայր է ստեղծում: Մերօրյա միակուսակցական Չինաստանը կարծես ասվածի օրինակ է: Ահա սա է, որ չունի նորանկախ Հայաստանը եւ գյուղոլորտում իրականացվող այսօրվա գործընթացների հետեւանքով չի էլ ունենա մեզանում տիրապետող մտայնության պատճառով: Ասվածը հիմնավորելու համար հարկ է ընդամենը ծանոթանալ ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության համար պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեությանը: «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» անվանումով մի փաստաթուղթ ՀՀ կառավարությունը հաստատել է 2004-2015 թթ. համար. տարիներն անցել են, իսկ մեր առեւտրային ցանցի առաջարկներում գրեթե ոչինչ չի փոխվել, երշիկեղենի ու մսատեսակների, կաթնամթերքների, բուսական ու կենդանական յուղերի, հատիկաընդեղենի, ալյուրից արտադրատեսակների, մի խոսքովՙ մեր սպառած սննդատեսակների գերակշիռ մասը կամ արտասահմանյան ծագման են, կամ ներկրված հումքից պատրաստված: Եվ հարցը, թե ինչո՞ւ, հնչում է ինքնաբերաբար: Ինչու՞ պարոնայք. հայ հանրությունը հավատա՞ այն լուրերին, ըստ որոնց այս վիճակն ստեղծվում է ներկրողների շահերը սպասարկելու նպատակով, որոնք հեռավոր երկրներից Հայաստան հասցված մթերքներն ու դրանց վերամշակումները տեղականի համեմատ կես գնով վաճառելով անգամ կրկնակի շահ են ստանում: Ինչո՞ւ այս հնարավորությունը չի ստեղծվում հայ անասնապահի համար, փոխարենն առաջնահերթ է համարվում խաղողի ու բանջարաբոստանային մշակաբույսերի խթանումը, ինչ է թե մի քանի վերամշակողների արտադրածը արտերկրներ ուղարկվեն: Չէ՞ որ զավեշտ է այն հայտարարությունը, թե ՀՀ գյուղոլորտն ապահովում է երկրին անհրաժեշտ պարենմթերքների զգալի մասը, անգամ 80 տոկոսը. այս պարագայում ինչո՞ւ է հայ գյուղացին ընչազուրկ վիճակում, զրկված իր գործն ունենալու նվազագույն հնարավորությունից: Խաղողագործության ավանդույթներ ունեցող երկրներում 1-2 հա այգի ունենալը բավարար է, որ խաղողագործն իր ընտանեկան գինին արտադրի, մատչելի գնով տեղում վաճառի, ժամանակի ընթացքում էլ համաշխարհային շուկա դուրս գա: Ավստրիայում մի գյուղական համարվող, 150 նստատեղով ընտանեկան ռեստորանում եմ եղել, ուր մատուցվածը հիմնականում սեփական տնտեսության արտադրանքն էր, բացառությամբ սուրճի ու արեւադարձային պտուղների, որոնք այդ երկրում չեն աճում: Ուրեմն ինչո՞վ են արդարացված մեզանում փոքր ու միջին գործարարությունը խթանելու իշխանական հայտարարությունները, երբ զուգահեռաբար կառուցվում են գերհզոր երկրներին հատուկ վերամշակող գործարաններ, որոնք ուղղակի խժռում են հայ հողագործի ստեղծած նվազագույն բարիքները: Ամանորի նախօրեին խոշոր եղջերավորի հարկադիր սպանդ իրականացվեց անասուններին ձմռանն անհրաժեշտ կերի բացակայության պատճառով, եւ մսի գնի թանկացում չարձանագրվեց: Սակայն գլխաքանակի նվազումը զգալ կտա առաջիկայում: Մեզանում որեւէ հիմնավոր բացատրություն չունի խոզի մսի գինը, որը արտերկրներից ներմուծվածի գրեթե կրկնակին է: Ինչո՞վ է արդարացված մեր շատ ու շատ պաշտոնյաների աշխատանքը, երբ Չինաստան կատարած բազմաթիվ այցելություններում տեսնելով տեղական մսամթերքներով ապահովվածության չինական իրողությունը, դրանք չեն փորձում մեր երկրում արմատավորել: Փաստ է, չէ՞, որ աշխարհում վերջին տարիներից յուրաքանչյուրում արտադրվող 100 մլն տոննա խոզի մսի 50 մլն տոննան չինական ծագում ունի, հայաստանցիներս էլ այդ մսատեսակի հանդեպ անտարբեր չենք, ասել է թե իրացման խնդիր չկա: Արդեն հիշատակված «Ռազմավարությունում» 2010 թ. խոզի մսի արտադրություն նախատեսված էր 20 հազար տոննա, հազիվ ապահովվել է 7 հազար տոննա: Միջանկյալ 2010 թ. համար կանխատեսված 690 հազար գլուխ խոշոր եղջերավորի ու 185 հազար խոզի դիմաց 2012-ի հունվարի 1-ի դրությամբ այս անասնատեսակների գլխաքանակը համապատասխանաբար եղել է 600 հազար եւ 115 հազար, երբ իրական պահանջը դրանց կրկնակին է: Կանխատեսված 1,3 մլն մանր եղջերավորի դիմաց հազիվ 600 հազար ոչխար կա: Այս օրերին հնչող այլեւայլ կարգախոսներն այսօրինակ տնտեսական խնդիրների առկայության պարագայում որեւէ ոգեւորություն չեն ստեղծում: Չէ՞ որ այս վիճակը կարելի էր գոնե մասամբ բարեփոխել, գյուղացուն շարունակական աշխատանքի տեր դարձնել, արտերկրներ մեկնած մեր մարդկանց ուղարկած գումարները երկրում շրջանառել, նպաստել գյուղի իրական բարեփոխմանն ու գյուղաբնակին հույս ներշնչել, այդկերպ իրականացնել իրական բարեփոխումներ ու կանխել գյուղնախարարությունը լուծարված տեսնելու որոշ շահառուների մտայնությունը: Հ. Գ. Սույն մտորումները շաբաթներ առաջ էի թղթին հանձնել: Այս ընթացքում ՀՀ կառավարությունը 2013 թ. համար հաստատեց հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու եւ սերմացուի պահանջարկը բավարարելու 700 մլն դրամ արժողությամբ ծրագիրՙ «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» միջոցառման շրջանակում: Խոսքն ընդամենը հողօգտագործողների անզորության պատճառով չմշակվող վարելահողերում հիմնականում խոտատեսակներ առվույտի ու կորնգանի սերմերի տրամադրման մասին է: Թե ՀՀ գյուղնախի մասնագետները որ երկրի օրինակով են վարելահողերը խոտի աճեցման տարածքների վերածում, անհայտ է: Կայացած գյուղոլորտ ունեցող երկրները հողերն օգտագործում են խոտի համեմատ բազմակի արդյունավետություն ապահովող մշակաբույսերի աճեցման նպատակով, որն էլ հավելյալ արժեք է ապահովում: Այնպես որ դեռեւս ուշ չէ հետեւել համաշխարհային գործընթացներին, ՀՀ վարելահողերը խոտհարքների չվերածել, հողօգտագործողներին էլ հերթական փորձության չենթարկել: ՀՀ տարածքի մոտ 30 տոկոսը կազմող 840 հազար հա խոտհարքների ու արոտավայրերի իրական արժեքը վերջերս մասամբ տվեց հարեւան երկրի դեսպանը: Մեր մասնագետների լռությունը հարկ է համաձայնության ապացույց համարել: Եվ հարցըՙ ինչո՞ւ առավել արդյունավետությամբ չենք առաջնորդվում, հնչում է ինքնաբերաբար: |